Լրահոս
Օրվա լրահոսը

Իրական Հայաստանի գեղագիտությունը հակադիր չէ դասական բեմական արվեստին. այն հակադիր է պաթոսին և անբովանդակ, վերամբարձ ճոռոմաբանությանը. Դանիել Դանիելյան

Սեպտեմբեր 30,2025 14:40

ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, նախարար Ժաննա Անդրեասյանը: Նիստի օրակարգում ներառված էր մեկ հարց՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը:

Ողջունելով խորհրդի անդամներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել այս տարիների ընթացքում ակտիվ համագործակցության և ազատ ու անկաշկանդ քննարկումների համար՝ ընդգծելով, որ այս կազմով սա վերջին հանդիպումն է. առաջիկայում նախատեսվում է նոր խորհրդի ձևավորում։ Անդրա­դառնալով օրակարգի հարցին՝ նախարարը կարևորել է նախագծի շուրջ իրական քննարկումների անցկացումը։ «Նախագիծը ներկայացրել ենք հասարակական խորհրդի քննարկմանը՝ հնարավոր դիտարկումները, առաջարկները, գուցե նաև մտահոգությունները հասկանալու նպատակով, որպեսզի կարողանանք այն լրամշակել և դարձնել իրապես օգտակար։ Փաստաթուղթը դրվել է նաև հանրային քննարկման, և բազմաթիվ առաջարկներ են ստացվել, ինչը ուրախալի է։ Եթե նախագիծը քննարկումներ է առաջ բերում, ուրեմն դրանում արտահայտված հարցերը մարդիկ համարում են կարևոր։ Ամենավատ նախագծերն անտարբերության հանդիպող նախագծերն են․ նշանակում է՝ դրանք որևէ կապ չունեն իրականության հետ»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ նախագիծը նախատեսվում է քննարկել այլ կարևոր հարթակներում ևս, այդ թվում՝ Հանրային խորհրդում, որպեսզի մարդիկ հնարավորություն ունենան իրենց ասելիքն արտահայտել։

Օրակարգի հարցը՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի նախագիծը, ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ ընդգծելով, որ նախագիծը հանդիսանում է հայեցակարգային փաստաթուղթ, որը կարող է հիմք հանդիսանալ այլ փաստաթղթերի մշակման և նոր ծրագրերի իրականացման համար: «Նախագծում կա մի պարբերություն, որը թերևս բնորոշում է դրա ողջ էությունը, այն է. «Չկա արվեստի որևէ ձև, որին հակադիր լինի Իրական Հայաստանի գեղագիտությունը։ Այն պետք է լինի ներառական և ներկայացնի բոլոր ձևերը։ Իրական Հայաստանի գեղագիտությունը հակադիր չէ դասական բեմական արվեստին. այն հակադիր է պաթոսին և անբովանդակ, վերամբարձ ճոռոմաբանությանը։ Այն պետք է հաղթահարի մեր ամենամեծ խնդիրներից մեկը՝ ձևականությունը՝ գեղագիտությունը դարձնելով արվեստային և մշակութային ձևերի միջոցով ազնիվ խոսակցություն ճշմարտության մասին»։ Այսինքն՝ այս փաստաթղթով ոչ թե սահմանափակվում, այլ բացվում են մշակութային սահմանները և ազատականացվում․ տաբուացված ոչ մի թեմա ոչ մի ժանրում պիտի չունենանք։ Սրանով կարևոր ուղերձ ենք հղում մեր երիտասարդությանը և հանրությանը, արվեստագետներին, մտավորականներին առ այն, որ աշխատեք, ստեղծեք, նախաձեռնեք, և ամեն ինչ Հայաստանում հնարավոր կդառնա»,-նշել է Դանիել Դանիելյանը։ Նրա խոսքով՝ մեր երկրի գեղագիտությունը հազարամյակներ շարունակ պատերազմական և տագնապային վիճակում գտնվող ժողովրդի գեղագիտություն է, որը տեսանելի է արվեստի բոլոր ճյուղերում՝ երգ, թատրոն, կինո, գրականություն և այլն։ «Վերոնշյալով պայմանավորված՝ ունեցել ենք երկու տեսակի գեղագիտություն․ բեմական՝ հասարակական խոսքի իմաստով, որը թելադրված, ուղղորդված քաղաքականություն է եղել պրոպագանդայի տեսակետից և կենցաղային, այսինքն՝ բեմից դուրս տեղի ունեցող գործընթացներ, որոնք ժողովրդին ամենից շատ են հուզել: Երբեմն էլիտար և բեմականացված մտածելակերպի պատճառով քարկոծվել է կենցաղային արվեստը, քանի որ հակադրվել են տարբեր երևույթներ»,- նշել է Դանիել Դանիելյանը՝ շեշտելով, որ որևէ գեղագիտություն պարտադրված չի կարող լինել, հետևաբար առաջարկվող նախագիծն ընդամենը հայեցակարգ է, որը հանրության քննարկմանն է ներկայացվել:

«Երբ խոսում ենք պատերազմի ու պայքարի մասին, բնականաբար առանցքում ողբերգության, մահվան և այլ դաժան թեմաներն են, որոնց կարելի է անդրադառնալ պատմության համատեքստում և տարբեր ֆորմատներով։ Սրանով ամենևին փորձ չի արվում մոռացության մատնել անցյալը․ այսօր առաջարկում ենք խոսել խաղաղության և երջանկության մասին, այն թեմաների, որոնք առավելապես տեղ չեն գտել մեր երգացանկերում և խաղացանկերում: Ինքներս մեզ ճանաչելու և բացահայտելու կարիք ունենք, որի հիման վրա էլ պետք է կառուցենք մեր այսօրվա և վաղվա գեղագիտությունը»,-ընդգծել է նախարարի տեղակալը:

Բանախոսի զեկույցից հետո հասարակական խորհրդի անդամները մի շարք հարցեր են ուղղել զեկուցողին, որոնք, մասնավորապես, վերաբերել են արվեստում ցենզուրայի բացակայությանը, գեղագիտության չափանիշներին և դրանց գնահատմանը, պետության ֆինանսավորմամբ մշակութային նախագծերի իրականացմանը, մարդկային կապիտալի զարգացմանը և տաղանդների բացահայտմանը, արվեստի ազատականացմանը, մշակութային գործիչների ինքնաբավությանը, նախագծում առկա որոշ ձևակերպումների հստակեցմանը և այլն:

Նիստի ավարտին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկման համար՝ նշելով, որ բոլոր դիտարկումները հավելյալ կքննարկվեն և, ըստ անհրաժեշտության, հաշվի կառնվեն։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930