Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարմիր, վտանգավոր գծեր եք հատում»․ Միքայել Սրբազանի հայտնի ելույթը նկարահանած ԳԱԼԱ-ի լրագրողը մանրամասներ է հայտնում հանդիպումից

Հոկտեմբեր 01,2025 16:44

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որին դատարանը մեղավոր ճանաչեց ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով կատարված արարքի, այն է՝ զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու․ նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ, դատական նիստերից մեկի ժամանակ իր զարմանքն էր հայտնել նախաքննական մարմնի աշխատանքից առ այն, որ իրենց անգամ նեղություն չէին տվել հարցաքննելու ոչ ԳԱԼԱ հեռուստաընկերության նկարահանող խմբին, ոչ էլ այն անձանց, ովքեր 2024 թվականի փետրվարի 2-ին եկել էին իր մոտ քննարկման, ինքն էլ համաձայնել էր։

 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում ասել էր, որ մարդիկ եկել են իր մոտ քննարկման, ԳԱԼԱ-ն հարցրել է՝ կարո՞ղ ենք նկարահանել, ինքը համաձայնել է, բայց հարցազրույց չի եղել, չի կանչել ԳԱԼԱ-ի խմբին նկարահանման, որ ասեր՝ եկեք, ես կոչ եմ անելու։ Սրբազանը խոսել է իր մոտ եկած մարդկանց հետ։ Ըստ նրա, նույնիսկ չեն պարզել, որ հանդիպումը տեղի է ունեցել Գյումրիում։

«ԳԱԼԱ-ին չէի՞ք կարող կանչել, ասել, լավ․ Սրբազա՞նն է պատվիրել ձեզ, Սրբազա՞նն է հանձնարարե՞լ, չեք կանչել, ինչու չե՞ք կանչել»,-դատարանում հարցրել էր Շիրակի թեմի առաջնորդը ։

Aravot.am-ը դիմեց Սրբազանի ելույթը նկարահանած ԳԱԼԱ հեռուստաընկերության լրագրող, Գյումրու ավագանու ԳԱԼԱ խմբակցության նախկին անդամ Արմենուհի Վարդանյանին՝ խնդրելով մանրամասներ հայտնել 2024 թվականի փետրվարի 3-ի հանդիպումից։

Արմենուհի Վարդանյանը մեզ փոխանցեց հետևյալը․ «Սրբազանի հայտնի ելույթը ԳԱԼԱ-ն հրապարակել է 2024 թվականի փետրվարի 3-ին: Հանդիպումը, որը կազմակերպվել էր Շիրակի թեմի սոցիալ- կրթական կենտրոնում, նախաձեռնել էր ոչ թե Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, այլ տարբեր ոլորտների ներկայացուցիչներ. կային եւ՛ քաղաքական, եւ՛ հասարակական գործիչներ: Սրբազանը, ինչպես մյուս հյուրերը, այդ թվում ԳԱԼԱ-ի հիմնադիրը, հրավիրվել էին հանդիպման նախաձեռնողների կողմից:

Օրակարգային հարցեր էին, թե որոնք էին պարտության պատճառները, ինչո՞ւ մեր երկիրը հայտնվեց այս վիճակում, որտե՞ղ սխալվեցինք եւ այլն…. Եվ նախաձեռնողները խնդրեցին, որ Սրբազանը եւս իր կարծիքը հայտնի ու նա չառարկեց: Այդ օրը հանդիպման տարբեր մասնակիցներ են իրենց տեսակետները բարձրաձայնել, որոնք նույնպես հրապարակվել են ԳԱԼԱ-ի կողմից: Դրանք ոչ թե կոչեր էին, այլ մտահոգ մարդկանց զրույց էր, քննարկում…

Եթե նկատել եք, դա ոչ թե ԳԱԼԱ-ին տված հարցազրույց էր, այլ Միքայել Աջապահյանը հավաքվածների հետ էր զրուցում:

Ելույթից շուրջ երկու տարի անց քրեական հետապնդում նախաձեռնելը ի՞նչ է, եթե ոչ քաղաքական հրահանգի արդյունք, քաղաքական պատվեր:

Բավական է միայն հիշեցնել, որ 2024 թվականի ապրիլին իրավապահ մարմինները, ուսումնասիրելով նույն ելույթը, գտել էին, որ Շիրակի թեմի առաջնորդի խոսքում չկա այնպիսի «գործողություն, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ ՔՕ նախատեսված արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։ Պարզ ասած, գտել էին, որ չկա հանցակազմ: Այդ ի՞նչ տեղի ունեցավ, որ հանկարծ նա դարձավ վտանգավոր կերպար, ում պետք է մեկուսացնել:

Պատասխանն առնվազն ինձ համար պարզ է՝ Շիրակի թեմի առաջնորդն իր խոսքով, իր կեցվածքով խանգարում է գործող ռեժիմին: Եվ հարուցված քրեական գործի սնանկությունը, մերկությունը եւս պարզ երեւաց դատական պրոցես կոչված բեմականացման ընթացում:

Գիտեք, երբ հոգևորականին կամ մտավորականին դատում են իր ելույթի կամ օրագրում արված գրառումների համար, ակամա հիշում ենք Սովետական Միության տարիները, երբ մարդկանց բանտարկում էին միայն իրենց գաղափարների համար, երբ մարդիկ իրենց կյանքով, տառապանքով էին վճարում ազատ մտքի գինը։ Այժմ նույն ռեպրեսիվ մեթոդներն են գործի դրվում «ժողովրդավարական բաստիոնի» «հեղափոխական» իշխանությունների կողմից: Ես այսպիսի «ժողովրդավարական բաստիոնի» համար չէ, որ կռիվ եմ տվել տարիներ շարունակ՝ տեղամասերում, հրապարակներում… Իմ պատկերացումները բոլորովին այլ են ժողովրդավարության մասին:

Ես չեմ ուզում կանխատեսում անել , բայց վախենամ, առնվազն մինչեւ գալիք ընտրություններ կփորձեն Սրբազանին լուռ պահել: Հետեւելով դատական գործընթացին, դատավորի վախեցած կերպարին, կարծում եմ այս իշխանությունները փորձելու են ստանալ «ցանկալի» արդյունքը:

Բայց նաեւ ուզում եմ ընդգծել, որ այդպիսով նրանք կարմիր գծեր են հատում, վտանգավոր գծեր: Պետք չէ մոռանալ, որ Շիրակի մարզն ըմբոստ բնակավայր է, եւ մեր թեմի առաջնորդի հանդեպ տեղի ունեցող պրոցեսները կարող են բումերանգի ազդեցություն ունենալ:

Կարծում եմ՝ շատերն են հասկանում, որ երբ կրկին ու կրկին ականատես ենք լինում ճնշումների փորձերի (թեև Միքայել Աջապահյանին ճնշել հնարավոր չէ) ու հանիրավի բանտարկությունների, լռելը, չըմբոստանալը, չընդվզելը նշանակում է հող նախապատրաստել վաղվա բռնաճնշումների համար:

Իսկ ազատությունն ապրում է միայն այն ժամանակ, երբ հանրությունն ակտիվ է, խոսում է, պարբերաբար հիշեցնում է իր կարմիր գծերի մասին եւ չի դառնում ռեպրեսիվ համակարգի լուռ գործընկերն ու հանցակիցը: Ես ուզում եմ հույս հայտնել, որ այդ «գործընկերներն ու հանցակիցները» ճնշող մեծամասնություն չեն կազմում …»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031