Լրահոս
Օրվա լրահոսը

«Սրբազանների դեմ պարզապես անհատական հետապնդում չէ, սա քաղաքական հաշվեհարդար է՝ ուղղված ընդդեմ անկախ կարծիքի եւ եկեղեցու ինքնիշխան դիրքորոշման»

Սեպտեմբեր 30,2025 17:32

«Հայաստանի Հանրապետությունում պետականության հիմքերը պետք է հենվեն ոչ միայն օրենքի տառի, այլեւ պետական մտածողության, ինստիտուցիոնալ արժանապատվության եւ բարոյական կայունության վրա։ Այսօր, ցավոք, մենք ականատես ենք մի գործընթացի, որը խախտում է այդ հավասարակշռությունը։ Խոսքը վերաբերում է Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ՝ Գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի շուրջ ծավալվող իրադարձություններին,  որոնք չեն կարող մեկնաբանվել միայն իրավական տեսակետից։ Որքան էլ փորձ արվի դրանք ներկայացնել՝ որպես օրինական ընթացակարգ, հասարակական ընկալումն այսօր այլ է։ Եվ այդ ընկալումը, վստահ եմ՝ բոլորիս համար հասկանալի է՝ մենք գործ ունենք հստակ քաղաքական պատվերի կատարման հետ, որը չի կարելի անտեսել կամ թաքցնել իբր օրինականության շրջանակներում իրականացվող գործընթացների հետեւում»,- այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։

Ըստ նրա՝ սա պարզապես անհատական հետապնդում չէ, սա քաղաքական հաշվեհարդար է՝ ուղղված ընդդեմ անկախ կարծիքի, ընդդեմ խղճի ազատության, ընդդեմ եկեղեցու ինքնիշխան դիրքորոշման։ «Եվ սա պետք է հստակ արձանագրվի այս ամբիոնից՝ որպես քաղաքական գնահատական»,- հավելեց նա։

Մելքոնյանի խոսքով՝ Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցին միշտ եղել է պետության գործընկեր, բայց ոչ երբեք իշխանության սպասարկու։ Եվ երբ եկեղեցու առաջնորդն իր անհատական կամ հովվական խոսքում արտահայտում է այնպիսի դիրքորոշում, որը կարող է տարբերվել գործող իշխանության պատկերացումներից, դա ոչ թե հանցագործություն է, այլ ժողովրդավարության առողջ դրսեւորում։

Մանրամասները՝ տեսանյութում

«Իսկ երբ նման խոսքի հետեւանքով գործի են դրվում ճնշման մեխանիզմներ, երբ փորձ է արվում խաթարել հոգեւորականի հեղինակությունն ու ծառայությունը, սա արդեն լուրջ սպառնալիք է՝ թե հասարակական ներդաշնակության, թե պետության իրավական համակարգի համար։ Պետությունն ունեն սահմաններ, այդ սահմաններից մեկն էլ հոգեւոր կառույցների անկախությունն է։ Մյուսը՝ խոսքի ազատությունն է։ Եվ ամենակարեւորը՝ պետության բարոյական ինքնակարգավորումը, որն էական է իշխանության լեգիտիմության համար։ Այս տեսանկյունից ստեղծված իրավիճակը վտանգավոր նախադեպ է, որովհետեւ վաղն այս գործելաոճը կարող է ուղղվել ոչ միայն հոգեւոր, այլ ակադեմիական, լրագրողական, մանկավարժական համայնքի դեմ։ Եվ այդ օրը մենք բոլորս կշարունակենք լռել, թե՞ այսօր կձեւավորենք քաղաքական կամք՝ կանգնեցնելու այս հակաօրինական գործընթացը: Ես կոչ եմ անում՝ դադարեցնել քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ճնշումները սրբազանների նկատմամբ, ապահովել լիարժեք թափանցիկություն եւ իրավական պրոցեսների քաղաքական չեզոքություն, դատապարտում եմ եկեղեցու նկատմամբ կիրառվող քաղաքական բռնաճնշումները»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930