Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ական պատգամավորը չկարողացավ պատասխանել հարցին, թե ինչու վարչապետը կամ նրա թիմը սեպտեմբերի 27-ին չայցելեցին Եռաբլուր եւ հիշատակի օրը համեմատեց տոն օրերի հետ

Սեպտեմբեր 29,2025 15:59

«Եռաբլուրում եւ պատերազմին առնչվող խորհրդանշական սրբավայրերում մենք լինում ենք շատ հաճախ՝ նաեւ առանց կոնկրետ օրերի: Եվ ես չեմ ուզում, որ սա մենք դարձնենք քաղաքական օրակարգ: Այցեր պարբերաբար լինում են Եռաբլուր նաեւ առանց տեսախցիկների»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իշխանական որեւէ ներկայացուցիչ սեպտեմբերի 27-ին Եռաբլուր չայցելեց: «Ես չեմ ուզում, որ այս հարցը քաղաքականացնենք»,-ասաց նա:

Վաղարշակ Հակոբյան

Դիտարկմանը, թե, ըստ էության, հնարավոր չէ, պատկերացնել Նիկոլ Փաշինյան եւ առանց «reel» ինչ-որ այց, բայց, այնուամենայնիվ, վերջին անգամ ե՞րբ է վարչապետը կամ թիմը գնացել Եռաբլուր կամ, ինչպես ինքն է ասում, պատերազմի հետ կապված այլ խորհրդանշական վայրեր, ՔՊ-ականը պատասխանեց. «Վարչապետի այցերի մասին դուք տեղեկատվություն կարող եք ստանալ իր մամուլից, մամուլի պատասխանատուներից, մամուլի հաղորդագրություններից: Խմբակցության մասով մենք եւս ունենք մամուլի պատասխանատուներ, ովքեր դրանով զբաղվում են: Ես չեմ կարող այստեղ նշել, թե մենք ուր ենք գնում, որտեղ են բոլորն անցկացրել իրենց ամառային արձակուրդները կամ ձմեռային հանգիստը, ես չեմ կարող ձեզ տեղեկացնել, թե առաջիկա տոներին ով՝ ուր է պատրաստվում գնալ»:

Երբ լրագրողները պատգամավորին հիշեցրին, որ սեպտեմբերի 27-ը տոն չէ, այլ հիշատակի օր է, Վաղարշակ Հակոբյանը հավաստիացրեց. «Դուք առաջիկայում կտեսնեք, որ այդ օրակարգը եւս կեղծ է, որովհետեւ սեպտեմբերի 27-ի հետ կապված այժմ նաեւ գործընթացներ կան եւ երբ ինչ-որ մի բան շրջանառվի, դուք կտեսնենք: Ես չեմ ուզում հիմա դրա մասին խոսել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930