Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորածի հարազատի ինքնազգացողությունը վատացավ, «շտապ օգնություն» կանչեցին

Սեպտեմբեր 29,2025 14:58

Պաշտպանության նախարարության (ՊՆ) շենքի դիմաց անհետ կորած զինվորների հարազատների բողոքի ցույցը շարունակվում է: Ցուցարարներից 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբոր՝ Արսեն Ղուկասյանի ինքնազգացողությունը քիչ առաջ կտրուկ վատացավ, «շտապ օգնություն» կանչեցին: Ցուցարարներին դեռ չի հաջողվել հանդիպել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի կամ բարձրաստիճան այլ զինվորականների հետ: Սակայն նրանք դեռ չեն պատրաստվում հեռանալ:

Ղուկասյանին այսօր շատ էր զայրացրել այն փաստը, որ ցուցարարներին պատրաստ է հանդիպել ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը: Արսեն Ղուկասյանը ՊՆ աշխատակիցների հետ թեժ վիճաբանողներից էր: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Որոշել են, որ մեզ՝ երեք ծնողիս կընդունի Արման Սարգսյանը: Բայց նախորդ օրը՝ ակցիայի ժամանակ, ես մեքենայով Արման Սարգսյանի դիմացն եմ կանգնել, իրեն տեղեկացրել եմ՝ հեսա գալիս ենք: Ծնողներով ակցիա ենք անելու, թողել, քշել, գնացել է: Մեզ այդ օրն ասել են՝ կունենաք հանդիպում ձեր ուզած մարդկանց հետ, ինձ երաշխավորել են, որ կհանդիպենք մեր ուզած մարդկանց հետ: Իսկ այսօր տեսանք՝ հենց շտաբի աշխատողները փորձեցին ընդհարում սարքել, որ դառնա անկառավարելի, բախում ծնողների հետ, որ ուժ կիրառելով՝ նստեցնեն, տանեն, հարցը փակեն այդ ձեւով»:

Արսեն Ղուկասյանի խոսքով՝ կոնկրետ խուսափում են իրենց հետ հանդիպումից, որովհետեւ գիտեն՝ իրենց ունեցած տեղեկատվությունն այնքան է, որ իրենց տված հարցերին չեն կարողանա պատասխաններ տալ. «Որ չհայտնվեն վատ վիճակում, խուսափում են»:

Պարոն Ղուկասյանն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ փողոց են պատրաստվում փակել. «Այս ամեն ինչը մեր երեխեքի համար ենք անում, մեր երեխեքի ճակատագրի համար ենք անում: Այն կառույցը, որ զորակոչել, տարել է երեխեքին բանակ, ձեռքերը լվացել է; Տարան, կորցրին երեխեքին, հետեւներից չգնացին, միջոցներ չձեռնարկեցին, որ բերեին»:

Շտապ բժշկական օգնություն ստանալուց հետո պարոն Ղուկասյանը կրկին խոսեց լրագրողների հետ:

Անդրադառնալով փողոց փակելու որոշմանը՝ ասաց՝ էլի կփակեն, բայց ուզում են սպասել, գուցե պաշտոնյաների ողջամտությունը արթնանա. «Էդ երեխեքի ճակատագրով վերջը մեկը պե՞տք է զբաղվի, թե՞ ոչ: Ոնց նայում ենք, զբաղվող չկա: Էն ժամանակ խորհրդարանում Անդրանիկ Քոչարյանին ասում էինք՝ քննի, ճշտի. իմացա՞ք՝ ով էր դավաճանը, ով սրիկան, ով էս երկիրն ու երեխեքին ծախեց»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930