Լրահոս
Օրվա լրահոսը

Հենց իր իշխանավարման շրջանում են «մի շարք համայնքներում հաղթած ընդդիմադիրները» ընտրություններից անմիջապես հետո ենթարկվել այլազան հալածանքների. «Փաստ»

Հոկտեմբեր 02,2025 09:30

2021 թվականին «ժողովուրդը» ինչի՞ համար է մանդատ տվել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին: Եթե հակիրճ, ապա քվեարկողները (քանի տոկոսն էլ լինեն) 2021-ից (իրականում՝ 2020-ից) բացահայտ շարունակվող այս մղձավանջի համար չեն քվե տվել: Մի՞թե նրա համար է մանդատ տրվել, որ Փաշինյանն ու ՔՊ-ն ուրանան Արցախը, ապա շրջափակման մատնեն Արցախը, ապա դառնան Արցախի տոտալ հայաթափման համահեղինակը: Մի՞թե 150 հազար մեր հայրենակիցներին բռնագաղթի ենթարկելու, գաղթականացնելու համար էին մարդիկ Փաշինյանին ձայն տվել: Ո՛չ, երիցս՝ ո՛չ: Մի՞թե քպականների՝ անձնական հարստացման ու բյուջետային միջոցները մսխելու համար էին քվե տվել: Ո՛չ: Մի՞թե աղքատության խորացման համար էին քվե տվել: Ո՛չ:

Ավելին, 2021-ին էլ էին Փաշինյանին… խաղաղության համար քվե տվել: Այո: Բայց մե՞ջն ինչ. 2021-24 թվականների միջակայքում Փաշինյանն ու իր ՔՊ-ն քանի՞ ռազմական բախում, «մինի-պատերազմ» ու քանի՜ հարյուր նոր զոհեր ու վիրավորներ, տարածքային նոր կորուստներ, թշնամական հարձակումների նոր վտանգներ բերեցին ժողովրդի ու երկրի գլխին: Եվ ո՞վ կարող է վստահ լինել, որ Արցախն ուրացողը այլ տարածքներ էլ չի ուրանա… Դրա՞ համար է պետք «մանդատի երկարեցումը»:

Է՛լ ավելին, Փաշինյանի նախընտրական ծրագրում, ինչպեսև՝ կառավարության գործունեության ծրագրում (նորմատիվ ակտ է՝ կառավարության որոշմամբ հաստատված) հստակ ընդգծված էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման դրույթը, Արցախի անվտանգության երաշխավորը լինելու պարտավորությունը, որոնք ուղղակիորեն չեն կատարվել Փաշինյանի ու իր կառավարության կողմից:

Ու հիմա, իր իսկ խոստումները դրժած, իր իսկ կառավարության ծրագիրը «գետնի վրա» ոչնչացրած, այդ ամենի համար ոչ մի միլիմետր պատասխանատվություն չկրած, շարունակաբար հրապարակավ կեղծող, մանիպուլացնող (մնացածը չասենք) Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե… ժողովուրդն իր մանդատը երկարեցնելու է:

Ի դեպ, ԵԽԽՎ-ում նախօրեին ունեցած ելույթում էլ Փաշինյանը հայտարարեց, թե «..մի շարք համայնքներում հաղթել են ընդդիմադիր կուսակցություններ, ինչն, ըստ էության, անհնար էր 2018 թվականի հեղափոխությունից առաջ: Հայաստանի քաղաքական կյանքից վերացել է հետընտրական պրոցես հասկացությունը…»:

Սա մի առանձին «կինո» է, իհարկե: Բայց Փաշինյանը լռել է այն մասին (ինչպիսի՜ համեստություն), որ իսկական հետընտրական «պրոցեսները» հենց իր պաշտոնավարման շրջանում են լինում, հենց իր իշխանավարման շրջանում են «մի շարք համայնքներում հաղթած ընդդիմադիրները» ընտրություններից անմիջապես հետո ենթարկվել այլազան հալածանքների՝ բռնաճնշումների, շանտաժի, կալանավորվել են, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, որոշ դեպքերում անտեսվել է ընտրողների քվեն, որոշ դեպքերում՝ նոր ընտրություններ են նշանակվել:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031