«Առավոտի» զրուցակիցն է Կանադայում ՀՀ նախկին դեսպան, «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը։
-Պարոն Պապյան, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանում ելույթ ունեցան ե՛ւ Նիկոլ Փաշինյանը, ե՛ւ Իլհամ Ալիեւը։ Մենք տեսանք, որ Ալիեւը Հայաստանի ու հայ ժողովրդի վերաբերյալ դարձյալ մեղադրանքներ հնչեցրեց, խոսեց Հայաստանի այսպես կոչված «կապիտուլյացիայի» մասին ու սպառնալից հռետորաբանություն կիրառեց։ Ի պատասխան՝ Փաշինյանը կրկնեց իր թեզը, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղություն է հաստատված»։ Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը համարժեք պատասխան տվե՞ց Ալիեւին, եւ ինչպե՞ս եք գնահատում նրանց ելույթները։
-Առաջինը ելույթ ունեցավ Ալիեւը եւ իր ելույթի ուղիղ կեսը՝ 8 րոպեն նվիրեց Հայաստանին մեղադրելուն՝ ըստ իրենց՝ հստակ թվերով ու փաստերով։ Եվ դա ցույց տվեց, որ նման ելույթ ունեցողը բնավ խաղաղության մտադրություն չունի։ Այդ ելույթում Հայաստանի հասցեին հնչեցին տարբեր մեղադրանքներ՝ իբր «65 մզկիթի ավերման» հարցը, հազարավոր անհետ կորածների եւ այլն։ Միաժամանակ, ինքն օգտագործեց «կապիտուլյացիա» բառը, օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը՝ մինչեւ իսկ առանց հիշատակելու, որ այդ միջանցքը Հայաստանով է անցնելու։ Ամենավատն այն է, որ սա հստակորեն մնաց անպատասխան, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում բացի ինչ-որ խաղաղության մասին քաղաքական նեյնիմներից, որեւէ բան չասաց։ Օրինակ՝ այնտեղ Ալիեւն ասում էր՝ «մենք հարգել ենք միջազգային հումանիտար իրավունքը եւ չենք թիրախավորել քաղաքացիական անձանց, իսկ Հայաստանը դա արել է»։ Չպատասխանել նման մեղադրանքներին, անթույլատրելի է, քանի որ դրանք հեռուն գնացող մեղադրանքներ են։ Այսինքն՝ դատական գործերում հղում է արվելու այդ ելույթներին, հետո նաեւ հղում է արվելու, որ Փաշինյանը չի պատասխանել։ Չգիտես ինչու, Փաշինյանին անհանգստացնում էր ընդամենը երկու ձեւակերպում՝ մեկն այն էր, թե ի՞նչ նկատի ունի Ալիեւը, երբ ասում է՝ «Զանգեզուրի միջանցք», մյուսն էլ ասաց՝ դե պետք չէր խոսել կապիտուլյացիայի մասին, որովհետեւ նման ձեւակերպումներն ընդունելի չեն։ Ալիեւը հստակ օգտագործեց իրեն տրված 15 րոպեն՝ Հայաստանի դեմ պատրաստելու հետագա դատական գործերը։ Եվ դա անելու է, անկախ նրանից, որ իբր թե համաձայնություն են ձեռք բերել միջազգային դատական ատյաններից հայցերը հետ վերցնելու։ Եթե հայկական կողմն այդ գործընթացը դադարեցնելու է, հայցերը հետ է քաշելու, Ադրբեջանը շարունակելու է, որովհետեւ նախաստորագրված որեւէ փաստաթուղթ ոչինչ չի կարող պարտադրել։
Հասկանո՞ւմ եք՝ սա հերթական խեղճության եւ ոչ պետական մարդու ելույթ էր։ Քեզ հնարավորություն է տրվել ամբողջ աշխարհին ներկայացնել իրականությունը։ Ես երեկվանից նստած՝ լսում եմ Ռուսաստանի, Իրանի, ԱՄՆ-ի, տարբեր երկրների ղեկավարների ելույթները։ Նիկոլ Փաշինյանը, հատկապես որ ելույթ էր ունենում Ալիեւից հետո, հնարավորություն ուներ համարժեք արձագանք տալ։ Գոնե ասեր՝ Հայաստանը երբեք չի խախտել հումանիտար իրավունքը։ Դե լավ, գերիների ու պատանդների մասին չես խոսում, քանդվող հուշարձանների մասին չես խոսում, դու ինքդ չես մեղադրում Ադրբեջանին, բայց գոնե չես էլ կարողանո՞ւմ մի կես բերան ասել, որ այդ Ալիեւի հնչեցրած մեղադրանքներն իրականությանը չեն համապատասխանում։
Կարդացեք նաև
Գոնե ավելի մեղմ ասեր, օրինակ, ասեր, որ մենք միշտ ենք հարգել հումանիտար իրավունքը։ Նկարահանված կադրեր կան՝ գնդակահարված հայ զինվորականների, քաղաքացիական բնակչության սպանությունների մասին։ Ադրբեջանական հարձակման առաջին զոհերից էին անչափահասները, 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հարձակման օրը միայն Սառնաղբյուր գյուղում երեք երեխա էր սպանվել, որոնցից երկուսը՝ եղբայրներ։ Ի՞նչ է նշանակում, երբ Ալիեւն ասում է, թե իրենք «չեն թիրախավորել քաղաքացիական բնակչությանը»։ Նիկոլն արդեն 7-8 տարի է՝ երկիր է ղեկավարում, այդպես էլ չի հասկացել, թե երկրի ղեկավար լինելը ինչ է։ Ինքը չի հասկացել, թե հնարավորությունները որոնք են, խոսքի ազդեցությունը որն է։ Այսինքն՝ իրեն թվում է, որ եթե ինքն այդ ամբիոնից հերթական անգամ քծնեց Թրամփին, ասաց, որ Թրամփի թեկնածությունը ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար, դրանով հայ-ամերիկյան հարաբերությունները բարելավվելու են։ Նա անգամ չի հասկանում, որ այդ ամբիոնից հնչեցրած այդ խոսքը այնտեղ ներկա երկրների կեսից շատերի ղեկավարների դուրը չի գալու։ Այսինքն՝ ինքը չի հասկանում, որ ինքն ավելի վնասում է, օգուտ չի ստանում, բայց վնասում է։ Ի՞նչ ասեմ՝ սա մի կերպար է, էլ չեմ ասում ղեկավար, որն ուղղակի երազանք է Ադրբեջանի համար։ Նիկոլ Փաշինյանը քաղաքական «ոսկե ձկնիկ» է, ամեն անգամ Ալիեւն ասում է՝ սա եմ ուզում, ինքն իրագործում է։ Անգամ խոսքի մակարդակով չի հակադարձում։ Ասում ես՝ «զենք չունենք, զորք չունենք», դեռ հարց է, թե ինչու չունենք, բա լավ, խոսք էլ չունե՞ս, 15 րոպեի մեջ գոնե մի երկու լավ բան ասեիր քո երկրի մասին։ Ես Վրաստանի նախագահի ելույթը լսեցի, սկսեց նրանից, որ իրենք 3000 տարվա պետականություն ունեցող ժողովուրդ են։ Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի մասին մի դրական խոսք չասաց։ Ամբողջ օրը այստեղ գլուխ ես գովում, որ իբր թե երկրի վիճակը լավ է, տնտեսությունը զարգանում է, լավ, գոնե այդ սուտն այնտեղ ասեիր։
-Փաշինյանի այս քաղաքականությունն ի՞նչ հետեւանք է ունենում Հայաստանի համար։
-Այս քաղաքականությունը Հայաստանը տանում է կործանման։ Այսքան էլ որ դիմանում ենք, Աստծո պահածն է։ Մենք միշտ օրինակ էինք բերում Ալիեւի ելույթներն իր երկրի ներսում, զենքի գնումը, բանակի վերակազմավորումը, բայց սա մեկ անգամ եւս ցույց տվեց, որ նման կարեւոր ամբիոնից էլ է նույն թեզերը կրկնում։ Իսկ Նիկոլ Փաշինյանն անգամ խոսքի մակարդակով սեփական երկիրը չի կարողանում պաշտպանել։ Ինքը միայն Հայաստանում է առյուծ կտրել, մեր հարկերով ոստիկանությանն ու զանազան իրավապահ մարմիններին քսի է տալիս ժողովրդի վրա եւ աջ ու ձախ ձերբակալում, աշխատանքից են ազատում մարդկանց, քաղաքական գործեր են «կարում»։ Եվ հիմա մենք տեսնում ենք, որ երկրում արդարադատության բացակայություն է, գրեթե ամեն օր հրազենի կիրառմամբ սպանություն կամ հարձակում է տեղի ունենում։ Մարդիկ իրար մեջ հարցերը լուծում են այդպես, որովհետեւ վստահ են, որ արդարադատություն չկա։ Իսկ սա նշանակում է, որ պետությունը ներսից է քանդվում, ինչը շատ վտանգավոր երեւույթ է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ