Լրահոս
Օրվա լրահոսը

Ավելի քան 150 հետազոտող աշխարհի 14 երկրից քննարկեցին Արևելք-Արևմուտք մշակութային միջնորդությանն առնչվող հարցեր

Սեպտեմբեր 30,2025 16:30

Սույն թվականի սեպտեմբերի 25-27-ին Հայաստանի ազգային գրադարանում անցկացվեց «Արևելք-Արևմուտք. Մշակութային միջնորդներ (գրականություն, երաժշտություն, պար, թատրոն, գեղանկարչություն, գրաֆիկա, ճարտարապետություն, քանդակ, կինո)» եռօրյա միջազգային համաժողովը։

Համաժողովը կազմակերպվել է ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի, ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, ՌԳԱ Ա․Մ․ Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցությամբ։

Համաժողովին մասնակցեց ավելի քան 150 հետազոտող աշխարհի 14 երկրից (Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Հունգարիա, Լեհաստան, Պարսկաստան, Չինաստան և այլն)։ Համաժողովը կարևոր հարթակ է բազմակողմանի գիտական քննարկումների, հետազոտական նոր նախագծերի և ծրագրերի մտահղացման, մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության խթանման համար։

Համաժողովի զեկուցումների շրջանակն ընդգրկում էր մշակութային միջնորդության տեսական և գործնական բազմաթիվ հարցեր։ Ուշադրության կենտրոնում էին մշակութային միջնորդության ուղիների ու ձևերի, այն իրականացնող անձանց գործունեության, դրա արդյունքների և շարունակականության հեռանկարների քննությունը, մշակութային միջնորդությանն առնչվող գրականության, կերպարվեստի, երաժշտության, թատրոնի և մշակույթի այլ ոլորտների պատմության, տեսության, քննադատության բազմազան հարցեր, սեմիոտիկ և մեդիատեխնոլոգիական մոտեցումներ, ինչպես նաև թվային մշակույթի գործիքները՝ որպես մշակութային միջնորդության նորարար հարթակներ։

Համաժողովի աշխատանքները ղեկավարեցին համանախագահներ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, բանասիրական գիտությունների դոկտոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, Մ.Ա.Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի տնօրեն Վադիմ Պոլոնսկին, բանասիրական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930