Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն՝ Հայոց պետականության զարգացման այլընտրանքային մոդել

Սեպտեմբեր 28,2025 10:00

2020 և 2023 թթ. աղետներից հետո, կայուն կառավարման մոդելների որոնման գործընթացում, Հայաստանը կանգնած է ընտրության սահմանագծին։ Ավելին, հայ քաղաքական միտքը կարիք ունի այլընտրանքների և կառուցողական քննարկումների։ Դարերով ձևավորված արժեքային համակարգը, ազգային հիշողությունը և հոգևոր ժառանգությունը կարող են և պետք է վերածվեն ոչ միայն մշակութային հենասյուների, այլ կառավարման իրական հիմքի։ Այս հոդվածն առաջարկում է պետականության մի այլընտրանքային մոդել, որը հիմնված է քրիստոնեական բարոյական սկզբունքների, համայնքային պատասխանատվության և քաղաքական ու տնտեսական ճգնաժամից դուրս գալու ընդհանուր նպատակով միավորված ազգային տեսլականի վրա։

Այս մոդելը նորարարական համադրություն է ավանդույթի և ժամանակակից կառավարման միջև։ Քրիստոնեությունը, իբրև ազգային ինքնության անբաժանելի բաղադրիչ, դուրս չի մղվում հասարակական դաշտից, այլ՝ ներդաշնակորեն ինտեգրվում է սահմանադրական շրջանակի մեջ, հիմք դնելով այնպիսի կարգի, որն առաջնահերթ է համարում հոգևոր արժեքները, կրթական և մշակութային շարունակականությունը, ինչպես նաև՝ Սփյուռքի և Հայաստանի միջև կենսական կապերի վերաարժևորումը։

Պետության պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Քրիստոնեական Հանրապետություն

Նոր սահմանադրական կարգը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես պետական եկեղեցի։ Եկեղեցին ոչ միայն պետք է հովանավորվի և պաշտպանվի պետության կողմից, այլև ունենա համապետական հանձնառություն՝ ձևավորելու հանրային բարոյական օրակարգ, ամրապնդելու ազգային հիշողությունը և հանդիսանալու հավաքական պատասխանատվության խորհրդանիշ։

Սահմանադրությունը չի պարտադրում եկեղեցու և պետության լիակատար տարանջատում. Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին սահմանադրորեն արտոնյալ է:

 

Հարկ է նշել, որ Եվրոպական միության անդամ պետություններ Դանիայում և Մալթայում եկեղեցին նույնպես ունի նման կարգավիճակ։ Իսլանդիայի Ավետարանչական-լյութերական եկեղեցին պաշտոնապես Իսլանդիայի ազգային եկեղեցին է։ Մինչև վերջերս Նորվեգիայի եկեղեցին նաև պետական էր։ 2012 թվականի սահմանադրական փոփոխությունը որոշ չափով փոխեց այդ կարգավիճակը՝ Եկեղեցուն տալով ավելի մեծ ինքնավարություն։ Ժողովրդավար Կոստա Ռիկայում Հռոմի կաթոլիկությունը պաշտոնական պետական ​​կրոն է։ Ուշագրավ է նաև Հույն ուղղափառ եկեղեցու դերը Հունաստանի սահմանադրության մեջ որպես գերիշխող և հատուկ։

Սակայն այս մոդելները չեն անտեսում քաղաքացիական ազատությունները. Սահմանադրությունը երաշխավորում է խղճի և կրոնի ազատությունը։ Ոչ ոքի չի հարկադրվում հետևել որևէ կրոնական ուսմունքի: Առօրյա կյանքում և կառավարման մեջ Հայաստանը պետք է լինի աշխարհիկ՝ ինչպես վերոհիշյալ պետություններում։

Անկախ նրանից թե նոր սահմանադրությամբ Հայաստանը կլինի նախագահական, թե խորհրդարանական հանրապետություն, առաջարկվում է քաղաքական համակարգի վերաձևավորում՝ հիմնված կուսակցական դաշտի ամրապնդման և պատասխանատվության վրա՝ առավելագույնը հինգ քաղաքական կուսակցություններով։ Բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է միավորվեն երկու հիմնական հոսանքների մեջ՝ լիբերալ և պահպանողական, իսկ երեք պատմական կուսակցությունները՝ ՀՅԴ (սոցիալիստներ), Ռամկավար (դեմոկրատ լիբերալներ) և Հնչակյան (սոցիալ-դեմոկրատներ) գործեն Հայաստանում հիմնված կենտրոնական գրասենյակներից։ Սահմանադրությունից բացի, սա պետք է կարգավորվի նաև Հայաստանի քաղաքական կուսակցությունների մասին նոր օրենքով։

Խորհրդարանի որակավորման մակարդակը բարձրացնելու նպատակով սահմանվում է, որ պատգամավորների առնվազն 60 տոկոսը պետք է լինեն իրավաբաններ և ունենան նվազագույնը 10 տարվա մասնագիտական փորձ։ Սա նպատակ ունի բարձրացնելու օրենսդիր մարմնի իրավական որակական մակարդակը և բարելավել օրենքների մշակման և ընդունման մշակույթը։

Որպես հոգևորականության և պետական կառավարման սերտ համագործակցության խորհրդանիշ՝ սահմանվում է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու 10 արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ պետք է լինեն խորհրդարանի անդամներ, ոչ թե ընտրությամբ, այլ՝ սահմանադրական կարգով։

Հաշվի առնելով Հայաստանի մարդկային կապիտալի սակավությունը և սահմանափակ հնարավորությունները, Սահմանադրությունը պետք է վերանայի Սփյուռքի ներգրավվածության շրջանակները՝ թույլ տալով, որ սփյուռքահայ մասնագետները ներգրավվեն Հայաստանի օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններում՝ որպես համահայկական մտքի և կարողության կենդանի օղակներ։

Եվ վերջապես, նոր մոդելի հիմնասյուներից մեկը լինելու է իշխանությունների զսպման և հակակշիռների ամրապնդումը՝ բացառելու որևէ իշխանության գերիշխումը։ Սա կապահովի հավասարակշիռ և վստահելի քաղաքական համակարգ՝ հենված ոչ թե բացառապես ուժի, այլ՝ հաշվետվողականության և պատասխանատվության վրա։

Այս միակ մոդելն է, որը կապահովի Պետության, Եկեղեցու և Սփյուռքի համատեղ աշխատանքը Հայաստանի և հայ ժողովրդի կայուն զարգացման համար։ Երբ այս երեք հենասյուները միավորված են ընդհանուր աշխարհայացքով, նրանք կարող են համատեղել իրենց յուրահատուկ ռեսուրսներն ու փորձառությունը՝ դիմագրավելու Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները։ Պետությունը տրամադրում է կառավարման համակարգ և ռազմավարական ուղղություն, Եկեղեցին՝ բարոյական առաջնորդություն, միասնություն և սեր կտա մեր ժողովրդին, իսկ Սփյուռքը՝ գլոբալ կապեր և նորարարություն։ Ստեղծված իրավիճակում, միայն այս եռամիասնությունը կարող է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունը, պահպանել ազգային ժառանգությունը, վերականգնել ու ամրապնդել պետական ինստիտուտները, զարգացնել գիտությունն ու կրթությունը և խթանել տնտեսական զարգացումը։

 

Մենք չգիտենք, որ շատ ավելի ուժեղ ենք, քան կարծում ենք, մենք մոռացել ենք, որ ունենք անձնական և ազգային կյանքի մի մեծ ուժ… Ես նկատի ունեմ մեր հոգևոր համբերությունը։

Բավական է միայն հետ նայել Հայոց պատմության հազարամյակներին, և մտածել, թե ինչպե՞ս կարողացավ հայ ժողովուրդը հաղթահարել այս դժբախտությունները, զրկանքները, վտանգները, փորձությունները, ցեղասպանությունը, երկրաշարժը, պատերազմները և այս նվաստացումները։ Որքան մեծ էր մեր տոկունությունը, համառությունը՝ չհուսահատվելու մեր մեծ արվեստը, ավերակների վրա կառուցելու և մոխիրներից հարություն առնելու… Եվ եթե մենք կորցրել ենք մեր հոգևոր համբերությունը, ապա պետք է այն նորից գտնենք և վերականգնենք մեր մեջ, հակառակ դեպքում Հայաստանը կձախողվի…

Արսեն Գասպարյան

քաղաքական գիտությունների դոկտոր

Ex Oriente Հայաստանի արևելագետների միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930