«1990-ականների պատերազմի հետեւանքով կորցրի հորս։ Պատերազմի հետեւանքով վեց տարեկանում կորցրի տեսողությունս։ Ողբերգությունները հանգեցրին նրան, որ սրտի կաթվածի հետեւանքով կորցրի մորս։ Բայց ես չեմ ատում ադրբեջանցի ժողովրդին։ Անգամ ընտանիքովս եւ երկու երեխաներովս հանդերձ բռնի տեղահանվելուց եւ ապաստանելուց հետո, ադրբեջանական քրեական հետապնդումից կամ առեւանգումից խուսափելուց հետո ես չեմ ատում ադրբեջանցի ժողովրդին»։
Այս հայտարարությամբ հանդես է եկել Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար եւ «Արցախ միություն» հ/կ նախագահ դոկտոր Արտակ Բեգլարյանը՝ Ժնեւում ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակում Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում» խորագրով քննարկմանը։
Արտակ Բեգլարյանը լսարանին փոխանցել է Արցախից բռնի տեղահանված անձանց շրջանում անցկացված հարցման արդյունքներն, ըստ որոնց՝ բնակչության 87%-ը ցանկանում է վերադառնալ Արցախ։
«Մեր վերադարձը հիմնված չէ քաղաքականության վրա։ Այն հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Միջազգային իրավունքի հանրաճանաչ կոնվենցիաները ճանաչում են բոլոր տեղահանված անձանց վերադարձի իրավունքը», – ընդգծեց Բեգլարյանը՝ հիշեցնելով Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի որոշման մասին, որն Ադրբեջանին պարտավորեցնում է արտոնել վերադառնալ ցանկացող արցախցիների վերադարձը։
Կարդացեք նաև
«Միջազգային փաստաթղթերն, այդ թվում՝ Վաշինգտոնի կողմից միջնորդավորված եւ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ստորագրված համաձայնությունը եւ հռչակագիրը խոսում են խաղաղության մասին, բայց ամբողջովին անտեսում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության առաջնային զոհին եւ առաջնային կողմին․․․․»։
Վերադարձի համար անհրաժեշտ են պայմաններ
Այդպիսի խաղաղությունը, համոզված է Բեգլարյանը, չի հանգեցնի կայուն եւ համապարփակ խաղաղության։
Բովանդակային խաղաղության համար պետք է ապահովվի արցախցիների անվտանգությունը։ Արտակ Բեգլարյանը յոթ պայման է թվարկել։
Ա/ Անվտանգության միջազգային հզոր երաշխիքներ, միջազգային ներկայություն,
Բ/ Ադրբեջանական ցեղասպան վերահսկողության բացառում,
Գ/ Միջազգային եւ տեղական համատեղ վարչակարգի հիմնում՝ կյանքի բնական հունի եւ մարդու իրավունքների պաշտպանության համար,
Դ/ Ցամաքային եւ օդային վստահելի եւ ապահով կապ Հայաստանի հետ,
Ե/ Շրջապատող տարածքներում ադրբեջանական ուժերի ապառազմականացում,
Զ/ Ադրբեջանում հակահայկական պետական քաղաքականության վերացում,
Է/ Արդարության եւ ժողովուրդների միջեւ հաշտության համար միջազգային ջանքերի գործադրում։
Հրատապ վեց քայլերը
Նախքան վերադարձը, Բեգլարյանը հրատապ է համարել հետեւյալ քայլերի իրականացումը։
Ա/ Միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության եւ հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը,
Բ/ Ինքնության, մշակույթի եւ համայնքային ապրելակերպի պահպանումը Հայաստանում,
Գ/ Ադրբեջանում պետական պատանդների ազատ արձակումը,
Դ/ Ադրբեջանի եւ ալիեւյան ռեժիմի դեմ պատժամիջոցների սահմանումը,
Ե/ Երկխոսության միջազգային մեխանիզմների եւ հարթակների հատկացում,
Զ/ «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» զարգացում՝ ներգրավելու համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի օրինակարգ ներկայացուցիչներին։
Զարմացած էի, որ վերադարձի իրավունքի մասին դրույթ չկար․ դոկտոր Ուիլյամս
Իրավագիտության դոկտոր, «Միջազգային հանրային իրավունքի եւ քաղաքականության խումբ» հ/կ նախագահ Փոլ Ուիլյամսը քննադատեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խաղաղության ձեւաչափը, քանզի այն «ոչ մի կերպ չի անդրադառնում մոտավորապես 150,000 հայերի տեղահանմանը Լեռնային Ղարաբաղից»։
«Ընթերցելով համաձայնագիրը՝ ես բավականին զարմացած էի, որ վերադարձի իրավունքի, մշակույթի պահպանման համար կամ էթնիկ զտման համար արդարադատության իրականացման առնչությամբ որեւէ դրույթ առկա չէր։ Այն, կարծես, նաեւ սահմանադրական մակարդակով ընդունում է Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանությունը՝ առանց հասցեագրելու Լեռնային Ղարաբաղում ապրած եւ տեղահանված արցախցիների խնդիրը», – ասաց դոկտոր Ուիլյամսը։
«Տեղահանված արցախահայերից շատերի համար վերադարձը լոկ իրավունք չէ»
Գովերգելով «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը»՝ նա շեշտեց՝ այն հնարավորություն է հստակեցնելու արցախահայության վերադարձի համար պահանջվող իրավական, ֆիզիկական եւ նյութական պայմանները եւ միջազգային դերակատարների անելիքը՝ արժանապատիվ, կամավոր եւ անվտանգ վերադարձն իրականացնելու նպատակով։
«Տեղահանված արցախահայերից շատերի համար վերադարձը լոկ իրավունք չէ։ Այն ինքնության, պատկանելիության եւ, ուղիղ ասենք, գոյութենական հարց է», – նշեց Փոլ Ուիլյամսը, բացատրեց՝ արցախցիների բաշխվածությունը Հայաստանով մեկ կանխում է նրանց համայնքային ինտեգրումը։
Համատեքստ
Խոսք ունեին ասելու նաեւ Շվեյցարիայի Ազգային Խորհրդի պատգամավորներ, «Լեռնային Ղարաբաղում խաղաղության շվեյցարական նախաձեռնության» անդամներ Էրիկ Ֆոնտոբելը եւ Նիկոլա Վալդերը, որոնք պատմեցին նախաձեռնության ուղու եւ դրա նպատակների մասին։
Հիշեցնենք․ 2024 թվականի դեկտեմբերի 17-ին Շվեյցարիայի Համադաշնության Դաշնային Ժողովի ստորին պալատը՝ Ազգային Խորհուրդը, բանաձեւ էր ընդունել՝ Դաշնային խորհրդին կոչ անելով միջազգային համաժողով կազմակերպել՝ ԼՂ հայերի անվտանգ վերադարձի հարցը քննարկելու համար։
Արդեն 2025 թվականի մարտի 18-ին Դաշնային Ժողովի վերին պալատը՝ Կանտոնների Խորհուրդը, նույնաբովանդակ նախագծով հանդես եկավ։
Նախաձեռնության նպատակներն ի կատար ածելու համար մայիսին իր գործունեությունը մեկնարկեց այդ նպատակով ձեւավորված պատգամավորական միջկուսակցական հանձնախումբը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ