Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը գնում է ինքնապարտության ճանապարհով. The American Conservative

Սեպտեմբեր 30,2025 14:50

«Հայաստանի վերջին քայլերը ոչ միայն սոցիալապես ապակայունացնող են, այլև՝ օտարերկրյա ներդրումները վանող», – The American Conservative-ում իր հոդվածում գրում է Պագվաշի գիտության և համաշխարհային գործերի կոնֆերանսների անդամ, Քուինսիի պատասխանատու պետականաշինության ինստիտուտի ոչ ռեզիդենտ գիտաշխատող Էլդար Մամեդովը։

Հոդվածում նշվում է. «Նոյյան տապանի աստվածաշնչյան հանգրվան Արարատ լեռան ստվերում, աշխարհի առաջին քրիստոնյա ազգը կանգնած է ինքնության և գոյատևման ճգնաժամի առջև։ Անցել է երկու տարի Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100 000 հայ քրիստոնյաների տրավմատիկ արտագաղթից: Այսօր տիրում է մռայլ պրագմատիզմի տրամադրություն։ «Մենք փորձում ենք կրճատել մեր կորուստները», – բացատրեց տեղական վերլուծաբաններից մեկը, մի զգացում, որը խոսում է ազգային խոր հոգնածության մասին։

Այս նոր ճանապարհը պետք է դիտարկել խոր մտահոգությամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարության ներքո Հայաստանը վերասահմանում է իր իսկ էությունը՝ անվտանգության և արևմտյան ինտեգրման ձգտմամբ»։

Հոդվածագրի խոսքով՝ «թեև խաղաղության ցանկությունը հասկանալի է, կիրառված մեթոդները՝ երկրի հոգևոր, պատմական և սոցիալական սյուները խարխլելը, վտանգ են առաջացնում Հայաստանն անօգնական թողնելու և դարձնելու ավելի խոցելի, քան երբևէ»։

Հոդվածում նշվում է. «Ազգի ինքնատիպ ժառանգության համար անհանգստությունն աճում է։ Հայ Առաքելական Եկեղեցին, այս առաջին քրիստոնյա ազգի հոգևոր սիրտը, աննախադեպ ճնշման տակ է իր իսկ կառավարության կողմից. Փաշինյանը բացահայտ նսեմացնում է կրոնական առաջնորդությանը և փորձում է այն փոխարինել ենթարկվող մարդկանցով։

Այս մշակութային շրդադարձը հետագայում խորհրդանշվեց Արարատի լեռան պատկերը սահմանային անցման կնիքներից հեռացնելու՝ կառավարության որոշմամբ։ Չնայած պաշտոնյաները դա արդարացնում էին որպես Թուրքիային (որի տարածքում է լեռը գտնվում) «վտանգավոր ուղերձներ» հղելուց խուսափելու քաղաքականություն, քննադատները դա ընկալեցին որպես արտաքին ճնշման տակ սիրելի խորհրդանիշի ջնջում։

Միևնույն ժամանակ, Ղարաբաղից փախստականները, որոնք 2020–2023 թվականներին Ադրբեջանի կողմից էթնիկ զտման էին ենթարկվել և արժանի են ազգային համերաշխության, բախվել են իշխող կուսակցության կողմից անհանգստացնող հռետորաբանության։ Ամենավիճահարույցը վարչապետի մեկնաբանություններն էին, որոնք կարծես մթագնում էին 1915 թվականի Հայոց ցեղասպանության աներկբա փաստերը՝ հիշողության և ինքնության սրբազան հենարանը ամբողջ աշխարհի հայերի համար:

Այս ամենը ներկայացվում է որպես անհրաժեշտ անցում «միֆոլոգիական» Հայաստանից դեպի «իրական» Հայաստանի, որը կարող է խաղաղություն հաստատել հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Կործանարար ռազմական պարտությունից հետո կայունություն փնտրելու մղումը տրամաբանական է և արժանի աջակցության, բայց գործընթացը խոր անհանգստություն է առաջացնում, քանի որ թվում է, թե այն ներառում է ազգի հեռացումը հենց այն հիմքերից՝ հավատքից, պատմությունից և սփյուռքի կապերից, որոնք դարերով ապահովել են նրա տոկունությունը վտանգներին դեմ հանդիման:

Այս շրջադարձն ուղեկցվում է դրամատիկ և վտանգավոր կերպով ծանոթ աշխարհաքաղաքական շրջադարձով։ Քանի որ մոտենում են 2026 թվականի կարևոր խորհրդարանական ընտրությունները, Փաշինյանի կառավարությունն ու նրա կողմնակիցները շեշտը դնում են ԵՄ ինտեգրման հեռավոր հեռանկարի վրա՝ իրենց ներքին ընդդիմախոսներին միևնույն ժամանակ համակարգված ձևով որպես ռուսամետ գործակալներ ներկայացնելով»։

Հոդվածագրի խոսքով՝ սա նույն կործանարար ճանապարհն է, որով անցել են Ուկրաինան և Մոլդովան, որտեղ ներքին քաղաքական մարտահրավերները վերափոխվել են քաղաքակրթական պայքարի, և ի վերջո ազգային ինքնիշխանությունը ենթարկվել է ավելի հզոր հովանավորների օրակարգերին՝ կործանարար հետևանքներով։

Ըստ նրա՝ Հայաստանի դեպքում այս գամբիտը վտանգում է ազգի կայունությունը՝ հանուն աշխարհաքաղաքական պատրանքի: ԵՄ-ին անդամակցության ճանապարհը տասնամյակներ տևող լաբիրինթոս է՝ քաղաքական խոչընդոտներով, մինչդեռ իրական տարածաշրջանային խաղաղությունը թվում է ավելի հեռավոր, քան երբևէ. Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անցյալ շաբաթ հանդես եկավ ևս մեկ ագրեսիվ ելույթով, Թուրքիայի հետ սահմանն էլ մնում է փակ։

«Մինչդեռ, Հայ Առաքելական Եկեղեցու դեմ կառավարության արշավը ցույց տվեց իր ուղղակի և ավերիչ տնտեսական հետևանքները։ Այս կապը պարզ դարձավ, երբ կառավարությունը փաստացի բռնագրավեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը՝ դրա սեփականատիրոջ՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ձերբակալությունից կարճ ժամանակ անց, քայլ, որը լայնորեն ընկալվեց որպես վրեժ Կարապետյանի կողմից՝ վարչապետի և Եկեղեցու բախման վերաբերյալ հրապարակային քննադատության համար։

Շուկայի վճիռը արագ և խիստ էր. համաշխարհային վարկանիշային գործակալությունը Moody’s-ը անհապաղ նվազեցրեց ՀԷՑ-ի վարկանիշը՝ ցույց տալով ներդրողների վստահության կորուստը, որը ուղղակիորեն կապված էր կառավարության՝ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված գործողությունների հետ։

Այս քայլը խոր հակասություն է ստեղծում Հայաստանի առաջարկվող արևմտյան շրջադարձի հիմքում»,- նշվում է հոդվածում։

Շեշտվում է՝ այս ներգրավվածության կենտրոնական կետը՝ Թրամփի վարչակազմի «Միջազգային խաղաղության և բարգավաճման ուղի» (TRIPP) նախաձեռնությունը, կառուցված է այն հիմնական ենթադրության վրա, որ ԱՄՆ-ի մասնավոր ներդրումների էական հոսքեր կբացվեն։ Բայց ՀՀ կառավարության վարքագիծը ճիշտ հակառակ ազդանշանն է ուղարկում։

«Ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ նշանակալի ամերիկյան կապիտալ կհոսի նման միջավայր. ՀՀ կառավարությունը ցույց է տվել, որ պայմանագրերը կարող են չեղարկվել և ակտիվները բռնագանձվել քաղաքական անհամաձայնության հետևանքով։

Օրենքի գերակայության այս քայքայումը ոչ միայն վախեցնում է ներդրողներին, այլև սպառնում է խաթարել հենց այն դիվանագիտական ​​և տնտեսական շրջանակները, ինչպիսին է TRIPP-ը, որոնք ենթադրաբար պետք է հիմք հանդիսանան Հայաստանի նոր ուղղության համար։

Հայաստանը մեծ վտանգի առջև է կանգնած։ Աշխարհը պետք է համակրանք ցուցաբերի նրա անվտանգության և բարգավաճ ապագայի ձգտման նկատմամբ, սակայն մենք պետք է խորը մտահոգությամբ նայենք այն ուղղությանը, որը ձգտում է ապահովել ազգի ապագան՝ թուլացնելով այն հին սյուները, որոնք դրանք պահել են հազարամյակներ շարունակ։

Հույսն այն է, որ Հայաստանը կգտնի իր ներկայիս մարտահրավերները հաղթահարելու միջոց՝ առանց առաջին քրիստոնյա ազգի ժառանգությունը զոհաբերելու։ Ներկայիս ուղին, սակայն, վտանգում է ոչ միայն երկրի ինքնիշխանությունը, այլև հենց դրա եզակի քաղաքակրթության գոյատևումը։

Իրապես ինքնիշխան Հայաստանին անհրաժեշտ չէր լինի իր հոգու զոհաբերություն, այլ պրագմատիկ հավասարակշռության ռազմավարություն, որը կապահովի նրա շահերը՝ առանց իր ինքնությունը կորցնելու»,- նշվում է հոդվածում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930