Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանում ճնշումների մակարդակն աննախադեպ է»․ ԵԽԽՎ Ադրբեջանի հարցերով զեկուցող

Սեպտեմբեր 30,2025 13:10

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ Ադրբեջանի հարցերով զեկուցող, նորվեգացի պատգամավոր Լիզ Քրիստոֆերսենը, ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին դիմելով, հայտարարեց՝ Ադրբեջանում ճնշումների մակարդակն աննախադեպ է․ «Ավելի քան 300 քաղբանտարկյալներ կան Ադրբեջանում, որոնց շարքում են լրագրողներ, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներ։ Մեր 76 գործընկերներ հայտարարվել են պերսոնա նոն գրատա, Ադրբեջանի իշխանությունները ոչ համագործակցում են մոնիտորինգային գործընթացների շրջանակում, ոչ ընտրություններում դիտորդական առաքելությունների իրականացման հարցում։ Նրանք չեն կատարում ՄԻԵԴ-ի որոշումները։ Արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են գլխավոր քարտուղարի կողմից վերջ դնելու այս անընդունելի վարքագծին և Ադրբեջանին ստիպելու, որպեսզի կատարի որպես ԵԽ անդամ իր պարտավորությունները»։

Ալեն Բերսե

ԵԽ գլխավոր քարտուղարը հայտարարեց՝ բոլորս խորապես տեղյակ ենք Ադրբեջանում իրավիճակի մասին, և լուրջ մտահոգություններ կան Ադրբեջանի հետ կապված արդեն երկար ժամանակ ու պատասխանեց․ «Կիսում եմ Ձեր մտահոգությունը և կարծում՝ լավագույն տարբերակը առաջընթաց գրանցելու համար ոչ թե հեռավորության վրա դիտարկումներ, ուսումնասիրություններ անելն է, այլ ներգրավելը, միասին աշխատելը, համատեղ նախագծեր իրականացնելը, փորձել դրական քայլեր արձանագրել։ Պետք է Ադրբեջանին ներգրավել, անգամ եթե դա դժվար է։ Հենց դա էլ անում է Եվրոպայի խորհուրդը։ Ադրբեջանի հետ ունենք համագործակցություն ներկառավարական մակարդակում, և վերջերս Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի այց ունեցանք Ադրբեջան, ունենք Ադրբեջանի հետ գործողությունների պլան մինչև 2026-ը։ Մեր Բաքվի գրասենյակն աշխատում է այս ուղղությամբ՝ մասնավորապես կանանց նկատմամբ բռնության, փողերի լվացման, կոռուպցիայի կանխարգելման հետ կապված հարցերի ուղղությամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930