Լրահոս
Օրվա լրահոսը

«Պուտլերը», «գուբերնիան» եւ իրական քաղաքականությունը

Սեպտեմբեր 27,2025 10:00

Իմ հոդվածների եւ տեսանյութերի տակ օգտատերերը երբեմն գրում են «Պուտլեր» եւ «Կոպիրկին» ազգանունները՝ հավանաբար, ակնարկելով, որ ներկա իշխանության իմ քննադատությամբ ես առաջ եմ տանում Ռուսաստանի շահերը եւ գրում եմ անձամբ ՌԴ դեսպանի թելադրանքով: Մինչդեռ բազմիցս նշել եմ, որ Պուտինի քաղաքականությունը, հատկապես 2022 թվականին սկսած պատերազմի ժամանակներից, իմ կարծիքով, աղետաբեր էր ողջ աշխարհի համար: Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ ուկրաինական չեղած «նացիզմը» Ռուսաստանին չէին սպառնում, եւ ագրեսիայի արդարացումներն, իմ կարծիքով, անհեթեթ են:

Ավելին ասեմ՝ ՀԱՊԿ-ը, թող ներվի ասել, կատարյալ «ֆուֆլո» դուրս եկավ. երբ երկու տարի առաջ Ադրբեջանը հարձակվեց մեր պետության ինքնիշխան տարածքի վրա, այդ կազմակերպությունը մատը մատին չխփեց: Ռուսաստանը, հետեւաբար, մեր դաշնակիցը չէ, որովհետեւ դաշնակիցը նա է, ով պատրաստ է քեզ համար մտնել պատերազմի մեջ: (Ինչպես, օրինակ, Թուրքիան՝ Ադրբեջանի կամ ԱՄՆ-ը Իսրայելի համար): Ակնհայտ է, որ մենք դաշնակիցներ, մեզ համար կռվի պատրաստ պետություններ, ընդհանրապես չունենք:

Բայց ես դեմ եմ այն մոտեցումներին, որոնք դրսեւորում  են Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունը Ռուսաստանի հարցում: Իշխանությունը, հիմնականում proxy-ների միջոցով, բորբոքում է հակառուսական հիստերիա, պարանոյա՝ կապելով իր բոլոր ընդդիմախոսներին Ռուսաստանի հետ՝ «ուզում են մեր երկիրը դարձնել Ռուսաստանի գուբերնիա» սնամեջ թեզի օգնությամբ: Դա պարզ քարոզչություն է, որը հաշվի է առնում Ռուսաստանի հանդեպ հասարակության մեծ մասի  բացասական վերաբերմունքը:

Ընդդիմությունն էլ, իր հերթին, իր հաշվարկները կառուցում է այն հույսի վրա, որ Փաշինյանը մի լավ «կբարկացնի» Պուտինին, եւ, իր «բարկությունից» ելնելով, ՌԴ նախագահը կնպաստի Հայաստանում իշխանափոխությանը: Դրանք սխալ հաշվարկներ են: Պուտինը որեւէ շահագրգռվածություն չունի ազդելու Փաշինյանին մեկ ուրիշով փոխարինելու մեջ, համենայնդեպս՝ առայժմ: Ի դեպ, դա նշանակում է, որ երբ վարչապետի քարոզիչները կամ երկրպագուները, որպես մեղադրանք, «Պուտլեր» ու «գուրբերնիա» են ասում, նրանք կա՛մ անկեղծ չեն, կա՛մ էլ իսկապես չգիտեն, որ Փաշինյանը Ռուսաստանի համար միանգամայն OK է, եւ նրա դեմ ոչ մի «հիբրիդային պատերազմ» էլ չի վարվում:

Այնպես որ, եթե լուրջ քաղաքական բանավեճ է գնում, եւ ոչ թե քարոզչական հարվածների փոխանակում, ապա Ռուսաստանը՝ որպես Հայաստանի ներքին քաղաքական գործոն, պետք է իսպառ բացառվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Ժամացույցը տիկ-տակ է անում վարկյանները դառնում են րոպե, …

    ՄԱկ-ի բեմից նիկոլը պարզ խոստացավ. ‘Դուք մեզ մանդատներ, մենք ձեզ ալիևի սրտով ամեն ինչ:’ Ահա իր ասածը բառացի. ‘…2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի մանդատը ևս մեկ անգամ ստանալուց հետո կնախաձեռնենք համաժողովրդական հանրաքվե՝ նոր Սահմանադրություն ընդունելու համար:’

    Մեզ նիկոլը ‘բածատրում է’, որ Արցախն ու Հայաստանը անջատ բաներ են, …Այսպես չի մտածում ալիևը` նա գիտի որ Արցախն ու Հայաստանը անբաժան են: Եվ նիկոլ-բոլշևիկյան բանակի օգնությամբ տապալելով Արցախի անկախությունը, կատարում է նույնը մյուս մասի հետ, նույն զենքով, որը կոչվում է ՀՀ քպական իշխանություն:

    Շուտով առաջին տյոտյան կասի. ‘Ազրբժաներեն խոսելը նորաձև է:’

  2. Շատ պարզ ու ազնիվ հարցազրույց Ժ. Ավագյանի (Civilnet.am) հետ: Շնորհակալություն:

  3. Հայ մարդ says:

    Այո, իհարկե Փաշինյանը Ռուսաստանի համար միանգամայն OK է և նրա դեմ ոչ մի «հիբրիդային պատերազմ» էլ չի վարվում։ Ասեմ ավելին, Նիկոլը ռուս-թուրքական բազարների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններն ի վնաս Հայաստանի շահերի նյութականացնող ամենահարմար կատարածուն է, քանի որ նրա համար ազգային արժեքները և ազգային շահերը զրոյական նշանակություն ունեն (նա այդպիսի մարդ է), իսկ պաշտոնը և փառասիրությունն ամեն ինչ են։

  4. Aha says:

    Ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ էլ ուկրաինական չեղած «նացիզմը» Ռուսաստանին չէին սպառնում, եւ ագրեսիայի արդարացումներն, իմ կարծիքով, անհեթեթ են:

    This is the only point of the article that I have to disagree with. I’m sure the editor is aware of divergent views on this matter within the west (including from high ranking former officials/ambassadors) and among a number of Armenian political scientists (A. Grigoryan, A. Khachikyan). A good summary on this topic was recently written by a reputable Princeton professor (link below):

    https://www.compactmag.com/article/how-decades-of-folly-led-to-war-in-ukraine/

    I would be interested to read an analysis article on the same topic by Mr. Abrahamyan, as I think his analysis of the conflict’s causes would be more holistic in terms of history, culture, psychology, literature.

Պատասխանել Հայ մարդ

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930