Լրահոս
Օրվա լրահոսը

«Իհարկե, կարող է և լինել»․ Անդրանիկ Քոչարյանը՝ Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցին հաջորդելիք քրեական գործերի մասին

Նոյեմբեր 11,2024 14:28 Share

«Վերջին շրջանում տեսնում եմ շահարկումներ, որ Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր ունի։ Անդրանիկ Քոչարյանը գաղտնի թղթեր չի կարող ունենալ, քանի որ հանձնաժողովը սահմանադրական է, և դրա կատարած աշխատանքը ԱԺ-ի և պետության սեփականությունն է»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա հայտնեց, որ զեկույցն ամբողջությամբ ավարտված է, այնտեղ շատ բացահայտումներ կան․ «Զեկույցը ներկայացնելուց հետո այն կծառայի մեր երկրի անվտանգությանը, ըստ ընթացակարգի՝ մենք շարժվում ենք։ Դեկտեմբերին փորձաքննությունների փուլը կմտնի։ Զեկույցը՝ որպես այդպիսին, իր հատորներով, էջերով ավարտված է։ Միայն տեսագրությունների վերծանումները հսկայածավալ աշխատանք է, որն ավարտված է»։

Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրեց՝ զեկույցը ԱԺ լիագումար նիստերի ժամանակ հրապարակվելու է։

Հարցին՝ բացահայտումներին կարո՞ղ են հաջորդել նաև քրեական գործեր, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Իհարկե, կարող է և լինել։ Ո՞նց կարող է չլինել։ Հիմա էլ հազարավոր քրեական գործեր կան։ Թիվը ես կհնչեցնեմ լիագումար նիստերի դահլիճում»։

Հարցին՝ Ձեզ համար պա՞րզ է մեղավորների շրջանակը, նա պատասխանեց «Այնքանով, ինչքան հանձնաժողովին հասանելի են եղել փաստաթղթերը, լսել ենք որոշակի շատ բարձր պաշտոնյաների»։ Հստակեցմանը՝ այդ գործերից քանի՞սն են առնչվում պատերազմի ժամանակ պաշտոններ զբաղեցրած և այժմ պաշտոնի մնացած անձանց, Aնդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Զեկույցը ներկայացնելիս այդ ամբողջը ես կհնչեցնեմ»։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ COP29 միջոցառմանը ՀՀ-ի կողմից մասնակցությունն էլ արժեք ունի, չմասնակցելն էլ․ «Եթե լինի մասնակցություն, ԱԳ նախարարը հանդես կգա հայտարարությամբ։ Գերիների հարցը պետք է լուծվի, եթե հումանիտար բնույթ ունի տվյալ միջազգային հավաքը, պետք է առաջին հերթին իրացնի այն պահանջը, որը նոյեմբերի 9-ի փաստաթղթում արձանագրված է»։

Հարցին՝ վաղը միանալո՞ւ եք ընդդիմության հրատապ նիստին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Ես տեղյակ չեմ ինչի մասին է խոսքը։ Գերիների հարցով ինքս՝ անհատապես, որպես հանձնաժողովի նախագահ զբաղվել եմ, նշել եմ նաև այն հնարավորությունը, որ տեսել եմ, որ եկեղեցու միջոցով կարող էինք արդյունք արձանագրել։ Մշտապես պետք է զբաղվել՝ մինչև վերջին գերու հետ գալը, որովհետև տեսնում ենք առաջին պատերազմի անհետ կորածների խնդիրն է արծարծվում, դրա շրջանակում էլ կարող է ստեղծվեն հնարավորություններ, որ հասնենք ամբողջական լուծումների»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ՀՀ իշխանությունը ինչո՞ւ չի պատասխանում Ալիևի սպառնալիքներին, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց․ «Դուք արձագանքում եք, դուք էլ եք չորրորդ իշխանություն, մենք էլ գլուխներս կախ անում ենք այն, ինչ պետք է մեր երկրի անվտանգությանը»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930