«Զարգացնել գիտությամբ» կարգախոսով սույն թվականի սեպտեմբերի 30-ին մեկնարկեց «Գիտության շաբաթ. Հայաստան 2025» փառատոնը։
Փառատոնին ի թիվս Հայաստանի առաջատար գիտակրթական կառույցների մասնակցում են ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ՀՀ ԳԱԱ էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Լ. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը։
Կարդացեք նաև
Գիտության, տեխնոլոգիաների և ճարտարագիտության այս փառատոնը գիտելիքի տոն է, որտեղ բոլորը կարող են իրենց զգալ հետազոտող։ Փառատոնը նպատակ ունի ոչ միայն հանրահռչակել գիտությունը, այլև ստեղծել մոտիվացիա երեխաների, դպրոցականների, երիտասարդների շրջանում՝ հետաքրքրվելու և զբաղվելու գիտությամբ։
Փառատոնի սիրտը Երևանի Ազատության հրապարակում է, որտեղ տեղադրված են գիտական կառույցների տաղավարները։ Այստեղ գիտության սիրահարները և պարզապես գիտությամբ հետաքրքրվողները կբացահայտեն գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության, գիտական ֆանտաստիկայի և արվեստի փոխկապակցված աշխարհը, կիրականացնեն գիտափորձեր, կստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները, կքննարկեն ամենաանհավանական թվացող գաղափարները, կծանոթանան նորագույն տեխնոլոգիաներին, նորովի կբացահայտեն իրենց շուրջն ապրող գիտնականներին։ Իսկ ապակենտրոնացված միջոցառումներով մայրաքաղաքից և ՀՀ բոլոր մարզերից փառատոնին կմասնակցեն շուրջ 300 դպրոց և մանկապարտեզ՝ տեղում իրականացնելով տարբեր միջոցառումներ՝ գիտական փորձեր, խաղեր, նախագծեր, ցուցադրություններ։
Փառատոնի առաջին օրերը նվիրված են գիտության և նորարարության գործնական կիրառման պատմություններին, գիտափորձերին, ցուցադրություններին։ Հոկտեմբերի 2-3-ը մասնագիտական կողմնորոշման օրեր են՝ համալսարանների, կրթական և նորարար կազմակերպությունների, գիտական ինստիտուտների, լաբորատորիաների մասնակցությամբ։ Իսկ հոկտեմբերի 4-5-ը նվիրված է գիտական ֆանտաստիկայի և արվեստի համադրությանը՝ գրականություն, կինո, կոմիքսներ, խաղեր ու ֆուտուրիստական նախագծեր։
Փառատոնը գիտությունը դարձնում է գրավիչ և հանրամատչելի, ամրապնդում է կապը գիտակրթական հաստատությունների և հասարակության միջև, արժևորվում գիտության դերը։
«Գիտության շաբաթ. Հայաստան 2025» փառատոնը կազմակերպել է «Գիտուժ» նախաձեռնությունը՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն է YoHealth-ը, տեխնոլոգիական գործընկերը՝ Team Telecom Armenia-ն, ինովացիոն գործընկերը` Ամերիաբանկը:
ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին