Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի չկա «Մաներհայմի գիծը»

Սեպտեմբեր 30,2025 10:00

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, անցած շաբաթ ելույթ ունենալով ՄԱԿ-ի համաժողովում, մեկ առ մեկ թվարկեց «Համասի» ձեռքում գտնվող հրեա պատանդների անունները՝ դիմելով իր խոշտանգվող հայրենակիցներին սկզբից եբրայերեն, հետո անգլերեն: Դրանով նա, ի դեպ, էապես տարբերվեց Հայաստանի վարչապետից, որը, նույն հարթակում խոսքի իրավունք ստանալով, որեւէ ծպտուն չհանեց Բաքվում խոշտանգվող հայ պատանդների մասին: Առաջին եւ երկրորդ դեպքում ազգային արժանապատվության մասին պատկերացումները խիստ տարբեր են:

Նեթանյահուի ելույթից առաջ դահլիճում մի քանի տասնյակ ներկաների ցուցադրական ելքը եւ դատապարտող բացականչությունները տպավորիչ էին: Հակասություններն Իսրայելի եւ ՄԱԿ անդամ բազմաթիվ երկրների միջեւ հսկայական են, եւ նույնիսկ ԱՄՆ-ի անվերապահ աջակցությունը, կարծում եմ, հետ չի պահի այդ պետություններին եւ կազմակերպություններին մարտական գործողություններից: Այնպես որ՝ տրամաբանական է ենթադրել, որ մահաբեր հարվածների փոխանակումը շարունակվելու է, թերեւս՝ ավելի մեծ ինտենսիվությամբ:

Մեր հարեւանությամբ պատերազմի շարունակությունը ավելի քան հավանական է: Թե ինչպես է այս պարագայում Հարավային Կովկասում խաղաղություն լինելու, չափազանց խնդրահարույց է, եթե նույնիսկ բոլոր մնացած գործոնները հաշվի չառնենք:

Միջազգային իրավունքի չգործելու եւ խաղաղության իրական երաշխավորների բացակայության պայմաններում հնարավոր է ամեն ինչ: Մոտակա ամիսներին, շատ հավանական է, Ալիեւը զերծ կմնա ռազմական էսկալացիայից՝ հնարավորություն տալով Փաշինյանին, օգտագործելով «խաղաղության» քարոզչական թեզը, վերարտադրվել: Դա չի նշանակում, որ Ադրբեջանի ղեկավարը կդադարեցնի իր ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ, ինչի ականատեսն էինք ՄԱԿ-ի նույն համաժողովում:

Իսկ ընտրություններից հետո «խաղաղությունը» կշարունակվի այնքան, որքան Հայաստանի վարչապետը կշարունակի իր միակողմանի զիջումները: Պատճառն այն է, որ մենք չունենք այն «Մաներհայմի գիծը» (չիմացողներին, թե դա ինչ է, առաջարկում եմ կարդալ համացանցում), որի վրա կարողացել ենք կանգնեցնել թշնամուն:

…Նույն ՄԱԿ-ի վեհաժողովի ժամանակ նույն ամբիոնից Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ռուսաստանն իրավունք չունի շարունակելու իր հարձակողական գործողությունները Ուկրաինայում, իսկ Իսրայելն իրավունք չունի խախտելու միջազգային իրավունքը: Դա, իհարկե, ճիշտ է, բայց հարց է, թե ո՞վ է այդ միջազգային իրավունքը բանի տեղ դնում:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարում՝ Մաներհայմի գիծը. Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-ֆիննական ռազմաճակատի («Ձմեռային պատերազմ», 1939-1940) գործողությունների ժամանակ Ֆինլանդիայի կողմից խորհրդային ներխուժման դեմ կառուցված սահմանային ամրությունների համակարգը Կարելյան պարանոցում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ծպտուն չի հանել Բաղվում հայ պատանդներից, որովհետև ա) ատում է (վախենում է) արցախահայերին ավելի քան իլհամն է ատում/վախենում; բ) Երևանում էլ ինքն է պատանդ վերցրած հայ ընդդիմադիրներին: Արևմուտքն էլ կուշտ ու հանգիստ ‘մտահոգված է’ ու սոցցանցերում կոչեր է անում…

    նեթանյահուի ցավ ապրելը իր մարդկանց համար չի տարածվում պաղեստինցի նույնիսկ երեխեքի վրա` սովի ու սարսափի միջով տանելուց հետո սպանում է ու չի էլ վախում Նյուրնբերգյան դատավարությունից: Ոչ թե որովհետև սառույծ սիրտ ունի, այլ փողի ու շանտաժի հանճար է: Աշխարհի փողը իր գրպանում է, աշխարհի առաջնորդների անձնական կյանքի մութ անկյունների տվյալները իր ձեռքում է, …: Նա ժպտադեմ թքում է այն միջազգային կոմիտեի վրա, որը 80 տարի առաջ երկիր տվեց իր ժողովրդին հանուն արդարության: Սատանա է: նետանյահուի վարչակարգն է սնում/օժանդակում իլհամի ամբիցիաները և դատարկում նրա գրպանները: Որովհետև նետանյահուի մահ ու ահ սփռելու ախորժակը մեծ է: Դատել է պետք, չի ընկալվում որպես մարդկայնության օրինակ:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930