Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում ամենատարածված փորձաքննությունները ռազմաբժշկական փորձաքննություններն են, որոնցով զորակոչի և վարժական հավաքների ընթացքում, ինչպես նաև քրեական վարույթների շրջանակներում որոշվում է անձանց պիտանիությունը զինվորական ծառայության համար։ Թեև, դրանով պայմանավորված, ռազմաբժշկական փորձաքննություններն իրենց կարևորությամբ, մեղմ ասած չեն զիջում փորձաքննությունների այլ տեսակներին և դրանց արդյունքներից է կախված ոչ միայն անձանց առողջության պահպանումը, այլ նաև զինված ուժերի իրական մարտունակությունը, բայց մեր իրավապաշտպան գործունեության ընթացքում ի հայտ են եկել այդ ոլորտում վաղուց առկա և դեռևս լուծում չստացած լրջագույն իրավական խնդիրներ։
Այսպես, ռազմաբժշկական փորձաքննությունը, համաձայն «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի, փորձաքննության ինքնուրույն տեսակ է, որի կարգը սահմանվում է ՀՀ կառավարության 13․04․2018թ․ թիվ 405-Ն որոշմամբ։ Չնայած յուրաքանչյուր զորակոչի ընթացքում ձևավորվում են ռազմաբժշկական հանձնաժողովներ, բայց դրանցում ընդգրկվող բժիշկները չեն հանդիսանում ռազմաբժշկական ոլորտի փորձագետներ, քանի որ այդպիսիք ՀՀ-ում առկա չեն։ Արդյունքում, թեև զինվորական ծառայության համար անձի պիտանի լինելը ձևականորեն որոշվում է հենց ռազմաբժշկական կոչվող հանձնաժողովների կողմից, բայց այդ հանձնաժողովների անդամները չունեն ռազմական բժշկության ոլորտի փորձագետի որակավորում, հետևաբար՝ նաև փորձաքննություն իրականացնելու իրավունք։
Ավելի պարզ՝ զինակոչիկի՝ զինվորական ծառայության համար պիտանիությունը ռազմաբժշկական փորձաքննության անվան տակ որոշվում է բովանդակությամբ այդպիսին չհանդիսացող փորձաքննության արդյունքում և փաստորեն ռազմաբժշկական փորձագետ չհանդիսացող անձանց կարծիքի հիման վրա առողջական խնդիրներ ունեցող անձինք կարող են զորակոչվել զինված ուժեր։
Ավելի վտանգավոր է, որ ըստ էության նույն կերպ՝ ռազմաբժշկական ոլորտի փորձագետ չհանդիսացող անձանց կարծիքի հիման վրա քրեական հետապնդման են ենթարկվում կամ դատապարտվում առողջական խնդիրներ ունեցող և այդ պատճառով զորակոչվելու մասին որոշման հետ անհամաձայնություն ունեցող անձինք։
Կարդացեք նաև
Խնդիրը մեր կողմից բարձրացվել է իրավասու գերատեսչությունների, այդ թվում ՀՀ կառավարության առջև, բայց այն դեռևս լուծված չէ։
Վահագն ՀԱԿՈԲՅԱՆ
Փաստաբան