Լրահոս
Օրվա լրահոսը

Անմար փառք, եղբայրական խոնարհում՝ անկախության ճանապարհի ԱՄԿ-ի բոլոր նահատակներին, մեռյալներին ու ողջերին

Հոկտեմբեր 01,2025 12:00

Հիշատակի խոսք՝ սովետական անողոք ժամանակներում երազողներին

Այս կարճառոտ, անպաճույճ մտորումները՝ նվիրված Հայաստանի Հանրապետության ծննդյան 34-րդ տարեդարձին, կոչված են, միաժամանակ, սրտառուչ մեծարանքի, ավաղ, նաեւ հիշատակի խոսք հնչեցնել իմ սերնդակից այն խրոխտ, ըմբոստ տղաների ու աղջիկների աննախադեպ խոյանքին, որոնք թեեւ փոքրաթիվ, սակայն կուռ համախմբված Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) գաղափարական շարքերում, սովետական գորշ, անողոք ժամանակներում հանդգնեցին երազել, ավելին, պայքարի մարտակոչ հղել հանուն Հայաստանի անկախության։

Հիմա, ցավալիորեն, նրանց մասին քիչ է հիշատակվում, նրանք անարդարացիորեն, գրեթե, անտեսված են կամ մոռացված։

Ովքե՞ր էին, սակայն, խիզախումներով լեցուն այդ անհավասար, խելահեղ պայքարի մարտիկները՝ Հայկազները, Ստեփանները, Պարույրները, Աշոտները, Ազատները, Ռազմիկները, Անդրանիկները, որոնք ոգեկոչված իրենց մարտիրոս նախնիների անանց պատգամներով, ձեռնամուխ եղան այդ հեռավոր ժամանակներում վերընձյուղել Հայաստանի անկախության սուրբ տեսլականը, դառնալ դրա աներկյուղ դրոշակակիրները, ուխտյալ պատգամաբերները եւ գուցե թե ռահվիրաները։

Իհարկե, այդ ժամանակ՝ անցյալ դարի երկրորդ կեսերին, նրանք դեռեւս անփորձ, խակ, ուսման եւ գիտությունների կարոտ, սովետական, պետական ահարկու մեքենայի դավերին ու խարդավանքներին անտեղյակ պատանիներ էին՝ աշակերտներ կամ ուսանողներ։

Այնուամենայնիվ, նրանք համարձակ, խիզախ, ազատության անեզր տենչով տոգորված, բազմակարծության հայեցակետին հաստատակամ ապավինած, հայրենիքի եւ նրա ժողովրդի արդար դատին անշեղորեն նվիրված հայորդիներ էին, որոնք անդրդվելի ու հանդիսավոր երդվել էին ծառայել իրենց եղեռնազարկ, հայրենազրկված ժողովրդին եւ կյանքի կոչել նրա սրբազան իդեալները։

Նրանց համալսարանները եղան սիբիրյան տխրահռչակ բանտերը, ցրտաշունչ, Աստծուց մոռացված աքսորավայրերը, որտեղ նրանք կոփվեցին, դարձան անդավաճան զինվորներ, իսկ հետագայում նաեւ՝ խոհուն առաջնորդներ։

Զարմանալի է, որ այդ ռոմանտիկ, սակայն անձնուրաց, նպատակասլաց, եռանդուն երիտասարդները հանդգնել էին ձեռնոց նետել մի ամեհի, ամենակարող կայսրության, որի աշխարհակալական նկրտումներն անսահման էին։ Այդ անօրինակ տերությունն ընդդեմ այլակարծության օժտված էր հզորագույն լծակներով ու գործիքակազմով, ախոյան էր ազատությանը, աստվածամերժ էր, մի կայսրություն, որն իր բյուրավոր զավակներին մատաղ էր արել պատերազմների ռազմադաշտերում կամ Սիբիրի մահաշունչ տափաստաններում։ Նրա համար շարքային մահկանացուն լոկ գործիք էր, միջոց իր կայսերապետությունը հավերժացնելու ճանապարհին։ Այդ մեղսապարտ կայսրության կործանումը թվում էր բոլորովին անիրական ու անիրագործելի, իսկ ԱՄԿ-ի անդամները մտան մաքառման մի հորձանուտ, որն ավելին էր, քան անձնազոհությունը, համազոր էր ինքնահրկիզման՝ իր կանխատեսելի, ողբերգական ելքով։

Սովետահայ հասարակությունը, մասնավորապես՝ մտավորական ավագանին, անկախության տեսլականը թեեւ ենթագիտակցորեն չէր մոռացել, սակայն 1965թ. համազգային զարթոնքից հետո էլ այն ընդունեց գրեթե անտարբեր, անբարբառ, ընդգծված զգուշավորությամբ ու շփոթահար, ինչն իրականում հավասարազոր էր մերժման կամ ժխտումի։

Անկախության գաղափարաբանությունն ընկալվում էր իբրեւ վնասակար, կորստաբեր աղանդ, մերժելի մարտահրավեր, ուստի գերադասելի էր համարվում ներկա գաղութային նվաստացուցիչ կենսաձեւը՝ նկատի ունենալով անկախ պետականության արդյունքում սպասվելիք բազում դժվարություններն ու զոհողությունները։ Այդ դժգույն հեռանկարը սովետահայ մարդուն հակում էր մոլորությունների, շփոթի, վարանումների, թվում էր, թե անկախության գաղափարն անհեռատես, ողջամտությունից զուրկ, անխոհեմ մարդկանց արկածախնդրություն հիշեցնող տեսիլք է եւ ոչ ավելին։

Այս ամենը հանրային գիտակցության մեջ անողոքաբար իրավացի ու անքննելի էր համարվում։ Ավաղ, այս հիմնախնդիրներն ի հայտ եկան նաեւ անկախության շրջանում, իսկ իրական կյանքում մնացին, թերեւս, չհաղթահարված ցայսօր։

Բոլոր ժամանակներին եւ ազգերին բնորոշ մարդկային թուլությունները, ախտերը, մարտնչող նյութապաշտությունը, ընչաքաղցությունը, անձնական շահախնդրությունը, հանրությանն ազնվորեն, ծնրադիր ծառայելու պատրաստակամության պակասը պատճառներն են անկախության գաղափարի այլակերպ ընկալման, թերարժեւորման եւ արդի մեր նկուն վիճակի։ Երիցս իրավացի էին հին հռոմեացիք, որոնք անվարան պնդում էին, որ մեռնելու պատրաստ բանակն անպարտելի է։

Այդ ախտերը հարվածում են մեր դիմադրողունակությանը, ջլատում առանց այդ էլ մեր համեստ ուժերը եւ հնարավորությունները, մեզ դարձնում անմրցունակ, անկենսունակ, անվանարկում, նսեմացնում են առհասարակ անկախության գաղափարը, հուսալքության, հիասթափության դատապարտում բոլորիս, վերակենդանացնում մեզանում անցյալի կարոտախտը։

Ազատության տարիները յուրօրինակ փորձաքար դարձան ոմանց համար, կատարվեց առանձնահատուկ լյուստրացիա, երբ վաղեմի գաղափարապաշտ մարդիկ հանկարծ ընկրկեցին, ձեւախեղվեցին, վերադարձան թվացյալ հին աստվածներին, դավանեցին տարաբնույթ կուռքերի։

Իմաստուն Ավ. Իսահակյանն ունի դասական դարձած մի բանաձեւ, որը խրատաբանում է.

Դուք որ հեգնեցիք, ուժն ստեղծագործ՝

Ձեր նյութի հանդեպ կըգա Ոգու սով…

Անպտուղ է ու անպատասխանատու, երբ մեր ազգային ներկա վրիպումները, անդառնալի դարձած կորուստները փնտրում ենք մեզանից դուրս, այլոց, արտաքին ուժերի եւ կենտրոնների մեջ։ Թվում է, թե մենք եսակենտրոն հոգեկերտվածքի ժողովուրդ ենք, դժբախտաբար, մեր ուժերին անվստահ, կարկամած, հավերժորեն փրկիչներ որոնող ու չգտնող։

Ինքնաքննությունը՝ մեր սեփական հիվանդությունների իրավ, ինքնակամ ախտորոշումը, ծանր, հաճախ, տհաճ, ցավալի եզրահանգումների կայացումը մեր ինքնամաքրմանը միտված արգասավոր բալասան է ու բանալի։ Այդ մասին մեզ ավանդել է հանճարեղ Եղիշե Չարենցը, որի թողած կտակին անփութորեն անծանոթ ենք։

Նրանք՝ ԱՄԿ-ի անդամ մեր ընկերները, դժվար թե հավատում էին, որ կտեսնեն իրենց պայքարի պտուղները, կապրեն, կարարեն անկախ Հայաստանում։ Քաղաքական անզիջում գոտեմարտի այբուբենը սերտող մեր տառապյալ եղբայրներն ու քույրերը խորապես գիտակցում էին, որ իրենց զոհողությամբ առայժմ սոսկ ասպարեզ էին բացում հաջորդ սերնդի հայորդիների համար՝ հանուն ինքնիշխան, ազգերի ընտանիքում իր արժանապատիվ տեղը նվաճած հայության, որի հավերժության առհավատչյան, կռվաններից առաջնահերթն ու գերական անկախ պետության առկայությունն է։ Նրանք համոզված էին, որ ազգերի ինքնորոշման իրավունքն անօտարելի, անվիճարկելի է նույնքան, որքան աստվածային, բնական է մարդու կյանքի ու արժանապատվության իրավունքները։

Ազատության, ինքնիշխանության ենթադրելի գինը, ափսոս, եզակիորեն թանկ է, հաճախ, արյունոտ ու մահաբեր։ Ազատության ճանապարհի անորագույն սարսափները, սովետական Գուլագի անօրինակ, անմարդկային տառապանքները նրանք կրեցին ճշմարիտ պատվախնդրությամբ, հայոց նախընթաց Ազատամարտի նահատակ առաքյալների նմանությամբ ու հպարտությամբ։

Անցյալի անցքերի, անաչառ, արդարամիտ պատկերման բարոյական պարտադրանքը պարտավորեցնում է գեթ հարեւանցի մի ակնարկ նետել ընդհատակ հորջորջվող մութ եւ անվերծանելի երեւույթի վրա, որի քուրայում հարկադրված է գործել պետականորեն արգելված որեւէ քաղաքական շարժում, այդ թվում՝ իհարկե ԱՄԿ-ն։

Ընդհատակի բովով անցած եւ նրա խորհրդավոր ծալքերին քաջատեղյակներն անվարան կվկայեն, որ դա բազում անհայտներ պարունակող, արտասովոր որոգայթներով, անակնկալ շրջադարձերով, նենգ, ցածոգի դավերով, մարդկային հոգեբանության եւ վարքագծի հերոսական կամ նվաստ դրսեւորումներով չափազանց հարուստ ներկապնակ ներկայացնող մի միջավայր է։ Այստեղ պարզապես անշրջանցելի են վրիպումները, վախերը, մոլորությունները, տագնապները, անհեթեթ իրավիճակները, բացահայտման ոչ ենթակա իրողությունները։ Ընդհատակ կոչվող այդ ծածուկ, անհաղորդ խառնարանում լռության քողի ներքո բորբոքվում են մարդկային կրքերը, բախվում են ուղեղները, խմորվում են զանազան ծրագրերը։ Անտես ընդհատակում մարդիկ մաքառում են, թրծվում, վերակերպվում կորովի, արիասիրտ, գաղափարակիր մարտիկների կամ ընկրկում, կոտրվում, բարոյապես խեղանդամվում՝ վերածվելով եղկելի թշվառականների։ Աներկբա է, որ ընդհատակն ուժեղ, հաստատակամ, կենսունակ, համառ անձանց ասպարեզ է, յուրօրինակ փորձադաշտ, որտեղ հակացուցված է շարժման շարքերը սողոսկած խղճուկ փարիսեցի ստահակների, անկամ երկչոտների, վեհերոտ հավատուրացների, երդմնազանցների մասնակցությունը։

Ամփոփելով՝ անմար փառք, եղբայրական խոնարհում եւ անկեղծ գնահատանք անկախության ճանապարհի ԱՄԿ-ի բոլոր նահատակներին, բոլոր մեռյալներին ու ողջերին։

 Մանուկ ԹՈՓՈՒԶՅԱՆ

 21.09.2025թ.

«Առավոտ» օրաթերթ
30.09.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031