Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության հայտարարած «500 կմ ճանապարհների» նորոգման և կառուցման ծրագրով ներկայացված թվերը չեն համապատասխանում նախնական խոստումներին. «Փաստերի ստուգման հարթակ»

Սեպտեմբեր 27,2025 09:30

Իշխանությունները 2020 թվականից հայտարարում են, որ ամեն տարի Հայաստանում կկառուցվի 500 կմ ճանապարհ։ Պաշտոնական հավաստիացումների համաձայն՝ այդ հաշվարկում պետք է բացառվեին «Հյուսիս-Հարավ» ծրագրի և համայնքային սուբվենցիոն ծրագրերով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները։

«Փաստերի ստուգման հարթակը» դեռևս 2023 թվականի փետրվարին ուսումնասիրել էր վերջին 3 տարիներին երկրում իրականացված ասֆալտապատման աշխատանքները և պարզել, որ թեև այդ տարիներին Հայաստանում իրականացված ասֆալտապատման աշխատանքները նախորդ տարիների համեմատ ռեկորդային են, սակայն չեն իրականացվել այն ծավալով, որով խոստացել էին իշխանությունները։

Այս հոդվածում FIP.am-ն ուսումնասիրել է Հայաստանում վերջին 2 տարիներին՝ 2023 և 2024 թվականներին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ցուցանիշները։

Պաշտոնական խոստումները

2024 թվականի ապրիլի 9-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՏԿԵ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը շեշտել էր․

«Վերջին տարիներին մեր ջանքերը առաջնահերթորեն ուղղվել են ճանապարհների վիճակի բարելավմանը։ Ընդհանուր օգտագործման ճանապարհերի վերականգնման ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի հիմնանորոգվում, վերակառուցվում և նորոգվում է շուրջ 500 կմ ճանապարհ»։

2024-ի իրական արդյունքները

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականին Հայաստանում հիմնանորոգվել, վերակառուցվել և կառուցվել է ընդհանուր առմամբ 503 կմ ճանապարհ, որից 38 կմ-ը՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շրջանակում։ Այսինքն՝ «Հյուսիս-հարավը» չդիտարկելու պարագայում հիմնանորոգված, վերակառուցված կամ նորոգված ճանապարհների երկարությունը կազմել է 465 կմ (այս ցուցանիշը ներառում է նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ասֆալտապատված 9 կմ ճանապարհահատվածը)։

Այնինչ, 2025-ի տարեսկզբին, ամփոփելով նախորդ տարվա ճանապարհաշինական աշխատանքների արդյունքները, ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ասել էր․

«Ճանապարհային ոլորտում մեզ համար թիրախային 500 կմ-ի սահմանը այս տարի ևս հաղթահարել ենք․ 503 կմ ճանապարհ է նորոգվել»։ Նախարարը չէր մանրամասնել, սակայն, որ ի սկզբանե խոստացված 500 կմ-ի հաշվարկում նախատեսված էր չներառել «Հյուսիս-հարավը»։

2023 թվական՝ նախարարի հայտարարած ու փաստացի իրականացված թվերը չեն համապատասխանում

2023 թվականին իրականացված ճանապարհաշինական աշխատանքների ծավալը ավելի փոքր էր։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այդ տարում հիմնանորոգվել և նորոգվել է ընդհանուր առմամբ 485 կմ ճանապարհ։ Եթե սրանից հանենք «Հյուսիս-հարավի» շրջանակներում իրականացված 31 կմ-ը, ապա կստացվի, որ ասֆալտապատման ծավալը կազմել է 454 կմ։

Այսպիսով, Կառավարության հայտարարած «500 կմ ճանապարհների» նորոգման և կառուցման ծրագրով թե՛ 2023-ին, թե՛ 2024-ին ներկայացված թվերը չեն համապատասխանում նախնական խոստումներին։

Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930