ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Տեղեկացա, որ Ազգային ժողովի ամբիոնից նախկին վարչապետներից մեկը հերթական անգամ փորձել է մոլորեցնել մեր հանրությանը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող մի շարք պնդումներ։ Դրանք ոչ այլ ինչ են, քան ստանդարտ մանիպուլյացիաներ, որոնք որակային առումով, մեղմ ասած, չեն փայլում և փաստերի հետ բախվելիս արագ քանդվում են: Հետևաբար, կարծում եմ՝ կարևոր է դրանց անդրադառնալ կետ առ կետ, որպեսզի քաղաքական դիվիդենդների ետևից վազողները չկարողանան իրենց կեղծ թեզերը մատուցել որպես իրականություն, իսկ հանրությունը ստանա հստակ և ճշգրիտ տեղեկատվություն։
Նախ՝ պետական բյուջեի ծախսերի վերաբերյալ:
Հայտարարվել է, թե իբր 2017թ.-ից ի վեր՝ պետական բյուջեի ծախսերի էական աճ տեղի չի ունեցել, եթե հաշվի առնենք արտաքին պարտքի սպասարկումն ու մարումները: Սա կա՛մ գիտակցված մանիպուլյացիա է, կա՛մ էլ անթույլատրելի անտեղյակություն, քանի որ պետական պարտքի մարումները չեն ներառվում պետական բյուջեի ծախսերում, ներառվում են միայն պետական պարտքի սպասարկման վճարները:
Կարդացեք նաև
Թվային լեզվով՝ 2025թ. ընդհանուր ծախսերն առանց արտաքին պարտքի տոկոսավճարների 2017թ. համեմատ աճելու են ավելի քան 1.86 տրիլիոն դրամով, իսկ գնաճով ճշգրտված՝ ավելի քան 1.1 տրիլիոն դրամով (~77%-ով):
Երկրորդ՝ ծայրահեղ աղքատության մակարդակի վերաբերյալ։
Վերջին հրապարակված ցուցանիշը 2023թ.-ին կազմել է 1.1%, մինչդեռ նրա նշած 2.0%-ը իրականությանը չի համապատասխանում։ Համեմատության համար՝ 2017թ.-ին ցուցանիշը եղել է 1.4%։
Վերջապես՝ գյուղատնտեսության և այդ ոլորտում եկամուտների վերաբերյալ։
Նախ այս ոլորտի աճը չի կարող համարվել գյուղական բնակչության եկամուտների մակարդակի ուղղակի բնութագրիչ, քանի որ գյուղական բնակչության մի մասը կարող է աշխատել նաև այլ ոլորտներում:
Միևնույն ժամանակ, եթե նայենք թվերին, ապա 2024թ.-ին 2017թ.-ի նկատմամբ աճը կազմել է ավելի քան 58.4% և 2025թ. առաջին կիսամյակում` ևս 12.1%: Այսինքն՝ տեմպի պահպանման դեպքում այս ոլորտում անվանական աշխատավարձերի աճը կկազմի ավելի քան 77%:
Այս ամենին անդրադառնալը կարևոր եմ համարում ոչ թե քաղաքական դատարկ պոլեմիկայի, այլ բացառապես մեր հանրության իրազեկվածության և իրական պատկերի ձևավորման տեսանկյունից։ Մեր պարտականությունն է բացահայտել կեղծ թեզերի վրա կառուցված քաղաքական օրակարգը և ցույց տալ դրա իրական էությունը։