«Հասկանալի՞ է, չէ, որ այս օրենսդրական նախագիծը մեր խմբակցության կողմից մշակվել է՝ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելնելով։ Երբ խոսքը գնում է մանիպուլյացիայի, իրարամերժ հայտարարությունների ու գործողությունների մասին, դրա հիմքում կանգնած են այսօրվա իշխանությունները։ Եվ այսօրվա իշխանություններն են բերել մի վիճակը, որ կասկածի տակ է դրվում մեր հայրենիքի եւ 2018-ից ստեղծված իրավիճակը, եւ ներկան, եւ ապագան»,- ԱԺ նստաշրջանում «Հայաստան» խմբակցության հեղինակած Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցությունն այս նախագծով առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքի գործող 136-րդ հոդվածում, որը վերաբերում է ցեղասպանությունները եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հրապարակայնորեն հերքելը քրեականացնելուն։
Սեյրան Օհանյանը հավելեց․ «Իրականում ձեր իշխանության օրոք ցեղասպանությունը շարունակվեց Արցախի նկատմամբ։ Արցախի բռնի տեղահանմամբ ցեղասպանություն իրականացվեց Ադրբեջանի կողմից։ Եվ այսօր եւ Թուրքիան, եւ թուրք-ադրբեջանական տանդեմը, փոխանակ հայտնվեն մեղադրյալի, հանցագործի վիճակում, Հայաստանի նկատմամբ դարձել են մեղադրող կողմ։ Եվ այդ շարունակական ճնշումներն ու պարտադրանքներն են, որ կասկածի տակ են դնում մեր հայրենիքի ապագան»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը նաեւ ասաց, որ այս իշխանության օրոք Ազգային անվտանգության ռազմավարության մեջ գրված է, որ Հայաստանն ամեն ինչ անելու է՝ Արցախի ժողովրդի բռնագաղթեցումը կանխելու համար։ «Եվ դուք եք, որ այդ ամենը չեք իրականացրել։ Հետեւաբար, երբ մենք խոսում ենք այս նախագծի մասին, այս փոփոխությունների նպատակը մենք պետք է քննարկենք անվտանգության տեսանկյունից, որովհետեւ հավանականությունը շատ մեծ է, որ կարող են հեշտությամբ կատարվել հանցագործություններ ու արդարացվել։ Պետք է իսկապես խիստ պատժելի դարձնել ցեղասպանության ժխտումը մեր նախաձեռնությամբ, որը մենք առաջարկել ենք»,- նշեց նա։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ