Արթուր Առաքելյանին, Էրիկ Բաբախանյանին, Գերասիմ Հայրապետյանին, Արման Մկրտչյանին, Արամ Միքայելյանին, Սանասար Մեսրոպյանին եւ Մոհամմադ Սաֆֆարիին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2017թ. ապրիլի 1-ին Հանրապետության փողոցի 82 հասցեում գործող «Կովկաս» պանդոկում «խմբի» կազմում բռնության, ինչպես նաեւ որպես զենք օգտագործվող առարկայի` ապակյա տարայի, գործադրմամբ կատարել են խուլիգանություն:
2017 թ. ապրիլի 9-ին, ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 15157817 քրեական գործը: Այն փաստորեն, 8 տարի է, դատարաններում է:
Արթուր Առաքելյանի նկատմամբ էր միայն կալանքը ընտրված, մյուսների դեպքում խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հետագայում մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ գրավ էր կիրառել դատարանը:
2017թ. մարտի 31-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ընկերներով` Գերասիմ Հայրապետյանի, Արամ Միքայելյանի, Արման Մկրտչյանի եւ Արթուր Առաքելյանի հետ այցելել են Հանրապետության փողոցի 82 հասցեում գործող «Վիվարո գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կովկաս» պանդոկ, որտեղ նստել են «Քարանձավ 1» սրահի թիվ 75 առանձնասենյակում:
Կարդացեք նաև
Որոշ ժամանակ անց` ժամը 01:50-ի սահմաններում, հարեւան առանձնասենյակներից մեկից լսելով բարձր խոսակցության ձայներ, Արթուր Առաքելյանը մոտեցել է սրահի թիվ 95 առանձնասենյակ եւ զգուշացրել այնտեղ նստած անձանց` բարձր չխոսել եւ իրենց հանգիստը չխանգարել, որից հետո վերադարձել եւ նստել է իրենց առանձնասենյակում: Թիվ 95 առանձնասենյակում նստած Ռոդիկ Մանուկյանը, Իման Մոհամմադի Շահամին եւ Մոհամմադ Սաֆֆարին մոտեցել են թիվ 75 առանձնասենյակին եւ պահանջել պարզաբանում: Մեղադրյալները շուրջ 4 րոպե տեւողությամբ, թիվ 75 առանձնասենյակում, ապա ընդհանուր սրահում, աղմկել են եւ հայհոյել, բռնություն գործադրելով՝ ոտքերով եւ ձեռքերով փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, պանդոկի սեղաններից վերցված եւ որպես զենք օգտագործվող առարկաներով` ապակյա տարաներով, միմյանց հարվածներ հասցնելով, մասնավորապես` Էրիկ Բաբախանյանը պանդոկի սեղաններից վերցրել եւ Ռ.Մանուկյանի, Ի.Շահամիի եւ Մ.Սաֆֆարիի ուղղությամբ է նետել ափսեներ եւ բաժակ, խոչընդոտել են «Կովկաս» պանդոկի բնականոն աշխատանքը, ոչնչացրել են պանդոկի սպասքի պարագաները՝ «Վիվարո գրուպ» ՍՊ ընկերությանը պատճառելով 31.750 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դատարանը 2022թ. դեկտեմբերի 2-ին մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու պատճառաբանությամբ (դատավոր՝ Տաթեւիկ Գրիգորյան), իսկ Արամ Միքայելյանի նկատմամբ 2003թ. ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցվել է վերջինիս մահվան հիմքով:
Բողոքաբեր Երեւան քաղաքի դատախազության դատախազ Կարեն Իսրայելյանը պահանջել է ամբողջությամբ բեկանել, կայացնել դրան փոխարինող դատական ակտ:
2023թ .փետրվարի 2-ին դատախազի բողոքը բավարարվել է:
Վճռաբեկ դատարանի առջեւ բարձրացված իրավական հարցը հետեւյալն է. իրավաչա՞փ է, արդյոք, Առաջին ատյանի դատարանի՝ 2022 թ. դեկտեմբերի 2-ի որոշումը բեկանելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի՝ 2023 թ. փետրվարի 2-ի որոշումը:
Երեկ մեզ հայտնի դարձավ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատն իր գնահատականն է տվել:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ անգամ ամբաստանյալներին վերագրվող արարքը ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով որակելու դեպքում, քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը չի անցել։ Մասնավորապես, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքը թեեւ դասվել է միջին ծանրության հանցագործությունների շարքին, սակայն վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելը կանոնակարգող նորմերի համադրված վերլուծությունը ցույց է տալիս, որ թե ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի, թե ՀՀ գործող քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի դեպքում քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե վերագրվող արարքը կատարելուց անցել է տասը տարի: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ հատուկ վերանայման վերաքննիչ բողոքում դատախազը չի վիճարկել Է.Բաբախանյանի եւ Գ.Հայրապետյանի նկատմամբ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու իրավաչափությունը։ Ուստի Վերաքննիչ դատարանը, անտեսելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը, դուրս է եկել օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից, եւ չի գործել որպես «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ի մասի իմաստով «օրենքի հիման վրա ստեղծված դատարան»: Այս դրվագով դատարանը հիշել էր իրավապաշտպան Արթուր Սաքունցի գործով արտահայտած իր իրավական դիրքորոշումը. ?Վերաքննիչ դատարանն իրավունք չունի իր դատական ակտը հիմնավորել այնպիսի էական փաստարկումներով, որոնք ներկայացված չեն վերաքննիչ բողոքում:
Դատարանը բեկանել է Էրիկ Բաբախանյանի եւ Գերասիմ Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2023 թ. փետրվարի 2-ի որոշումը, մնացածի մասով թողել անփոփոխ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը, հիմքում դնելով Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումը:
Քրեական օրենքի հետադարձության կանոնների համաձայն՝ տվյալ իրավիճակում նախկին օրենքով ծանր հանցագործության համար նախատեսված քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը համեմատելով նոր օրենքով միջին ծանրության հանցանքի համար սահմանված վաղեմության ժամկետի հետ, Վճռաբեկ դատարանն արձանագրել էր, որ թեեւ հանցանքի տեսակը մեղմացել է, սակայն վաղեմության ժամկետները մնացել են անփոփոխ։ Հետեւաբար, շարունակում է գործել տվյալ արարքի համար վաղեմության ժամկետն անցնելու հետեւանքով քրեական պատասխանատվությունից ազատելու 10-ամյա ժամկետը։
Վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ տվյալ դեպքում անթույլատրելի է օրենքի փոփոխության արդյունքում հետադարձության կանոնների կիրառմամբ ստացված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետը (10 տարին) համեմատել ՀՀ նախկին քրեական օրենսգրքով նախատեսված միջին ծանրության հանցանքի համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության ժամկետի (5 տարի) հետ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.09.2025
Նկարը գեներացվել է արհեստական բանականության միջոցով: