ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով հարցին, որ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին կարեւորել է Եվրամիության հետ համագործակցությունը՝ ասելով, որ գրեթե մենք Եվրամիության ճանապարհին ենք, բայց այնտեղ մեզ որեւէ մեկը դեռ չի սպասում եւ այս ֆոնին՝ կարող է գալ մի ժամանակ, որ մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք, պատասխանեց. «Ո՞վ է նման հայտարարություն արել, թե կարող է գալ մի ժամանակ, որ մենք կարող ենք ԵԱՏՄ-ից դուրս գալ, կամ այդ հնարավորությունը չի բացառել: ԵԱՏՄ-ից դուրս գալու որեւէ օրակարգ չկա: Ընդհակառակը, մենք խորացնում ենք մեր հարաբերությունները ԵԱՏՄ մեր գործընկերների հետ եւ այսօր քննարկված եւ քվեարկված համաձայնագիրը նաեւ դրա մասին էր վկայում: Ես խնդրում եմ ձեզ, նման օրակարգ չգեներացնել: Մենք ԵԱՏՄ մեր գործունեության շրջանակում տնտեսության հետ կապված շատ լուրջ ձեռքբերումներ ունենք եւ դա գնահատում ենք»:
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է «Զանգեզուրի միջանցք» արտահայտության մասին, որն իր մեջ նաեւ տարածքային պահանջ է նշանակում եւ ասել, որ սպասում է Ալիեւի պարզաբանմանը, հետեւաբար ի՞նչ է նշանակում, որ մենք «խաղաղության մեջ ենք ապրում», Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Այստեղ մեկնաբանման հարց է: Վարչապետը բարձրաձայնել է խնդիր, որը կա եւ այդ խնդիրը նաեւ պետք է մեկնաբանվի: Ես կարծում եմ, թե մենք, թե Ադրբեջանը գնում ենք խաղաղության եւ այդ խաղաղությունը, կարելի է ասել, որ հաստատված է: Բայց խաղաղության պրոցեսը եւս իրենից ենթադրում է որոշակի հարցերի պարզաբանում»:
Լրագրողները հիշեցրին, որ Ալիեւը դա երկրորդ անգամ կրկնեց, այսինքն, ասածը բանի տեղ չդրեց: «Քաղաքական հարաբերություններում նման անձնական որակումները տեղին չեն: Մենք անցել ենք շատ բարդ ընթացք եւ ունենք հանգրվան, որը կոչվում է խաղաղություն: Սա ամենակարեւոր բանն է: Արանքի միջանկյալ հատվածում ընկած հարցերը կպարզաբանվեն եւ իրենց լուծումները կստանան«-ասաց պատգամավորը:
Կարդացեք նաև
Իսկ հիշեցմանը, թե ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Հայտարարել է, թե Հայաստանը պետք է ընտրություն կատարի՝ Եվրամիությո՞ւն, թե՞ ԵԱՏՄ, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ եւ որեւէ այլ օրակարգ այս պահին չկա:
Հարցադրմանը՝ բայց Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե մենք գնում ենք Եվրամիություն, օրենք ընդունել ենք, ենթակառուցվածքները կհամապատասխանեցնենք այն դեպքում, որ ԵՄ-ն եւ ԵԱՏՄ-ն իրար հակասող տնտեսական միություններ են, ՔՊ պատգամավորը պատասխանեց. «Մենք ունենք փաստ, որ ձեր նշած օրենքն ընդունել ենք, ունենք փաստ, որ արվել են հայտարարություններ, ունենք փաստ, որ մենք ԵԱՏՄ անդամ ենք: Խնդրում եմ՝ այս դիտանկյունով դիտարկեք հարցը: Ոչ մի բանի ընդդեմ քայլ չի արվել: Մենք ԵԱՏՄ անդամ ենք եւ սա փաստ է: Եվ ես չեմ հասկանում, թե ուրիշ ինչ ենք ման գալիս»:
Պատգամավորը նաեւ նշեց, որ «Թրամփի ճանապարհ» կոչվածի մասով այս պահին շատ ակտիվ աշխատում են ամերիկացիների հետ, նաեւ աշխատանքային խումբ է ձեւավորվել, սակայն ինքը լիազորված չէ այդ թեմայով պարզաբանումներ տալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ