Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունների ձեռնարկած միջոցները բավարար կլինեին, եթե գերիներն արդեն վերադարձված լինեին. Սահակյան

Սեպտեմբեր 30,2025 17:02

News.am. Երկու տարի առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին պետական ​​նախարար Ռուբեն Վարդանյանը ձերբակալվել է Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից: EADaily-ին տված հարցազրույցում իրավիճակը մեկնաբանում է փաստաբան, Միջազգային համեմատական ​​իրավունքի կենտրոնի տնօրեն և ՄԻԵԴ-ում հայ բանտարկյալների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը:

Վարդանյան ընտանիքի ներկայացուցիչները բազմիցս դիմել են միջազգային հանրությանը՝ կոչ անելով ուշադրություն դարձնել Ռուբեն Վարդանյանի ճակատագրին։ Ինչպիսի՞ն է եղել ընդհանուր արձագանքը։ Ո՞վ է օգնում և ո՞վ է հրաժարվում դա անելուց։

Եվ մենք, և ընտանիքի անդամները, և տարբեր իրավապաշտպան կազմակերպություններ բազմիցս դիմել ենք միջազգային հանրությանը. թե՛ տարբեր երկրների ղեկավարությանը, թե՛ միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպաններին։ Մենք ստացել ենք ամենատարբեր պատասխաններ, ընդունվել են բանաձևեր, ինչպիսին, օրինակ, Եվրոպական խորհրդարանի մարտի բանաձևն է։ Սակայն, ինչպես տեսնում եք, Ադրբեջանը շարունակում է ապօրինի պահել հայ գերիներին։ Միջազգային իրավապաշտպանների բազմաթիվ դիմումներն ու պահանջները Ադրբեջան այցելելու և նրա հայտարարած «բաց դատական գործընթացին» մասնակցելու վերաբերյալ կամ մերժվել են, կամ անտեսվել։

Օրինակ, ես խորհուրդ կտայի ձեզ, որպես լրատվամիջոց՝ դիմում ներկայացնել՝ այս «բաց դատավարությունները» լուսաբանելու և Ադրբեջանի համապատասխան մարմիններից ստացած պատասխանը հրապարակելու համար։

Բայց հիմա ես ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել շատ ավելի կարևոր հարցի վրա, որը ներկայումս անհանգստացնում է ինչպես մեզ՝ իրավապաշտպաններիս, այնպես էլ գերիների ընտանիքներին։ Սեպտեմբերի 3-ից Ադրբեջանի կառավարության պահանջով հայ գերիների հետ կապ ունեցող միակ միջազգային մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, դադարեցրել է իր գործունեությունը այդ երկրում։ Գիտե՞ք, թե դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է, որ մենք չենք ունենա որևէ հավաստի տեղեկատվություն բանտարկյալների իրական վիճակի մասին, ովքեր այսօր բախվում են բռնության և խոշտանգումների իրական վտանգի։ Ձեր տեղեկացման համար ուզում եմ նշել, որ հայրենիք վերադարձած բոլոր հայ գերիները ենթարկվել են խոշտանգումների։ Ռուբեն Վարդանյանը նույնպես խոշտանգումների էր ենթարկվում իր անցյալ տարվա առաջին հացադուլի ժամանակ և մենք այդ կապակցությամբ արդեն դիմել ենք ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին։

Կարծո՞ւմ եք արդյոք, որ Ադրբեջանի իշխանությունները Ռուբեն Վարդանյանին օգտագործում են որպես Հայաստանի վրա ճնշում գործադրելու գործիք: Ինչպե՞ս եք գնահատում նրան գերությունից ազատելու ուղղությամբ Հայաստանի իշխանությունների քայլերը։

Իհարկե, ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, այլև բոլոր հայ բանտարկյալներին պահելը, ինչպես նաև այս դատական ​​ֆարսը բեմադրելը որոշակի քաղաքական նպատակներ է հետապնդում: Ռուբեն Վարդանյանի դեպքում չկան որևէ ապացույցներ նրա անձնական ներգրավվածության կամ նրա դեմ առաջադրված 42 մեղադրանքների հետ անմիջական կապի մասին: Ավելին, այդ մեղադրանքները կարող էին առաջադրվել ցանկացած հայի: Հետևե՞լ եք դատական ​​նիստերի լուսաբանմանը: Պետք է հետևեք: Դա պարզապես աբսուրդ է: Հարյուրավոր մարդիկ ցուցմունք են տվել՝ նկարագրելով, թե ինչպես են ստացել վնասվածքները, պնդելով, որ երբեք չեն տեսել կամ ճանաչել Ռուբեն Վարդանյանին և նրա «մեղքի» մասին իմացել են միայն ադրբեջանական լրատվամիջոցներից:

Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկված միջոցներին, ապա դրանք բավարար կհամարվեին, եթե գերիներն արդեն վերադարձրած լինեին։ Բացի այդ, մեզ այժմ անհանգստացնում է, որ Վաշինգտոնում պարաֆավորված (նախաստորագրված-«Առավոտ») խաղաղության համաձայնագրում գերիների վերադարձի մասին կետ չկա, իսկ միջազգային պահանջներից հրաժարվելու մասին համաձայնագրի կետը կնշանակի ոչ այլ ինչ, քան գերիների արդարադատության և պաշտպանության վերացում։ Այլ կերպ ասած, Իլհամ Ալիևի ռեժիմը նրանց ազատ արձակելու որևէ քաղաքական կամ իրավական պարտավորություն չի ունենա։ Ակնհայտ է, որ առանց գերիների ազատ արձակման հայ հասարակությունը չի կարող վստահել և հավատալ այս խաղաղ գործընթացներին։ Ուստի չափազանց կարևոր է լուծել այս հարցը մինչև այդ գործընթացների ավարտը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930