Մարզային 42 բժշկական կենտրոնների լիազոր մարմինն այլեւս Հայաստանի առողջապահության նախարարությունն է:
Նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսեց ոլորտում իրականացվող երկու կարեւոր բարեփոխումների մասին: Առաջինը, որ մարզային բժշկական կենտրոններն անցնում են նախարարության ենթակայության տակ, երկրորդը՝ առողջության համապարփակ ապահովագրության ծրագրի մասին, որն սկսվելու է 2026 թվականից եւ շարունակվելու է մինչեւ 2029 թվականը:
«Նախ, արդեն իսկ ավարտվել են մարզային ԲԿ-ների՝ ԱՆ ենթակայության տակ անցնելու բոլոր կազմակերպաիրավական ձեւակերպումները: Պետությունը հանդիսանալով ՓԲԸ-ների հիմնադիր՝ առաջին հերթին նպատակ ունի այդ բժշկական կենտրոնների օգնությամբ մաքսիմալ որակյալ բժշկական ծառայություններ մատուցել: Բայց ուզում եմ շեշտադրել, որ այս ՓԲԸ-ներին մենք մոտենում ենք կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխան շահույթ գեներացնելու եւ պետության ներդրումները ճիշտ ձեւաչափով վերադարձնելու, մեծացնելու եւ ընդլայնելու տրամաբանությամբ: Սա շեշտադրում եմ, որովհետեւ մեր ընդհանուր համակարգի գործունեությունը եւ ֆինանսավորման սկզբունքն այնպիսին է, որ մենք ծառայությունը գնում ենք անկախ նրանից, թե դա պետական ԲԿ է, թե մասնավոր:
Կարդացեք նաև
Մենք ունենք որակին վերաբերելի ծառայության հստակ չափորոշիչներ եւ գինը փոխհատուցում ենք այնպես, որպեսզի բժշկական կենտրոնները ունակ լինեն որակյալ ծառայություններ մատուցել: Դրա համար մեր հավաքագրված տեղեկատվությունների եւ արված վերլուծությունների հիման վրա մենք պիտի գնանք այդ կենտրոնների կառավարման միասնականությանը: Սա վերաբերում է նրան, որ վարչական, կառավարչական, ֆինանսական տվյալների կառավարումը պետք է իրականացվի հնարավորինս խոշորացված ձեւաչափով:
Միանգամից ուզում եմ փարատել բոլորի մտավախությունը, որ որեւէ բժշկական կենտրոն չի փակվելու, որեւէ բժշկական կենտրոն չի կրճատվելու եւ բոլոր մարզային բժշկական կենտրոնները շարունակելու են գործել իրենց շենքերում եւ տեղակայման վայրերում: Ես ուզում եմ, որ սա շատ հստակ լինի:
Պետությունը վերջին տարիներին մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել մարզային ԲԿ-ները կառուցելու, վերակառուցելու, հագեցնելու վրա եւ այս քաղաքականությունը շարունակվելու է: Այս պահին էլ մենք ունենք միայն առողջապահության նախարարության կողմից իրականացվող մոտ 13 շինարարական ծրագրեր, որոնք շարունակելու ենք:
Հարցն այն է, որպեսզի մենք ունենանք միասնական տրամաբանությամբ եւ ծախսարդյունավետ կառավարվող հիմնարկներ, որպեսզի գումարները, որ վճարում ենք ծառայությունների դիմաց, ոչ թե գնան կառավարչական, վարչական անհասկանալի ուռճացված ծախսերը բավարարելուն, այլ կոնկրետ ծառայությունները սպասարկելուն եւ մեր բնակչությանը որակյալ բուժօգնություն տրամադրելուն»,-ասաց նախարարը, որից հետո հարցուպատասխանի ձեւաչափով ներկայացրեց այս ծրագրի տարբեր մանրամասներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ