Օգտատերերից մեկն ինձ վերջերս գրել է, որ իմ նյութերը մշակույթի, գրքերի, հոգեւոր խնդիրների մասին ավելի հետաքրքիր են, քան քաղաքական թեմաներով հրապարակումները, քանի որ «քաղաքականությունը ձանձրալի է»: Զուտ տեսականորեն ես պատրաստ եմ դրա հետ համաձայնել: Բայց կա մի խնդիր, որը հարցականի տակ է դնում այդ գնահատականը՝ իսկ ո՞րն է քաղաքականության եւ «ոչ քաղաքականության» սահմանը:
Ենթադրենք, մենք խոսում ենք «սուտ վկայություն մի տուր» պատվիրանի մասին: Արդյոք այդ պատվիրանը քաղաքակա՞ն չէ: «Մենք ընտրություններ չենք կեղծել» արտահայտությունը քաղաքական է, այդպես չէ՞: Իսկ ի՞նչ է նշանակում Վանաձորում հաղթած թեկնածուի դեմ գործ կարել, որ նա քաղաքապետ չդառնա: Եվ ի՞նչ է նշանակում նույն բանը փորձել անել Գյումրիում: Մինչեւ համապետական ընտրությունները, քաղաքական ընդդիմախոսներին բանտերում պահելը ընտրությունների արդյունքները կեղծելու փորձ չի՞: Այդպիսով՝ պատվիրանի թեման դառնում է քաղաքական:
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը ժամանակին այցելել էր Փաշինյանին բանտում (շատ ճիշտ էր արել): Դա քաղաքականությո՞ւն էր, թե՞ պարզապես հումանիզմի դրսեւորում: Իսկ հիմա ոչ մի հանձնակատար Միքայել սրբազանին չի այցելում: Փաշինյանն իրենցն է, սրբազանն իրենցը չի: Դա քաղաքականությո՞ւն է, թե՞, ենթադրենք, անձնական համակրանք:
Վարչապետը եկեղեցիները համեմատում է չուլանների հետ, եպիսկոպոսներից մեկը հակադարձում է, վարչապետն ի պատասխան ամենագռեհիկ ձեւով մտնում է բանսարկությունների դաշտ: Դա քաղաքակա՞ն երեւույթ է, թե՞ առողջապահական:
Կարդացեք նաև
Փարաքարում սպանվել է համայնքի ղեկավարը: Իշխանությունը մեզ հանգստացնում է՝ այստեղ որեւէ քաղաքականություն չկա, զուտ վենդետա է: Հարց՝ իսկ վենդետան չի՞ կարող քաղաքական լինել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով
Ենթադրում եմ, որ այդ օգտատերը պարզապես չի ցանկանում քննադատություններ լսել ՔՊ-ի և Փաշինյանի մասին, դրա համար էլ, նման քողարկված ձևով, փորձում է լռեցնել Ձեզ
Ես լինեմ մեկը ով գրում է Ձեզ, որ Դուք հետաքրքիր մոտեցումներ եք տալիս քաղաքական հարցերին և կրթում հանրությունը:
Այո, այդ օգտատերը չի ցանկանում, որ Դուք ունենաք ազատություն գրելու այն մասին ինչը համարում եք հետաքրքիր: Ես կասեի, նույնիսկ, որ սպառնանքի ‘հոտ’ է գալիս…
Մի այլ առիթով Դուք ասացիք, որ արձագանքը շատ բան է ասում արձագանքողի մասին: Սա նույն դեպքից է:
Ինձ էլ է պատահել` մի թունդ նիկոլական կտրուկ ընդհատեց ու համարյա բղավեց. ‘Ես թույլ չեմ տա, որ քննադատեք նիկոիլին:’ 2019-ին էր: