Քաղաքականությամբ ապրող հասարակություններում, ավաղ, տարաբնույթ այլ հարցեր մնում են ստվերում։ Դրանցից մեկը, թերևս, սպառողների պաշտպանության ոլորտն է, որտեղ խնդիրները բազմաթիվ են ու ավելի հաճախ անտեսված պետական գերատեսչությունների կողմից։ Սպառողների իրավունքների պաշտպանության գծով փորձագետ, իրավաբան Սյուզաննա Չիլինգարյանն ասում է՝ ցավոք, վերջին տարիներին առաջընթաց գրանցելու փոխարեն հետընթաց ենք արձանագրել բոլոր առումներով՝ և՛ իրավական դրույթներն ու կարգապահական վիճակը պահպանելու, և՛ սպասարկման ոլորտը ձևավորելու, և՛ ծառայություններ մատուցելու առումով։
«Տնտեսվարողներից շատերը, կարծես, չեն հարգում իրավունք և օրենք։ Սա խոսում է ոչ միայն պետական վերահսկողության բացակայության մասին։ Վերջին շրջանում նաև օրենսդրական լուրջ փոփոխություններ չեն եղել, և, ավաղ, հույս էլ չենք կարող ունենալ, որ օրենսդրական բացերի լրացում կկատարվի»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։
Ընդգծում է՝ սպառողները շարունակում են բախվել նույն խնդիրներին, ինչ տարիներ շարունակ։ «Սպառողն ապրանք է գնում, հետո տարբեր պատճառներից ելնելով՝ ցանկանում է օգտվել «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքով սահմանված իր իրավունքների պաշտպանության դրույթներից, բախվում է խնդիրների։ Տնտեսվարողները պատճառաբանում են՝ ապրանքի հետվերադարձ չեմ անում, գնա, ում ուզում ես դիմիր, կամ ապրանքի որակի հետ կապված հարցեր են բարձրացնում՝ հղում անելով օրենքի 23-րդ հոդվածին, այն է՝ եթե ապրանքային տեսքը խախտված է, և որակական ցուցանիշները վնասված են, ապա ապրանքը վերադարձման ենթակա չէ։ Տնտեսվարողն ամեն խոչընդոտ ստեղծում է սպառողի համար, որպեսզի նա չկարողանա իր իրավունքները պաշտպանել։ Որպես սպառողի պաշտպաններ և փորձագետներ՝ բախվում ենք շատ դժվարությունների մեր մասնագիտական պարտականությունները կատարելու և իրավունքի պաշտպանության որոշակի ծառայություններ մատուցելու գործում։ Պետական կառույցը, որը պետք է զբաղվի տնտեսվարողին զգուշացնելու, տուգանելու, վերահսկելու (օրենքի դրույթները պետք է անշեղ կատարվեն) հարցերով, անբարեխիղճ տնտեսվարողին թույլ է տալիս, որ նա օգտվի բարձիթողի վիճակից՝ շարունակաբար խախտելով սպառողի իրավունքը։ Այսօր իրապես շատ քիչ տնտեսվարողներ են մնացել, որոնց հետ կարելի է «լեզու գտնել», համագործակցել և հօգուտ սպառողի լուծել իրավունքի պաշտպանության հարցը։ Շատ տնտեսվարողներ սպառողներին ուղղորդում են դատարաններ՝ գիտակցելով, որ այսօր դատարանը չափազանց ծանրաբեռնված է, մյուս կողմից՝ թանկ հաճույք է քաղաքացու համար։ Արդյունքում սպառողի խնդիրը մնում է չլուծված, իսկ օրինախախտը չի պատժվում»,-նշում է մեր զրուցակիցը։
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում