Նախկիններ-ներկաներ խոսույթը 2018-ի «թավշյա» իշխանափոխության արատավոր հետեւանքներից է, որը խոր արմատներ է ձգել հասարակության մեջ: Իշխանական եւ իշխանամերձ շրջանակները նախկինների գործոնն օգտագործում են որպես սեփական ձախողումները, սայթաքումները պարտակելու միջոց։ Յոթուկես տարի է՝ նախկիններին է վերագրվում ՀՀ-ում ամեն վատ բան՝ սկսած 1990-ականների վերջերին Մեղրիի շուրջ տարածքային փոխանակման օրակարգով Քոչարյան-Ալիեւ (ավագ) բանակցություններից, մինչեւ Արցախի հանձնում, երբ 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Նիկոլ Փաշինյանը ստորագրեց ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու համաձայնագիրը:
Նույնիսկ այս վերջին ակնհայտ փաստը իշխանական քարոզչամեքենան խեղաթյուրելով՝ հասցեագրում է նախկիններին՝ մասնավորապես ՀՀ երկրորդ նախագահին, որը պետական համակարգում արդեն ավելի քան քառորդ դար չի պաշտոնավարում: Այդ հանգամանքը, սակայն, ՔՊ-ական փոքրիկ խմբակին բնավ չի խանգարում պնդել ու իր կողմնակիցներին հավատացնել, որ Արցախը Ռոբերտ Քոչարյանն է հանձնել. «խեղճ Նիկոլը ի՞նչ անի, Ռոբն ու Սերժն են տվել Ղարաբաղը»: Իսկ հանդիպակաց հարցին, թե «այդ դեպքում ինչո՞ւ չէր Ալիեւը միանգամից վերցրել, այլ 12 տարի անց որոշել է պատերազմով նվաճել, իմաստը ո՞րն է»: ՔՊ-ականն այս հարցի պատասխանը չունի, ուսերն է թոթվում:
«Նախկինների» թեման իշխանությունների համար եւս մեկ կարեւոր գործառույթ ունի՝ հասարակությունը բաժանել թեւերի եւ նրանց միջեւ սերմանել փոխադարձ ատելություն, թշնամանք, ինչը թույլ կտա զանգվածներին դարձնել առավել կառավարելի: Այդ առումով «նախկին-ներկա» գծապատկերի ենթատեսակներից են նաեւ «հայաստանցի-ղարաբաղցի», «մենք-նրանք» խոսույթները, որոնք նույնպես լայնորեն կիրառվում են իշխանության կողմից՝ որպես ժողովրդի ուշադրությունը ներքին ու արտաքին մարտահրավերներից, օրվա հրատապ խնդիրներից շեղելու միջոց: Այսպես, իշխող քաղաքական համակարգը (այսինքն՝ «ներկաները») կարողանում է ճարպկորեն մանիպուլացնել իր նախորդների (այսինքն՝ «նախկինների») գործոնը:
Փաստացի՝ այս երկուսից որեւէ մեկը մյուսի նկատմամբ առավելություն չունի, սրանք իրար արժեն: Հայտնի ասացվածքը մի փոքր վերափոխելով՝ կարող ենք ասել, որ «ներկան»՝ դա լավ մոռացված «նախկինն» է: Բայց ժողովրդի մեծամասնությունը ոչինչ չի մոռացել. նա հավասարապես չի ընդունում ո՛չ նախկիններին եւ ո՛չ էլ, առավել եւս, ներկաներին, որոնք պարտության, կորուստների ու մահվան խորհրդանիշ են: ՀՀ միջին վիճակագրական քաղաքացու մեջ արմատացած այդ խոսույթը նրա կողմից ընկալվում է որպես ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա գործիչներից այլեւս ձերբազատվելու անբռնազբոս ցանկություն։ Հայաստանում այժմ գերազանցապես կա հասարակության կամ, ավելի ճիշտ, ազգի փոխակերպման սոցիալական պահանջ: Ընդ որում՝ խոսքը խորքային փոխակերպման մասին է:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում