Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում տարեկան գնաճն օգոստոսին բարձրացավ՝ հասնելով 3.6 տոկոսի. Համաշխարհային բանկի ամփոփագիրը

Սեպտեմբեր 29,2025 17:23

Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Հայաստանի տնտեսական զարգացման ամսական ամփոփագիրը

  • Հուլիսին տնտեսական աճը կազմեց 8.9 տոկոս (տ/տ)՝ աճողական ցուցանիշը հասցնելով 7.1 տոկոսի։
  • Հուլիսին զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումներն ավելացան 42.3 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված Ռուսաստանից ներհոսքերով։
  • Օգոստոսին գնաճը հասավ 3.6 տոկոսի և ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ թողեց։
  • Արտահանումը և ներմուծումը շարունակեցին նվազել (տ/տ)՝ պայմանավորված թանկարժեք քարերի և մետաղների վերաարտահանման փուլային դադարեցմամբ։

Հունվարից հուլիսն ընկած ժամանակահատվածում բյուջեում գրանցվեց ՀՆԱ-ի 0.6 տոկոսի չափով աճողական պակասուրդ։

Հուլիսին տնտեսական ակտիվության աճը հասավ 8.9 տոկոսի (տ/տ՝ տվյալ ժամանակահատվածը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ)՝ առաջին եռամյսակի 6.7 տոկոսից բարձրանալով (տ/տ) (պատկեր 1)։ Հուլիսին աճը պայմանավորված էր շինարարության ճյուղի բարձր ակտիվությամբ (աճը՝ 26.1 տոկոս, տ/տ), ծառայություններով, առանց առևտրի (աճը՝ 11.1 տոկոս, տ/տ) և արդյունաբերությամբ  (աճը՝ 4.2 տոկոս, տ/տ,  որը հաջորդեց հունիսին 1.2 տոկոսով նվազմանը, տ/տ)։  Արդյունաբերության աճն աշխուժացավ 31.5 տոկոսով (տ/տ) էլեկտրաէներգիայի արտադրության արագ աճի և 3.3 տոկոսով (տ/տ) մշակող արդյունաբերության աճի շնորհիվ, որին օժանդակեցին  սննդի (աճը՝  11 տոկոս, տ/տ) և ծխախոտի (աճը՝ 39 տոկոս, տ/տ) ավելի մեծ արտադրությունը։ Հանքարդյունաբերության ակտիվությունը փոփոխական է մնում․ հունիսի 10 տոկոսով (տ/տ) աճին հաջորդեց հուլիսի 8.4 տոկոսով (տ/տ) նվազումը։ Առևտրի աճը կազմեց 3 տոկոս (տ/տ)։ Հուլիսին իրաբավանական անձանց գրանցումներն ավելացան 4 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված ՍՊԸ-ների գրանցման 30.2 տոկոս (տ/տ) աճով, որն օգնեց չեզոքացնելու անհատ ձեռներեցների գրանցումների 3.9 տոկոսով (տ/տ) նվազումը։

Հուլիսին զուտ առևտրային դրամական փոխանցումների բարձր աճը պահպանվեց՝ կազմելով 42.3 տոկոս (տ/տ)։ Նշվածը պայմանավորված էր Ռուսաստանից զուտ ներհոսքերի 68.9 տոկոսով (տ/տ) ավելացման հետ, որին բաժին է ընկնում ընդհանուր զուտ ներհոսքերի 65 տոկոսը, և Միացյալ Նահանգներից զուտ ներհոսքերի 16.4 տոկոսով (տ/տ) աճով (պատկեր 2)։ Առաջին եռամսյակում գործազրկության մակարդակը նվազեց՝  2024 թ. առաջին եռամյսակի 15.5 տոկոս մակարդակից իջնելով մինչև 14 տոկոս, իսկ զբաղվածության և աշխատուժի մասնակցության մակարդակը համապատասխանաբար 50.1 և 58.2 տոկոս էր։

Տարեկան գնաճն օգոստոսին բարձրացավ՝ հուլիսի 3.4 տոկոսից հասնելով 3.6 տոկոսի (պատկեր 3)։ Գնաճի բարձր մակարդակը պահպանվեց սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների (4.9 տոկոս), ալկոհոլային խմիչքների (6.6 տոկոս), կրթության (7.8 տոկոս), տրանսպորտի (6 տոկոս) դեպքում։ Օգոստոսի 5-ին ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը վերաֆինանսավորման (քաղաքականության) տոկոսադրույքն անփոփոխ՝ 6.75 տոկոս թողեց և հայտարարեց, որ հաջորդ 12 ամիսների ընթացքում ակնկալում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի աստիճանական իջեցում՝ մինչև մոտավորապես 6.25 տոկոս։

Հուլիսին արտահանումը ու ներմուծումը նվազեցին՝ պայմանավորված վերաարտահանման շարունակվող փուլային դադարեցմամբ (պատկեր 4)։ Արտահանումը  հուլիսին նվազեց 15.4 տոկոսով (տ/տ)՝ մայիսին արձանագրված 39 տոկոսով (տ/տ) անկման համեմատ։ Ներմուծումը նվազեց 16.5 տոկոսով (տ/տ)՝ մայիսի համեմատ նմանատիպ ավելի փոքր նվազմամբ։ Հուլիսին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի և մետաղների  արտահանումն ու ներմուծումը նվազեց շուրջ 59 տոկոսով (տ/տ)՝  որպես ընդհանուր արտահանման  և ներմուծման ընդհանուր կրճատումը պայմանավորող հիմնական գործոն հանդես գալով։ Ավտոմեքենաների արտահանման ծավալի կրճատումը շարունակվեց (նվազումը՝ 36.4 տոկոս տ/տ)։ Այս նվազումների ազդեցությունը աճի վրա թուլացավ գյուղատնտեսական մթերքի (աճը՝ 23.3 տոկոս, տ/տ), պատրաստի սննդամթերքի (աճը՝ 24.3 տոկոս, տ/տ), մեքենաների (աճը՝ 36.4 տոկոս, տ/տ) և հանքանյութերի (աճը՝ 11.8 տոկոս, տ/տ) արտահանման աճի շնորհիվ։  Հաշվի չառնելով թանկարժեք քարերի և մետաղների և քարերի վերաարտահանման առևտուրը՝ արտահանման և ներմուծման աճը կազմել է համապատասխանաբար 19 տոկոս (տ/տ) և 5.5 տոկոս (տ/տ)։ 2025 թ. հուլիսին զբուսաշրջիկների ժամանումներն ավելացան 11 տոկոսով (տ/տ)՝ երեք ամիս անընդմեջ աճելով։ Թեպետ հունվար-հուլիս ամիսներին ժամանումների աճողական ցուցանիշը նվազեց մեկ տոկոսով (տ/տ), աճը վկայում  է տեմպի աստիճանական վերականգման մասին։ Օգոստոսին համախառն միջազգային պահուստներն ավելացան 173.6 միլիոն ԱՄՆ դոլարով՝ կազմելով 4.2 միլիարդ,  որը համարժեք է 3.4 ամսվա ներմուծման ծածկույթի։

Օգոստոսին ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 0.3 տոկոսով (ա/ա՝ տվյալ ամիսը՝ նախորդ ամսվա նկատմամբ) և 1.3 տոկոսով (տ/տ)։ Ռուբլու նկատմամբ այն կայուն մնաց (ա/ա),  միաժամանակ 1.7 տոկոսով արժեզրկվելով եվրոյի նկատմամբ։ 2025 թ.-ի սկզբից ի վեր ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ արժևորվեց 3.7 տոկոսով։ Փետրվար-հունիս ամիսների ժամանակահատվածում ՀՀ ԿԲ-ն միջամտություն կատարեց արտարժույթի շուկայում և գնեց մոտավորապես 750 միլիոն ԱՄՆ դոլար՝ փոխարժեքի տատանումները հարթելու համար։

Հուլիսին առևտրային բանկերի ավանդները և վարկերն աճեցին համապատասխանաբար 0.3 տոկոսով (ա/ա) և 1.2 տոկոսով (ա/ա)։ Հուլիսին, հունիսի համեմատ, ավանդների և վարկերի աճի տեմպի արագացումը հիմնականում ՀՀ դրամով արատահայտված ավելի մեծ թվով գործիքների օժանդակությամբ էր, իսկ վարկերի աճը պայմանավորող առաջնային գործոնը սպառողական վարկերը և ֆինանսական ու ապահովագրական գործունեության վարկավորումն էին։ Փոխարժեքով ճշտված տարեկան աճը կազմել է ընդհանուր ավանդների 13.6 տոկոսը (տ/տ) և վարկերի 28.5 տոկոսը (տ/տ) (պատկեր 5)։

Հուլիսին բյուջեում գրանցվեց կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.2 տոկոսի չափով պակասուրդ։  Հարկային եկամուտները (այդ թվում՝ հիփոթեքի հետ կապված եկամտային հարկը) անվանական արտահայտությամբ աճեցին 18.1 տոկոսով (տ/տ), որը պայմանավորված էր ԱԱՀ -ի հավաքագրման ավելի բարձր մակարդակով (աճը՝ 20.7 տոկոս, տ/տ), եկամտային հարկերով (աճը՝ 14 տոկոս, տ/տ) և շահութահարկերով (աճը՝ 46.7 տոկոս, տ/տ)։ Շրջանառության հարկի դրույքաչափերը բարձրացվեցին՝ հավաքագրումը խթանելով 29 տոկոսով (տ/տ)։ Ընդհանուր ծախսերը կրճատվեցին  4.8 տոկոսով (տ/տ)։ Սա պայմանավորված էր 42.7 տոկոսով (տ/տ) կապիտալ ծախսերի անկմամբ, ինչը պաշտպանական ծախսերի 39.1 տոկոսով (տ/տ) նվազման հետևանք էր։ Հատկանշական է, որ կրթական ծախսերն աճեցին 19.7 տոկոսով (տ/տ)՝ պայմանավորված Կառավարության հնգամյա (2021–2026 թթ.) ծրագրով նախատեսված դպրոցաշինությամբ և դպրոցների հիմնանորոգմամբ։ Ընթացիկ ծախսերն ավելացան 4.7 տոկոսով (տ/տ)՝ հիմնականում սուբսիդիաներով պայմանավորված (աճը՝ 21.3 տոկոս, տ/տ)։  Հունվար-հուլիս ամիսների ժամանակատվածում  աճողական պակասուրդը հասավ կանխատեսված տարեկան ՀՆԱ-ի 0.6 տոկոսին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930