«2023-ի վերջին ամիսներին արձանագրեցինք, որ գերիների խնդիրը մարել է ընդհանուր հայության գիտակցության մեջ։ Պատերազմին հաջորդող շրջանում շատ շարժումներ ստեղծվեցին գերիների ազատ արձակման համար, բայց հաջորդող ամիսներին շարժումները մարեցին։ Գերիների առկայությունը Ադրբեջանում ոչ միայն նրանց ընտանիքների վրա է հոգեբանական ծանր ճնշում գործում, այլև ամբողջ հայության վրա։ Մենք մեզ նվաստացած ենք զգում, երբ տեսնում ենք, որ մեր եղբայրներն ու քույրերը կտտանքների են ենթարկվում, և ոչ մի մարդ չի խոսում այդ մասին»,- «Հայ ռազմագերիների պաշտպանությունը. ինչպես օգնել նախկին գերիներին հաղթահարել հետտրավմատիկ սթրեսային խանգարումները» թեմայով քննարկման ժամանակ ասաց LIBERTAS -ի համակարգող և Իրավունքի ու հակամարտությունների լուծման Կովկաս կենտրոնի նախագահ Հիլդա Չոբոյանը։
Խոսելով իրենց իրականացրած ծրագրի մասին՝ նա ասաց, որ փնտրել ու գտել են յուրաքանչյուր հայ գերու համար մեկ հովանավոր ու մանրամասնեց․ «Ֆրանսիայի քաղաքների համայնքապետերն ընդունեցին այդ հովանավորությունը, և այդ գործունեությունը սկսեցինք։ Մոտ 15-16 գերիներ հովանավորեցինք, հետագայում նաև ՀՀ այցելություններ կազմակերպեցինք։ Առաջինը Լիոնի քաղաքապետն էր, որ հայ գերու հովանավոր եղավ, եկավ, նրա ծնողների հետ հանդիպեց, խնդիրը բարձրաձայնեց, դիմեց իր հովանավորյալ հայ գերու ազատ արձակման համար։ 2023-ից սկսեցինք հավաքական հովանավորություն կազմակերպել նաև Ֆրանսիայի ԱԺ անդամների կողմից»։
Նա մտահոգություն հայտնեց, որ գերությունից ազատված նախկին հայ գերիները մեծ խնդիրների են բախվում․ ոչ միայն հոգեբանական, այլև սոցիալական խնդիրների։ Տեղեկացրեց, որ նաև ծրագիր են սկսել՝ ազատ արձակված գերիների հոգեբանական աջակցության համար։
Կարդացեք նաև
Հարցին՝ ՀՀ կառավարությո՞ւնն ինչ պիտի անի այս խնդիրների լուծման համար, Հիլդա Չոբոյանը պատասխանեց․ «Մենք մեր գործունեությունը ծավալում ենք Ֆրանսիայի խորհրդարանի և կառավարության մակարդակով։ Վերջերս Ֆրանսիայի խորհրդարանի անդամները դիմել էին Ֆրանսիայի ԱԳ նախարարին, որ միջամտեն Ադրբեջանին հայ գերիների ազատ արձակման ուղղությամբ։ Ֆրանսիայի ԱԳ նախարարի պատասխանում մենք տեսանք, որ ձեռքլվացում կա, ասում են, որ ՀՀ իշխանությունները պետք է զբաղվեն այս խնդրով։ Չեն կարող իրենց եղած դիմումներին դրական պատասխան տալ։ Սա կոնկրետ փաստ է, որ եթե ՀՀ իշխանություններն՝ իրենք չդիմեն, մենք՝ որպես Ֆրանսիայի քաղաքացի կդիմենք Ֆրանսիայի ԱԳ նախարարություն, բայց եթե ՀՀ իշխանությունները չբարձրացնեն այս խնդիրը կառավարության մակարդակով, դա տեղ չի հասնի։ Այսինքն՝ չենք կարող հաջողել Ֆրանսիայի կամ այլ երկրի կառավարության կողմից միջամտություններ ապահովելու հարցում»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ