Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում ընթացող դատավարություններում լուրջ թակարդ կա. Եղիշե Կիրակոսյան

Հոկտեմբեր 01,2025 16:22

-Չեմ կարծում, որ ճիշտ է Բաքվում ընթացող դատավարությունները դատավարություն անվանել, որովհետև այստեղ շատ լուրջ թակարդ կա: Այդ դատավարությունները շատ ուղիղ, շատ հստակ վերահսկվում են, ուղղորդվում են եւ ունեն նպատակ ու սցենար։ Այսօր «Բաքվում պահվող հայ գերիների և պատանդների իրավունքների» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԵՊՀ Միջազգային դատարաններ և արբիտրաժ մագիստրոսական ծրագրի ղեկավար Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով, միջազգային դատական գործընթացների կարևորությունն առանցքային է այնքանով, որ երբ միջազգային դատական գործընթացները հանում ես այս ամբողջ հավասարման միջից, մնում են Բաքվի դատավարությունները. «Ակնհայտ է՝ Բաքվի դատավարությունները շարունակվելու են, ակնհայտ է, որ միակողմանի ճշմարտությունը պարտադրվելու է։ Իսկ այդ միակողմանի ճշմարտության պարտադրումը այդքան էլ լավ հետեւանքներ չի բերելու նաեւ երկարաժամկետ կտրվածքով։ Առհասարակ ինչի՞ մասին է խաղաղությունը, կարծում եմ՝ խաղաղությունը նաև ճշմարտության մասին պետք է լինի…Պարզ է, որ պատերազմական հանցագործությունները, մարդու իրավունքների պարբերական խախտումները միակողմանի չեն եղել։ Պարզ է, որ պատերազմական իրավիճակներում հնարավոր են նաեւ երկկողմանի խախտումներ, բայց այստեղ խոսքը նաև միջազգային դատական գործընթացների իմաստն է, հենց այս հավասար հնարավորությունը պատմությունը ճիշտ ձեւակերպելու կամ ճիշտ գրելու մասին։ Հակառակ պարագայում դրանից դու զրկվում ես միջազգային դատական գործընթացներում։ Այս առումով, ես հուսով եմ, որ ինքնուրույն դատական գործընթացները կշարունակվեն, կլինեն շարունակական, որովհետեւ սրանք շատ-շատ կարեւոր նաեւ անվտանգային երաշխիքներ են պարունակում իրենց մեջ, առաջին հերթին նաեւ պահվող անձանց իրավունքների պաշտպանության տեսանկյունից»:

Կիրակոսյանի համար աբսուրդային է այն մտայնությունը, թե միջազգային իրավական գործընթացներով կարող ենք ռիսկի ենթարկել գերիների ճակատագիրը կամ նրանց պահման պայմանների վրա ազդել. «Շատ վտանգավոր է այդպես մտածելը, դա անվերջ պտույտի մեջ է գցելու քեզ։ Ինչքան էլ, որ Ադրբեջանը, որպես երկիր, չունենա ցանկալի վերաբերմունք միջազգային դատարանների որոշումների նկատմամբ, որը մենք կուզեինք, բայց մեր քայլերն անիմաստ չեն։ Նույնիսկ նմանատիպ բովանդակություն ունեցող երկրների համար, միջազգային դատական գործընթացները ունեն հստակ ազդեցություն։ Իրենք վստահաբար ազդում են պետության վարքագծի վրա, վստահաբար սահմանափակում պետության գործողության շրջանակները, վստահաբար ստեղծում են լրացուցիչ կապանքներ քաղաքական առումով, ռեպուտացիոն առումով, շատ-շատ այլ առումներով, որոնք կարծում եմ՝ կարևոր են առհասարակ երկարաժամկետ կտրվածքով»:

Անդրադառնալով հարցին, թե ո՞րն է ավելի առաջնային՝ հումանիտար հարցերը լուծել, հետո անցնել խաղաղության պայմանագիր կնքելուն, թե՞ խաղաղության պայմանագիր կնքել, որը կարող է հեշտացնել այդ հումանիտար խնդիրների լուծումը, պարոն Կիրակոսյանն այսպես արձագանքեց. «Իմ անձնական և մասնագիտական ընկալմամբ` առհասարակ խաղաղությունը առաջին հերթին ենթադրում է հումանիտար հարցերի ուղիղ հասցեագրում: Ես այդպես եմ պատկերացնում առհասարակ խաղաղության տրամաբանությունը, հատկապես գերեվարված անձանց, վերադարձի մասով։ Ինչո՞ւ են Ժնեւյան կոնվենցիաները նախատեսում, որ գերիների անհապաղ վերադարձի պարտավորություն կա հակամարտող կողմերի միջեւ, հենց ամբողջ փիլիսոփայությունը դրա մեջ է, որ երբ դու դադարեցնում ես ռազմական գործողությունները, պարտավոր ես արագ վերադարձնել քո մոտ պահվող անձանց։ Դա հենց խաղաղության կարեւոր բաղադրիչներից մեկն է»:

Կիրակոսյանի խոսքով՝ իրավական գործընթացները ինքնին խաղաղության կարեւոր անկյունաքարն են, աղյուսն են, հիմքն են, որովհետեւ դա է, ըստ նրա, նաեւ երաշխիք տալիս, որպեսզի, հատկապես բարդ եւ խորը պատմական հիմքեր ունեցող կոնֆլիկտի դեպքում, երբ դու ունես նաեւ փաստական առումով վեճեր, պատմական առումով որոշակի անհամաձայնություններ, դատական գործընթացի նաև կարեւորագույն իմաստներն էլ կայանում է հենց այդ փաստական հանգամանքների ապացուցման գործընթացի միջոցով ապացուցել. «Նման կոնֆլիկտների դեպքում գնում է նաև նարատիվների կռիվ եւ մյուս կողմը, հատկապես, ոչ այդքան դեմոկրատական ռեժիմները փորձում են իրենց չակերտավոր ճշմարտությունը սարքել գերիշխող եւ գերակայող… Եթե մենք մտածում ենք միջազգային իրավունքի իմաստի մասին, միջազգային իրավունքի ամբողջ նորմատիվ համակարգի պահպանման իմաստը հենց խաղաղությունն է»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031