Իմ հոդվածների եւ տեսանյութերի տակ օգտատերերը երբեմն գրում են «Պուտլեր» եւ «Կոպիրկին» ազգանունները՝ հավանաբար, ակնարկելով, որ ներկա իշխանության իմ քննադատությամբ ես առաջ եմ տանում Ռուսաստանի շահերը եւ գրում եմ անձամբ ՌԴ դեսպանի թելադրանքով: Մինչդեռ բազմիցս նշել եմ, որ Պուտինի քաղաքականությունը, հատկապես 2022 թվականին սկսած պատերազմի ժամանակներից, իմ կարծիքով, աղետաբեր էր ողջ աշխարհի համար: Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ ուկրաինական չեղած «նացիզմը» Ռուսաստանին չէին սպառնում, եւ ագրեսիայի արդարացումներն, իմ կարծիքով, անհեթեթ են:
Ավելին ասեմ՝ ՀԱՊԿ-ը, թող ներվի ասել, կատարյալ «ֆուֆլո» դուրս եկավ. երբ երկու տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց մեր պետության ինքնիշխան տարածքի վրա, այդ կազմակերպությունը մատը մատին չխփեց: Ռուսաստանը, հետեւաբար, մեր դաշնակիցը չէ, որովհետեւ դաշնակիցը նա է, ով պատրաստ է քեզ համար մտնել պատերազմի մեջ: (Ինչպես, օրինակ, Թուրքիան՝ Ադրբեջանի կամ ԱՄՆ-ը Իսրայելի համար): Ակնհայտ է, որ մենք դաշնակիցներ, մեզ համար կռվի պատրաստ պետություններ, ընդհանրապես չունենք:
Բայց ես դեմ եմ այն մոտեցումներին, որոնք դրսեւորում են Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը Ռուսաստանի հարցում: Իշխանությունը, հիմնականում proxy-ների միջոցով, բորբոքում է հակառուսական հիստերիա, պարանոյա՝ կապելով իր բոլոր ընդդիմախոսներին Ռուսաստանի հետ՝ «ուզում են մեր երկիրը դարձնել Ռուսաստանի գուբերնիա» սնամեջ թեզի օգնությամբ: Դա պարզ քարոզչություն է, որը հաշվի է առնում Ռուսաստանի հանդեպ հասարակության մեծ մասի բացասական վերաբերմունքը:
Ընդդիմությունն էլ, իր հերթին, իր հաշվարկները կառուցում է այն հույսի վրա, որ Փաշինյանը մի լավ «կբարկացնի» Պուտինին, եւ, իր «բարկությունից» ելնելով, ՌԴ նախագահը կնպաստի Հայաստանում իշխանափոխությանը: Դրանք սխալ հաշվարկներ են: Պուտինը որեւէ շահագրգռվածություն չունի ազդելու Փաշինյանին մեկ ուրիշով փոխարինելու մեջ, համենայնդեպս՝ առայժմ: Ի դեպ, դա նշանակում է, որ երբ վարչապետի քարոզիչները կամ երկրպագուները, որպես մեղադրանք, «Պուտլեր» ու «գուրբերնիա» են ասում, նրանք կա՛մ անկեղծ չեն, կա՛մ էլ իսկապես չգիտեն, որ Փաշինյանը Ռուսաստանի համար միանգամայն OK է, եւ նրա դեմ ոչ մի «հիբրիդային պատերազմ» էլ չի վարվում:
Կարդացեք նաև
Այնպես որ, եթե լուրջ քաղաքական բանավեճ է գնում, եւ ոչ թե քարոզչական հարվածների փոխանակում, ապա Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ներքին քաղաքական գործոն, պետք է իսպառ բացառվի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ