Ադրբեջանական «DOST»-ի ընդլայնումն ու Փաշաևների կողմից իշխանության կլանման հեռանկարը
Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության համակարգում գործող DOST (Dayanıqlı və Operativ Sosial Təminat Agentliyi)՝ Կայուն և հրատապ սոցիալական ապահովման գործակալություն) գործակալությունը ստեղծվել է Իլհամ Ալիևի՝ 2018 թվականի օգոստոսի 9-ի հրամանով՝ նախագահի պահուստային ֆոնդի միջոցներով։
Քարվաճառում ևս ադրբեջանական DOST գործակալության մասնաճյուղ է բացվել։ Արցախի տարածքում սա այդ կառույցի թվով երրորդ ստորաբաժանումն է։ Առաջինը հիմնադրվել է 2024 թվականին Շուշիում, երկրորդը՝ Smart DOST անվամբ, գործում է Կովսականի Աղալը բնակավայրում։ Սոցիալական նշանակության այս կառույցի մասնաճյուղերի ցանցի ընդլայնումը շարունակվում է նաև Ադրբեջանի տարածքում։
Սոցիալական և թվայնացման գործառույթների «փաթեթավորմամբ» Ադրբեջանում ծավալվող այս «գործակալական ցանցն» իր վրա ուշադրություն է հրավիրում հասարակությանը կառավարելու յուրօրինակ մեխանիզմի ներդրմամբ, կազմակերպության միջոցով Ալիևների ընտանիքի ինքնագովազդի և ընտանեկան հերթական մենաշնորհի ապահովմամբ։
Կարդացեք նաև
Հաշվի առնելով Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևայի բազմաոլորտ գործունեությունն ու նրա պաշտոնային առաջխաղացման տեմպերը, վերջին տարիներին Փաշաևների հետ ասոցացվող անձանց տարբեր պաշտոններում հաճախակի նշանակումներն ու Ադրբեջանի ամբողջ տարածքում նրանց անվան հետ կապվող DOST կենտրոնների ստեղծման մտադրությունները՝ կարող ենք նշել, որ այդ երկրում իշխանության հետագա փոխանցման հարցի շուրջ տեղի է ունենում կենտրոնացում նախիջևանյան կլանից դեպի ապշերոնյանը՝ Ալիևներից սահուն կերպով անցնելով Փաշաևներին։ Հիշեցնենք, որ Մեհրիբան Ալիևան զբաղեցնում է առաջին փոխնախագահի պաշտոնը, «Հեյդար Ալիև» հիմնադրամի նախագահն է, իշխող «Յենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահն է և Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցիչն է միջազգային տարբեր կազմակերպություններում։
Ընդ որում՝ 2017 թվականին Մեհրիբան Ալիևային փոխնախագահի պաշտոնում նշանակելը տարբեր շրջանակներում դիտվել է որպես ամուսնուն՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնում փոխարինելու նախապատրաստություն։ Համարվել է, որ նրա նշանակմամբ Իլհամ Ալիևը փորձել է մեղմել Ալիևների ու Փաշաևների միջև միջկլանային մրցակցությունը, որը Հեյդար Ալիևը կարողացել էր զսպել Իլհամի և Մեհրիբանի ամուսնությամբ։
Ընդհանրապես՝ Ալիևայի քաղաքական գործունեությունը խիստ տեսանելի է ոչ միայն ներքին կյանքում, սոցիալական, կրթական և հումանիտար այլ հարցերում, այլև՝ արտաքին հարթակներում։ Եվրոպական երկրներում Մեհրիբան Ալիևայի բազմաթիվ «շրջագայությունները» նույնպես վկայում են, որ նա՝ որպես Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչ, Արևմուտքում ևս ընկալելի է։ Եթե նախկինում նրա արտաքին գործունեության համար «Հեյդար Ալիև» հիմնադրամն էր «փոխադրամիջոցը», ապա այժմ՝ նաև «DOST»-ը, որի գործունեության ցուցադրությունը միջազգային ասպարեզում զուգակցվում է անձնական գովազդով։
Առավել ուշագրավ է DOST գործակալության և Մեհրիբանի հորը՝ Արիֆ Փաշաևին, Մեհրիբանի դուստրերին՝ Լեյլային ու Ազրուին, պատկանող «Pasha Holding»-ի միջև տեսանելի կապը։ Երկու կազմակերպությունների տարբերանշանները չափազանց նման են, գրեթե՝ կրկնություն։ Այս խորհրդանշական ընդհանրությունը համադրելով «DOST»-ում Մեհրիբանի և դուստրերի ակտիվ ներգրավվածության մասին բաց տեղեկատվության հետ՝ կարելի է նշել, որ Ադրբեջանի առաջին փոխնախագահը հայրական կապիտալի առաջմղմամբ և սոցիալական գործակալության ցանցի ու գործառույթների ընդլայնմամբ յուրացնում է պետական կառավարման համակարգը։
Անշուշտ, «DOST»-ի տարբերանշանը կարող է մեկնաբանվել որպես Ադրբեջանի աշխատանքի և բնակչության սոցիալական պաշտպանության նախարարության (որի նախարարը մշտապես շեշտում է Մեհրիբան Ալիևայի նախաձեռնության հանգամանքը) տարբերանշանի նմանությամբ ստեղծված պատկեր։ Սակայն, գործակալության և կազմակերպության նույնաբովանդակ գործառույթները, այդ թվում՝ սոցիալական պաշտպանության, սոցիալական ձեռներեցության խթանման ծրագրերը վկայում են, որ երկրի սոցիալական ոլորտն ու դրանով հանրության կառավարման մի հսկայական ուղղություն սահուն կերպով փոխանցվում է Մեհրիբանին ու նրա հայրական թևին։
Այս ամենի մասին հուշող տեղեկությունների շարքում են նաև «DOST»-ի կողմից վարձակալվող տարածքների՝ Փաշաևներին կամ նրանց ընկերության հետ կապված անձանց պատկանելու մասին լուրերը, նրանց կողմից կազմակերպվող միջոցառումներին «DOST»-ին հատուկ տարածք տրամադրելը, գործակալության համար անցկացվող աճուրդներում տարիներ շարունակ նույն ընկերությունների ու անձանց «հաղթանակը»։ Ընդ որում՝ DOST կենտրոնների գործունեությունը սովորաբար իրականացվում է շքեղ շինություններում, որոնք գործակալության կողմից վարձակալվում են երբեմն շատ մեծ գումարներով։ Պետական բյուջեից և որոշ ծառայությունների դիմաց քաղաքացիներից գանձվող տուրքերից սնվող այս կառույցի դեպքում պահպանման ծախսերը բավականին տպավորիչ են։
Ուշագրավ են նաև «Pasha»-ի կողմից կազմակերպվող տարատեսակ մրցույթներում հաղթող ճանաչվածների նշանակումները «DOST»-ի ղեկավար հաստիքներում։ Եվ ինչպես Նախիջևանում նախորդ տարիներին տեղի ունեցած կադրային ու կառուցվածքային փոփոխություններն են վկայում Փաշաևների առաջխաղացման մասին, այնպես էլ DOST գործակալությունում Փաշաևների հետ առնչություն ունեցողների կամ «Pasha»-ի կազմակերպած միջոցառումներում աչքի ընկածների նշանակումներն են փաստում այդ ոլորտի միջոցով ամբողջ իշխանության յուրացման մասին։ Փաշաևների հաջողությունների մասին վկայություններից մեկն է նաև Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցչի՝ Ինքնավար Հանրապետության փաստացի ղեկավար, «Pasha Holding»-ում ղեկավար պաշտոն զբաղեցրած Ֆուադ Նաջաֆլիի նշանակումը։
Մեհրիբան Ալիևան՝ որպես Փաշաևյան կլանի առաջին դեմք ու նախագահի պաշտոնի հավանական թեկնածու, հենց սոցիալական, կրթական և հումանիտար այլ միջոցառումներով է հասարակության շրջանում մեծացնում իր հեղինակությունն ու «կուտակում» անհրաժեշտ վարկանիշը։ Պատահական չէ, որ «DOST»-ի ստեղծումն ու նրա առաջընթացը հենց Մեհրիբանի անվան հետ են կապում։ Այսպես՝ հայտարարվել է, որ գործակալությունը 2018 թվականին նրա նախաձեռնությամբ է ստեղծվել՝ լուծելու երկրում առկա սոցիալական սպասարկման ոլորտի խնդիրները։ Կառույցի պաշտոնյաները մշտապես շարունակում են հայտարարել, թե նա է գործակալության հայեցակարգի հեղինակը, իսկ նրա օգնականն ընդգրկված է կառավարման խորհրդում՝ անմիջականորեն մասնակցելով «DOST»-ի կառավարմանը։
Մեկ այլ ընդհանրություն ևս՝ թուրքական համանուն ընկերության ներգրավմամբ. 2021 թվականի հոկտեմբերին Կովսականում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մասնակցել են նույն՝ DOST անվամբ ագրոպարկի հիմնարկեքի արարողությանը։ Ոչ պատահականորեն՝ 100 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ նախագծի ներդրողներն են Թուրքիայից՝ Էրդողանի ընտանիքին (եղբոր փեսային) պատկանող DOST Ziraat ընկերությունը, Ադրբեջանից՝ «Pasha Investment»-ը՝ «Pasha Holding»-ի դուստր ընկերություններից մեկը։
Հետաքրքրական, բայց ոչ պատահական է ընտանիքի մյուս անդամների «ուշադրությունը» «DOST»-ի ծրագրերի հանդեպ։ Այսպես՝ Լեյլա Ալիևան, ով պարբերաբար է այցելում DOST կենտրոններ, լուսանկարվում այցելուների հետ, հիմնադրել և ղեկավարում է IDEA հասարակական միավորումը, որին մեծապես աջակցում է «Pasha Holding»-ը։ Նշենք, որ նույն Լեյլան քրոջ և մորական պապի՝ Արիֆ Փաշաևի հետ միասին «Pasha Holding»-ի բաժնետեր է։ Փաստորեն՝ Ալիևի դուստրը «Pasha»-ի աջակցությամբ գործող «IDEA»-ի քողի ներքո գովազդում է Մեհրիբանի նախաձեռնությամբ ստեղծված «DOST»-ը։
Այսօրինակ տեղեկությունները փաստում են, որ Ալիևների ընտանեկան կառավարումը հետագա ընտրական գործընթացների միջոցով էական փոփոխության միտում չունի։ Ընդհակառակը՝ տեսանելի է, որ սոցիալական ծանր պայմաններում ապրող ադրբեջանցիների քվեին տիրելու նպատակով ընտրվել է հենց սոցիալական-հումանիտար գործիքակազմը՝ ապահովելու առաջին հերթին Մեհրիբան Ալիևայի վարկանիշը։ DOST կենտրոնների ստեղծման հարցում նրա հասցեին մշտապես հնչող գովեստն ու փառաբանումը, սոցիալական, կրթական և հումանիտար այլ հարցերում Ալիևայի ակտիվությունը վկայում են, որ նրա հայրական գերդաստանի ազդեցության օգնությամբ հասարակական կյանքն ուրույն կերպով կառավարելու մտադրությունն իրատեսական է, և որ Ադրբեջանում ներկայումս տեղի է ունենում իշխանության փոխակերպման գործընթաց։ Ասել է թե՝ Մեհրիբան Ալիևան առաջնորդում է դեռևս նախիջևանյան կլանի ձեռքում գտնվող «պետական գործերի» փոխանցումը փաշաևյան թևին։
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամ