«Տարվա ամենասպասված եւ ամենահեղինակավոր իրադարձությունը՝ «ԴիջիԹեք 2025»-ը իր 20-ամյակի շրջանակում խոստանում է նոր բարձունքներ: Այսօր մենք ոչ միայն ազդարարում ենք «ԴիջիԹեքի» մեկնարկը, այլեւ եւս մեկ անգամ վկայում ենք, որ Երեւանը շարունակում է պահպանել իր դիրքը որպես տեխնոլոգիական առաջատար կենտրոն տարածաշրջանում»,-«ԴիջիԹեք 2025»-ի առիթով հրավիրված ասուլիսում նշեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը:
Նրա ձեւակերպմամբ, Երեւանի ռազմավարական ուղղություններից մեկն է՝ Երեւանը դարձնել ժամանակակից, նորարար եւ տեխնոլոգիապես գրավիչ քաղաք; Փոխքաղաքապետը նշեց, որ այս տարի քաղաքապետարանը ոչ միայն ֆինանսական աջակցություն է ցուցաբերել «ԴիջիԹեք 2025»-ին, այլեւ ունենալու է «Երեւան» տաղավարը, որտեղ ներկայացվելու են մայրաքաղաքում իրականացվող տեխնոլոգիական եւ խելացի լուծումները:
«Այս հոկտեմբերի 10-12-ն անցկացվող «ԴիջիԹեքի» վրա արեւը մայր չի մտնելու, ինչպես մայր չի մտնում -ամբողջ աշխարհում բոլոր ժամային գոտիներում գործող հայկական տեխնոլոգիական համայնքի վրա: Տեխնոլոգիական հանրության 20-րդ հոբելյանական ամանորն այս անգամ լինելու է 3 օր եւ 2 գիշեր՝ 24 ժամ: Սա աննախադեպ ձեւաչափ է»,-ասաց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) տնօրեն Սարգիս Կարապետյանը:
Նա հայտնեց, որ «ԴիջիԹեքն» անցկացվելու է տեխնոլոգիական ցուցահանդեսի, կոնֆերանսի եւ փառատոնի եռամիասնության գաղափարի ներքո, բացի հիմնական թեմաներից՝ արհեստական բանականություն, ներդրումներ, ստարտափեր եւ միջազգային վաճառքներ, կլինեն 3 այլ հատվածներ, որտեղ ավելի նեղ լսարանի համար կիրականացվեն մասնագիտական դասընթացներ, աշխատարաններ:
Կարդացեք նաև
Դառնալով տեխնոլոգիական Երեւանին՝ Սարգիս Կարապետյանը փաստեց. «Այսօր աշխարհում մրցում են ոչ միայն երկրները, այլեւ քաղաքները: Մեր համագործակցության շրջանակում այս 3 օրերին Երեւանը դառնում է աշխարհի կենտրոնը, որովհետեւ Տոկիոյից մինչեւ Սան Ֆրանցիսկո, Բոստոն, Նյու Յորք, Լոնդոն, Փարիզ, Սիդնեյ…այս բոլոր քաղաքներից ունենք խոսնակներ, պատվիրակություններ» :
Արդեն 20-րդ անգամ անցկացվող հոբելյանական միջոցառման կազմակերպիչ ԱՏՁՄ-ն ներկայացրել է այս տարվա կանխատեսումը` շուրջ 40 000 հազար այցելու եւ մասնակից 20 երկրներից, համաշխարհային համբավով ավելի քան 100 տեխնոլոգիական առաջնորդ, 250 առաջատար ընկերություն՝ ցուցահանդեսային հատվածում, ինչը ԴիջիԹեքը դարձնելու է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի միջոցառումներից ամենազանգվածային։
«ԴիջիԹեք 2025»-ի աջակիցներն են ՀՀ Կառավարությունը ի դեմս` ԲՏԱ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանը։
«ԴիջիԹեքի» այս տարվա հիմնական շեշտադրումները եւ ցուցահանդեսային, եւ աշխատաժողովային հատվածներում հասցեագրելու են արհեստական բանականության, վենչուրային կապիտալի եւ տեխնոլոգիական ընկերությունների առաջանցիկ աճի խնդիրներն ու մարտահրավերները:
Առաջին «ԴիջեԹեքն» անցկացվել էր 2005 թվականին։ Այն մտահղացել եւ իրագործել է տեխնոլոգիական համայնքի առաջնորդ, ԱՏՁՄ երկարամյա տնօրեն, երջանկահիշատակ Կարեն Վարդանյանը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ