Լրահոս
Օրվա լրահոսը

Գարեգին Երկրորդը Միչիգանի ՀԲԸՄ «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին պատգամեց ձեռք բերած գիտելիքները ծառայեցնել հայրենիքի առաջընթացին

Սեպտեմբեր 26,2025 16:54

Սեպտեմբերի 26-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Միչիգանի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) «Ալեք և Մարի Մանուկյան» ավագ դպրոցի աշակերտներին՝ ուղեկցությամբ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ տիար Վազգեն Յակուբյանի։

Հանդիպմանը տիար Յակուբյանը, հայցելով Նորին Սրբության օրհնությունը, ընդգծեց, որ ուխտագնացության նպատակն է զորացնել սփյուռքի հայորդիների կապը հայրենիքի և Եկեղեցու հետ, ծանոթացնել նրանց հայ մշակույթին և հոգևոր ժառանգությանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր հայրական օրհնությունը բաշխելով աշակերտներին, գնահատանք հայտնեց ՀԲԸՄ-ի պատասխանատուներին և դպրոցի տնօրինությանը նման նախաձեռնության համար, ինչը լավագույնս պիտի ծառայի ազգային ապրումների ու եկեղեցասեր ոգու զորացմանը։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ մեծ շնորհ ու պատասխանատվություն է լինել «Ալեք և Մարի Մանուկյան» դպրոցի սան, քանզի իրենց աչքի առջև ունեն ազգային մեծ բարերարներ Ալեք և Մարի Մանուկյաների լուսավոր օրինակը։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը պատգամեց առավել նախանձախնդրությամբ և ջանասիրությամբ շարունակել իրենց ուսումնառությունը և ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնել ինչպես տեղի հայ համայնքի, այնպես էլ՝ հայրենիքի առաջընթացին՝ այդպիսով պայծառացնելով նաև մեծանուն հայորդիների բարի անունն ու հիշատակը։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը բերեց դպրոցի տնօրինությանն ու մանկավարժներին հայորդիներին հայեցի դաստիարակություն և կրթություն ապահովելու, նրանց հոգինում հայրենիքի ու ազգային արժեքների հանդեպ սեր ու նվիրում սերմանելու համար։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930