Լրահոս
Օրվա լրահոսը

Նախարարի կողմից հնչեցրած՝ բուհերի ընդունելությանը վերաբերող թվերից առնվազն երկուսը համադրելի չեն․ «Փաստերի ստուգման հարթակ»

Սեպտեմբեր 27,2025 10:10

Հայաստանում ամփոփվել են բուհերի ընդունելության միասնական քննությունների արդյունքները։ Օգոստոսի 27-ին ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդես եկավ մամուլի ասուլիսով՝ ի թիվս ոլորտային այլ ցուցանիշների ներկայացնելով նաև բուհերի ընդունելության քննությունների արդյունքները։

Խոսելով ընդունելության քննությունների արդյունքում թափուր մնացած տեղերի մասին՝ Անդրեասյանը նշել է․

«Առանձնակի մեր ուշադրության ներքո է բարձրագույն կրթության ընդունելությունը։ Պետք է ասեմ, եթե ամփոփումից հետո դիտարկենք թափուր մնացած տեղերի թիվը, 2025-2026 ուստարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից։ Եթե 2024 թ․-ին թափուր էր մնացել 6174 տեղ, ապա այս տարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 1174 է, ընդ որում՝ անվճար թափուր տեղերի կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվը ընդամենը 219 է»:

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է բուհերի ընդունելությանը վերաբերող նախարարի հնչեցրած և պաշտոնական վիճակագրությունը։

Տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ նախարարի հնչեցրած թվերից առնվազն երկուսը համադրելի չեն, քանի որ արտահայտում են ընդունելության տարբեր փուլերի արդյունքներ։

Մասնավորապես, ըստ պաշտոնական տեղեկատվության՝ 6174-ը վերաբերում է ընդունելության առաջին փուլի արդյունքում թափուր մնացած տեղերին, իսկ 1174-ը՝ երկու (առաջին և երկրորդ) փուլերի արդյունքում թափուր մնացած տեղերին։

Իրականում՝ 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների երկու փուլերի արդյունքներով թափուր տեղերի թիվը կազմել է 5030։ Ստացվում է, որ նախարարի պնդումը, թե «2025-2026 ուստարվա ընդունելության արդյունքներով թափուր տեղերի թիվը 5 անգամ պակաս է 2024-ի ցուցանիշից», սխալ է։ Այս տվյալների պարագայում 2025-2026 ուստարվա ընդունելության քննությունների երկու փուլերի արդյունքում թափուր տեղերի թիվը պակաս է ոչ թե 5, այլ մոտ 4․3 անգամ։

Ինչ վերաբերում է նախարարի խոսքին, թե «ընդ որում անվճար թափուր տեղերի կամ պետության փոխհատուցմամբ թափուր տեղերի թիվը ընդամենը 219 է», ապա հարկ է նշել, որ այս մասով էական առաջընթաց չի գրանցվել․ պաշտոնական տվյալներով 2024-2025 ուստարվա ընդունելության քննությունների արդյունքներով թափուր մնացած անվճար տեղերի թիվն ավել է եղել ընդամենը 2-ով՝ 221։

Նկատի ունենալով վերոնշյալ ցուցանիշները՝ նախարարը հավելել է․ «Այս ցուցանիշները նշանակում են նաև, որ պլանավորման գործընթացը էապես բարելավվել է։ Այսինքն՝ ընդունելության տեղերի պլանավորումը իրականացվում է շատ ավելի իրատեսորեն, քան արվում էր նախորդող տարիներին, և սա նաև ցույց է տալիս, որ այս ուղղությամբ արվող աշխատանքը արդյունքներ է գրանցում»:

Գայանե ՄԱՐԿՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930