«Ասում է՝ լեգիտիմ եմ, ժողովուրդն ինձ ձայն է տվել։ Ժողովուրդը քեզ ձայն է տվել Արցախի անվտանգության երաշխիքը լինելու համար։ 2021-ի ընտրությունների ժամանակ էլ Արցախի հարցի որոշման, Հադրութի, Շուշիի դեօկուպացիայի համար է ձայն տվել։ Եթե այդ խնդիրը չլիներ, ինքն այդքան ձայն կստանա՞ր մեր ժողովրդից։ Կարծում եմ՝ ոչ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Ըստ նրա՝ այսօրվա իշխանությունների վարկանիշն օրըստօրե անկում է ապրում, քանի որ այս իշխանությունն ամեն ինչ արեց, որ Արցախը չլինի։
Լրագրողների դիտարկմանը՝ այս իշխանություններն ասում են, որ ձեր իշխանության օրոք ձեռք բերված զենքը ջարդոն էր եղել, Սեյրան Օհանյանն արձագանքեց․ «ՀՀ-ի և Արցախի հանրապետության անկախության և ինքնորոշման սկզբնական փուլում ձևավորվեց հայկական բանակը և ԱՀ ՊԲ-ն։ Հասկանալի է, չէ՞, մեր ժողովուրդը գիտակցում է, որ այն զրոյից է սկսվել ստեղծվել՝ կառուցվածքային կազմավորման համակողմանի ապահովման խնդիրներ իրականացնելով, որոնց մեջ է եղել սպառազինության ձեռք բերումը։ Այն ի սկզբանե ձեռք է բերվել ՀՀ տարածքում գոյություն ունեցող ԽՍՀՄ զորամասերից մնացած ԱՀ-ում ԽՍՀՄ մնացած սպառազինությունից և նաև հայ-ռուսական և ՀԱՊԿ շրջանակներում երկկողմ հարաբերություններով սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման շրջանակում։ Մենք ունեցել ենք սպառազինություններ տարբեր տարեթվերի։ Այսօր էլ սպառազինություն գոյություն ունի, որը 1945 թվականի է։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի, որն առաջին արցախյան պատերազմի ժամանակ բանակ չի գնացել, մասնակցել պատերազմի, ՀՀ-ի և ԱՀ-ի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններից՝ թողնելով իրենց ուսումը, ջոկատներ և ստորաբաժանումներ են կազմվել և գնացել Արցախին օգնություն ցուցաբերելու»։
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանի կարծիքով ավելի լավ է, որ Նիկոլ Փաշինյանը այն հարցերին պատասխանի, թե ինչու այնպես ստացվեց, որ մերժվեց բանակցային ամբողջ գործընթացը և երկիրը մխրճվեց պատերազմի մեջ, կամ ինչո՞ւ ոչինչ չարեց՝ հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությամբ ուժերի վերախմբավորում, ուժերի մոբիլիզացիա հակառակորդի ճեղքման հատվածը ձևավորելու համար, որ բանակը կարողանա բոլոր հատվածներում իր առաջ դրված խնդիրն իրականացնի։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ