Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության աշխատակիցների կողմից բացահայտվել է թմրամիջոցի ապօրինի ձեռք բերման ու օգտագործման ևս մեկ դեպք։
Այս անգամ ձերբակալվել է Գյումրու Դանիելյան փողոցի 55-ամյա բնակիչներից մեկը, որի կողմից թմրամիջոց պահելու ու օգտագործելու մասին օպերատիվ տեղեկություն էր ստացել ոստիկանությունը։
Նրա տնակին կից խորդանոցում զննությամբ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով և մետաղյա տարայով մարիխուանա` ընդհանուր շուրջ 40 գրամ:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է նախաքննություն։
Կարդացեք նաև
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական լրահոսից։
Իսկ նման դեպքերը Գյումրիում դարձել են սովորական․ ընդամենը մի քանի օր առաջ էր Aravot․am-ն անդրադարձել այս քաղաքում 20-ամյա ռուս զինծառայողների կողմից տելեգրամյան ալիքի «Թոփ տավառ Արմենիա» էջով թմրամիջոց պատվիրելու դեպքին։
Նրանք տելեգրամյան ալիքով 30 հազար դրամ գումարի դիմաց անձնական օգտագործման համար պատվիրել էին 0,7 գրամ քաշով «Մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց, որը պիտի տեղադրված լիներ Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղուց դեպի Մուշ թաղամաս տանող ճանապարհին։ Սակայն նշված հասցե հասնելուն պես՝ ոստիկանները ձերբակալել էին ռուս զինծառայողներին՝ չթույլատրելով նրանց վերցնել թմրանյութը։
ՀՀ Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնում փաստի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ Քրեական օրենսգրքի 393 հոդվածի 1-ին մասի և 396 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Որքան էլ ոստիկանները բացահայտեն նման դեպքերը՝ կանխարգելիչ գործողություններ իրականացնելով, տելեգրամյան ալիքներով ազատ առուվաճառքը շարունակվում է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ