Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 15 դերասաններ վաղը կմեկնեն Ղազախստանի Կոստանայ քաղաք՝ մասնակցելու «Քիթ ֆեստ» անվամբ փառատոնի։ Այն տեղի կունենա հոկտեմբերի 1-5-ը։
Նրանք կներկայացնեն ազգությամբ լեհ, աշխարհահռչակ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանին» պիեսը, որի ռեժիսորն Արտուշ Միքայելյանն է։
Աճեմյանցիների այս բեմադրությունն անցած տարի արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում։
Թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ փառատոնը տարբերվող է, մրցութային է, այն անցկացվում է առաջին անգամ, թատրոնը չի կարող հայտ ներկայացնել մասնակցության, մասնագիտական հանձնախումբն է ընտրություն կատարում՝ դիտելով տարբեր ներկայացումներ։
Կարդացեք նաև
Հայաստանից ընտրել են Գյումրու դրամատիկական թատրոնի «Տունը սահմանին» ներկայացումը։ Այն խաղալու են հայերեն, որը կթարգմանվի, թեև, ըստ թատրոնի գեղարվեստական ղեկավարի, այս ներկայացման առանձնահատկությունն այն է, որ եթե նույնիսկ լեզուն չհասկանան, միևնույնն է՝ հանդիսատեսը խաղից հասկանալու է ամբողջ սյուժեն։ Պիեսը թեև գրվել է 60 տարի առաջ համաշխարհային ռազմաքաղաքական իրադարձությունների ֆոնին, սակայն մինչև օրս արդիական է։
Լյուդվիգ Հարությունյանը վստահ է, որ ձեռնունայն չեն վերադառնա Ղազախստանից։
Փառատոնի հանձնախումբը Գյումրու թատրոնի ձեռագրին ծանոթացել է նախորդ տարի, երբ աճեմյանցիները Սանկտ Պետերբուրգի փառատոնին ներկայացրել են ռեժիսոր Տաթևիկ Մելքոնյանի բեմադրած «Շարքային թռչնակը»։
«Մեր ձեռագիրը տեսնելով՝ ընտրեցին հենց մեզ։ Ուրախ ենք, որ Հայաստանից ընտրվել է Գյումրու թատրոնը։ Նրանք չընտրեցին այնպիսի ներկայացում, որտեղ 2 կամ 3 հոգի են խաղում, ընտրվեց մի ներկայացում, որտեղ 15 դերակատար կա, ընտրվեց մի ներկայացում, որը բարդ է, կատակերգություն չէ, խորհելու, մտորելու տեղիք է տալիս։ Մասնագիտական հանձնախումբ կա, որի մեջ ընդգրկված են տարբեր երկրների ներկայացուցիչներ, հենց նրանք են ընտրողը։
Փառատոնը մրցութային է, 15 երկիր են մասնակցում, մեր տարածաշրջանից, ինչքան տեղյակ եմ, մասնակցում են Հայաստանը և Վրաստանը։ Այդ վեց օրերի ընթացքում ներկայացնում ես քո երկիրը, քո քաղաքը, քո մշակույթը։
Թատրոնի համար դժվար կլիներ մեկնել, եթե տոմսերի ձեռք բերման հարցով չօժանդակեր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, իհարկե, թատրոնը իր հնարավորությունների սահմաններում էլ ամեն ինչ անում է, որ խնդիրներ չլինեն։
Ասեմ, որ դեկորներն ամբողջովին նոր են պատրաստվում իրենց քաղաքում։
Հոկտեմբերի 6-ին կվերադառնանք։ Այս տարի մի քանի հոբելյարներ ունենք, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը իր բնավորության համաձայն չուզեց ունենալ հոբելյանական երեկո, որ բեմ բարձրանա, խոսի կամ այլ տեղ նշի, որոշեցինք՝ նա իր ծննդյան տոնի առթիվ հոկտեմբերի 18-ին բեմադրություն կներկայացնի։
Մեզ համար առանձնահատուկ է այդ բեմադրությունը, եթե չեմ սխալվում մոտ 40 տարի առաջ է բեմադրել, պիեսի հեղինակն Անահիտ Աղասարյանն է, որին գյումրեցի հանդիսատեսը գիտի «Հարսանիք թիկունքում» ներկայացումով։ Նիկոլայ Ծատուրյանը կբեմադրի «Երեքն էլ մի աղջիկ» պիեսը, մեր բեմական վերնագիրը կկոչվի «Երեք անունով մի աղջիկ», -ասաց Լյուդվիգ Հարությունյանը։
Նիկոլայ Ծատուրյանն այն բեմադրում է Գյումրու թատրոնի ստեղծագործական խմբի հետ, գլխավոր դերերում հանդես են գալու Ջեմմա Ադամյանը և Արսեն Սաղաթելյանը։ Ներկայացման մեջ ընդգրկված է նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Գրիգորյանը։
Այս առաջնախաղին կհաջորդի թատրոնի ամենամեծ միջոցառումը․ հոկտեմբերի 25-ին թատրոնի հիմնադրման 160-ամյակին նվիրված թատերականացված համերգ-ներկայացումն է։
«Քանի որ 150-ամյակը, 155-ամյակը ավելի թատերական, ավելի պաշտոնական են նշվել, մենք որոշեցինք, որ այս տարի 160- ամյակը նշելիս՝ թատրոնի ձևաչափից՝ հերթական խոսքից, ողջույններից շեղվենք, ու այդ օրը թատրոնի դերասանները ելույթ ունենան այլ ձևաչափով․ ոչ թե խաղալու են, այլ երգելու են։ Ստեղծագործական խումբը շատ մեծ հետաքրքիր համերգ է կազմակերպել, արդեն 4 ամիս այդ աշխատանքները տարվում են, համերգի ռեժիսորը Ռաֆայել Ասատրյանն է, պարերի հեղինակը՝ Ալինա Արարատյանը, համագործակցում են շատ երիտասարդ ու շատ հետաքրքիր խմբի՝ «Ֆոլկաստիկ բենդի» հետ։ Հոկտեմբերի 25-ին մենք մեր տոնը կնշենք այլ ձևաչափով, որը կոչվելու է «Արտիստիկ համերգ», որի ժամանակ ելույթ կունենա մեր թատրոնի ամբողջ ստեղծագործական խումբը»,-ասաց մեր զրուցակիցը։
Թատրոնը մինչև տարեվերջ կունենա ևս երկու ներկայացում, մեկը՝ Մհեր Մկրտչյանի անվան փոքր բեմում, տարեվերջին էլ հանդես կգան ամանորյա ներկայացմամբ։
Լյուդվիգ Հարությունյանն ասում է՝ թատրոնի հոբելյանական 160-ամյակը նշելու են ողջ տարվա ընթացքում՝ հետաքրքիր խաղացանկով, մի քանի առաջնախաղերով։ Այս տարվա խաղացանկը, ինչպես միշտ, լինելու է թե՛ պատանի հանդիսատեսի, թե՛ երիտասարդության և թե՛ տարեցների համար։ Ներկայացումներով խոսելու են սիրո, համերաշխության մասին, իհարկե՝ չկտրվելով իրականությունից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ