Լրահոս
Օրվա լրահոսը

Ունենք մի քանի տասնյակ բռնի անհետացած գերիներ, որոնց հետ կապը կորել է. փորձագետ

Հոկտեմբեր 01,2025 13:08

– Մենք ունենք Ադրբեջանում այսօր պահվող 23 գերի եւ ունենք մի քանի տասնյակ բռնի անհետացած գերիներ: Բազմիցս խոսվում է 80 անձի մասին: Դրանք իրավապաշտպանների փաստահավաք գործունեության ընթացքում հաստատված դեպքերն են: Սա չի կարող երբեք որակվել որպես սպառիչ թվաքանակ: Առնվազն 80 դեպքի մասին իրավապաշտպանները փաստեր են ներկայացնում, բայց կարող են այդ թվերը շատ ավելին լինել: 23-ի մեջ ունենք Արցախի ղեկավարությունը՝ ութ անձ, 23-ի մեջ ներառված են նաեւ 5 գերիներ, որոնց դեպքերը տեղի են ունեցել 2020-ին: Ֆիքսենք, որ Ադրբեջանը ապօրինաբար անազատության մեջ պահում է ինչպես 2020 թվականի 44 օրյա պատերազմի ժամանակ գերի ընկածներին, այնպես էլ 2023-ի զարգացումների հետեւանքով գերեւարված ու ձերբակալված, կալանավորված հայերին,- այսօր «Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Միջազգային համեմատական իրավունքի» կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը:

Նա պարզաբանեց, որ 23 գերիների թիվն է անընդհատ բարձրաձայնվում, քանի որ ադրբեջանական կողմը պաշտոնապես հաստատում է 23 հայերի անազատության մեջ գտնվելու հանգամանքը. «Սակայն ամենեւին չի նշանակում, որ, ի սկզբանե, գերեւարվել են բացառապես 23 հայեր: Եղել են այնպիսի զարգացումներ, որոնք բացահայտում են պատերազմական հանցագործություններ: Մասնավորապես՝ գերիների սպանություններ այնպիսի դրվագներով, երբ արդեն գնդակահարված գերու մարմինը հանձնվել է հայկական կողմին: Այստեղ կա համադրված ապացույց, մի կողմից Ադրբեջանում գերի ընկած լինելու վերաբերյալ, մյուս կողմից՝ մարմինը սպանված արդեն գտնվում է հայկական կողմի տիրապետության ներքո: Եվ երկրորդ հանգամանքը, որ գերիներն ուղղակի բռնի անհետացել են: Գերեւարմանը հաջորդող հատվածում տեղի են ունեցել որոշակի զարգացումներ, որոնցով պայմանավորված՝ մենք կորցրել ենք տեղեկատվությունը այս անձանց վերաբերյալ: Ադրբեջանական կողմը հերքում է բռնի անհետացած գերիների փաստը ու հրաժարվում տրամադրել տեղեկատվություն»:

Անդրադառնալով 23 գերիների դատավարություններին Սահակյանը հիշեցրեց, որ «Կարմիր խաչը» վերջին տեսակցությունը հունիսին է կարողացել կազմակերպել նրանց հետ, դրանից հետո մուտքը արգելափակված է, «Կարմիր խաչի» գործունեությունն ամբողջ ծավալով դադարեցված է ու չկա այս պահին որեւէ չեզոք, անկախ միջազգային կազմակերպություն, որը կարողանա այցելել հայերին ու անմիջական դիտարկումների արդյունքում պարզել նրանց իրական դրությունը: Ինչպիսի տեղեկատվություն էլ ստանանք, այն միակողմանի է ու ոչ ստուգելի:

Ունենք տեղեկատվություն, որ խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն այցելել է Ադրբեջան, եւ չենք բացառում, որ այցելությունների շրջանակում մեկանգամյա տեսակցություն ունեցած լինեն որոշ հայերի հետ: Այս պահին ձեռնպահ կմնանք մանրամասներ ներկայացնելուց, բայց այս հարցի առնչությամբ ապագայում մենք հայտարարությամբ հանդես կգանք»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031