«Իմ ու իր պապիկի տները հարևանությամբ են, իր հայրը, ում ցավակցեցի, իմ հորեղբոր դասընկերն է, իմ հայրիկի մտերիմն է։ Ինձ համար սա անձնական հարց էր՝ չնայած երբեք չեմ ճանաչել պարոն Գրիգորյանին։ Ուզում եմ ի գիտություն ձեզ իմանաք։ Այն բոլոր գնահատականները և քաղաքական աստառներ տալու փորձերը, կարծում եմ, ոչ միայն կոռեկտ չեն, այլև իմ պատկերացմամբ բարոյական շրջանակներում չեն տեղավորվում։ Սպասենք՝ իրավապահներն իրենց գործն արագ ու բարձր որակով կատարեն։ Մեր բոլորի սպասելիքները դրանք են»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի ու իր հարաբերություններին։
Նա նաև ի պատասխան լրագրողների հարցերի որոշ պարզաբանումներ ներկայացրեց, թե ինչու իրեն թույլ չեն տվել մասնակցել ՔՊ համագումարին։ Հարցին՝ Դուք 30․000 դրամի պատճառո՞վ չեք մասնակցել համագումարին, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Կանոնները սահմանվում են ՔՊ համապատասխան որոշումներով, որը բոլորի համար է։ Իմացել եմ, որ նման որոշումներ կան, իմացել եմ իմ պարտավորությունների մասին, մշտապես դրանք կատարել եմ, այն, ինչի մասին խոսում եք, պարզաբանումները տրվել են»։
Հարցին՝ մոռացե՞լ եք վճարել անդամավճարը, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Ես Չինաստանում եմ եղել այդ ժամանակ։ Չեմ ուզի տեխնիկական խնդիրների մեջ մտնել։ Որևէ քաղաքական խնդիր չեմ տեսնում, տեխնիկական խնդիրներ են, որոնց մասով գնահատական տրվել է»։ Հարցին՝ ինչո՞ւ Փաշինյանը թույլ չտվեց, որ մասնակցեք, Հակոբ Արշակյանը պատասխանեց․ «Այդտեղ անձնական որոշումներ չեն ընդունվում։ Ավելին ասեմ՝ մեր հասարակությունը, կուսակցությունները պետք է ուրախ լինեն, և համոզված եմ, որ հարգում են բոլոր այն որոշումները, որոնք կայացված են։ Այդտեղ որևէ քաղաքական հարց չկա, որևէ մեկը որևէ մեկին ոչինչ չի արգելում, կա կարգ, կարգին հետևում են։ Մեկը գրել էր՝ «Փաշինյանի սև ցուցակում էր»։ Մենք սև ցուցակներ չենք պահում։ Մեր ընդունած որոշումներն են, բոլորս ընդունում ենք»։ Լրագրողների դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը, որ չի թույլ տվել մասնակցել, արդյոք սա վերաբերմունք չէ՞ ձեր հանդեպ, Հակոբ Արշակյանն արձագանքեց․ «Փաշինյանը չէ թույլատրող- չթույլատրողը։ Երրորդ անգամ եմ այս հարցին պատասխանում։ Ոչ ոք ոչ ոքի չի արգելում կամ թույլ տալիս, կա կարգ»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ