Լրահոս
Օրվա լրահոսը

Վերջին տարիներին Հայաստանը չի կարողացել զարգացնել նոր արտահանման ուղղություններ, մնացել է կախված սահմանափակ թվով ապրանքախմբերից, որոնցից շատերը կա՛մ հումքային, կա՛մ էլ արհեստական բնույթ ունեն, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը. «Փաստ»

Հոկտեմբեր 02,2025 10:43

Արտահանման կառուցվածքային վերլուծությունը բացահայտում է խնդրի բարդ և բազմաշերտ բնույթը։ Հունվար-հուլիս ժամանակահատվածի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արտահանման անկումը առավելապես կենտրոնացած է մեկ կոնկրետ ապրանքախմբի շուրջ, որը պայմանականորեն կոչվում է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր», և որը իրականում արտացոլում է ոսկու վերաարտահանման գործառնությունները։ Այս ապրանքախմբի արտահանումը կրել է ահռելի՝ 75,7 տոկոսանոց անկում, իսկ դրա նպաստումը ընդհանուր արտահանման նվազմանը կազմել է 52,1 տոկոսային կետ։ Այս թվերը վկայում են այն մասին, որ Հայաստանի արտահանումը նախորդ տարիներին գերազանցապես կախված է եղել ոսկու վերաարտահանումից, որը, բնականաբար, չէր կարող լինել կայուն և երկարաժամկետ զարգացման հուսալի հենարան։

Երբ այս արհեստական աղբյուրը սպառվում կամ անկում է ապրում, ապա բացահայտվում է տնտեսության իրական արտահանման ներուժը, որը ցավալիորեն թույլ է և ոչ զարգացած։ Սակայն խնդիրը սահմանափակված չէ միայն ոսկու վերաարտահանման կտրուկ նվազմամբ։ Մի շարք այլ կարևոր ապրանքախմբեր նույնպես էական բացասական նպաստում են ունեցել արտահանման ընդհանուր անկմանը։ Օրինակ՝ մեքենաների, սարքավորումների և մեխանիզմների արտահանման նվազումը նույնպես վկայում է ենթակառուցվածքային և արդյունաբերական ներուժի թուլացման մասին, իսկ մանածագործական իրերի և ոչ թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի արտահանման անկումը ցույց է տալիս արտադրական հատվածի խնդիրները։ Այս ապրանքախմբերի ընդհանուր բացասական նպաստումը կազմել է շուրջ 1,2 տոկոսային կետ, ինչը թեև չափով զիջում է ոսկու վերաարտահանման անկման ազդեցությանը, այնուամենայնիվ, նշանակալի է և վկայում է արտահանման բազայի նեղացման մասին։

Միաժամանակ անհրաժեշտ է նկատել, որ որոշակի ապրանքախմբեր դրական դինամիկա են ցուցաբերել, սակայն դրանց դերը ընդհանուր պատկերում մնում է սահմանափակ։

Արտահանման ճշգրտված վերլուծությունը, երբ չեզոքացնում ենք «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքախմբի նպաստման չափը, այսինքն՝ հանում ենք վերաարտահանման արհեստական ազդեցության զգալի մասը, բացահայտում է ավելի խոր և անհանգստացնող իրականություն։ Այս դեպքում արտահանման աճը կազմում է ընդամենը 2,5 տոկոս, որը ցածր ցուցանիշ է ցանկացած չափանիշով և հատկապես մտահոգիչ է՝ հաշվի առնելով բազայի էֆեկտը։ Բազայի էֆեկտը, որը սովորաբար պետք է ապահովեր ավելի նշանակալի աճ նախորդ տարիների ցածր ցուցանիշների համեմատ, չի աշխատում, ինչը հստակ վկայում է արտահանման իրական ներուժի թուլության մասին։ Այսինքն, երկրի արտահանողները չեն կարողանում օգտվել նույնիսկ վիճակագրական հնարավորություններից, որոնք տրվում են ցածր համեմատման բազայի առկայության դեպքում։ Այս պատկերը ոչ միայն բնութագրում է ընթացիկ տարվա մարտահրավերները, այլև փաստում է վերջին տարիներին արտահանման պոտենցիալի համակարգային կորստի փաստը։ Արտահանման պոտենցիալի կորուստը բարդ երևույթ է, որը պայմանավորված է մի շարք փոխկապակցված գործոններով։ Նախ և առաջ՝ դա արտացոլում է երկրի արտադրական բազայի թուլացումը և արդիականացման բացակայությունը։ Վերջին տարիներին Հայաստանը չի կարողացել զարգացնել նոր արտահանման ուղղություններ, որոնք կարող էին փոխարինել հին և սպառված ճյուղերին, և չի ներդրել բավարար ռեսուրսներ արտադրության մոդերնիզացիայի և տեխնոլոգիական արդիականացման ու բազմազանեցման մեջ։ Արդյունքում երկիրը մնացել է կախված սահմանափակ թվով ապրանքախմբերից, որոնցից շատերը կա՛մ հումքային բնույթ են կրում, կա՛մ էլ արհեստական բնույթ ունեն, ինչպիսին է ոսկու վերաարտահանումը։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031