«Միանշանակ ներկայացվելու է։ Այդ հանձնաժողովը ստեղծվել է մեր նախաձեռնությամբ, մեզ դա պետք է, որովհետեւ մենք ենք ինչ-որ բաների մեջ մեղադրվում։ ՀՀ վարչապետը 10 ժամ զեկուցել է։ Հրապարակվելու է, մեզ դա պետք է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Հարցը վերաբերում էր 44-օրյա պատերազմի հանգամանքները ներկայացնող հանձնաժողովի զեկույցի ներկայացմանը։ Հանձնաժողովի աշխատանքներն ավարտվել են դեռ մեկ տարի առաջ։ Հանձնաժողովի լիազորությունների ժամկետը երկու անգամ երկարաձգվեց՝ աշխատանքի ծավալի մեծ լինելու պատճառով։ Վերջերս հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ սեպտեմբերի վերջին լիագումար նիստում զեկույցը ներկայացվելու է, սակայն, ընթացող նիստերի օրակարգում այն չկա։
Ալեն Սիմոնյանը մանրամասնեց՝ խոսակցությունը լիագումա՞ր նիստերում ներառելո՞ւ , թե՞ այլ ձեւաչափով ներկայացնելու մասին է։ Հավաստիացրեց, եթե ԱԺ լիագումար նիստերում էլ ներկայացվեր՝ փակ ռեժիմում էր ներկայացվելու։
«Պարոն Քոչարյանը կարող է ամեն կերպ մեկնաբանել՝ իր ցանկությամբ, իր պատկերացմամբ։ Պարոն Քոչարյանը դեռ չի ուղարկել, իրավական առումով գործառույթ կա, որը որ դեռ ինքը չի կատարել»,- ասաց նա՝ հավելելով, որ գոյություն ունի կանոնակարգ-օրենք, որի մեկնաբանությունն իրականացնում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովը։ Ինքը դիմել է եւ ստացել է ԱԺ հանձնաժողովի մեկնաբանությունը՝ կանոնակարգը խախտելու վերաբերյալ։ Ունի նաեւ ԱԺ իրավաբանական վարչության եւ ԱԺ քարտուղարության տեղեկանքները, որոնք իդենտիկ են։ Թե ի՞նչ պատասխաններ են տրվել՝ Ալեն Սիմոնյանը չասաց։
Կարդացեք նաև
Համաձայնեց լրագրողների դիտարկումներին, որ 2,5 տարուց ավելին է անցել եւ ԱԺ կանոնակարգ-օրենքով սահմանված ժամկետ է խախտվել․ «Հարցը խախտելը չի, հարցն այն է, որ գործը այնքան ծավալուն է, որ երկար ժամանակ է պահանջվել։ Պարոն Քոչարյանին ես ոչ մի բանում չեմ մեղադրում»։
Ամեն դեպքում, Ալեն Սիմոնյանը գտնում է, որ Անդրանիկ Քոչարյանը սխալ է մեկնաբանում ԱԺ կանոնակարգ-օրենքը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ