-Մեղավորների բացահայտումը Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ունեցած լիազորությունների և գործիքակազմի շրջանակներում հնարավոր չէ իրացնել։ Այսօր, կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով առողջական խնդիրներով Սյունիք զորակոչված երիտասարդի դեպքի վերաբերյալ լրագրողի հարցին, թե ստացվում է, որ քաղաքացուն տարան բանակ, առողջական վիճակն ավելի վատացավ և նրա բոլոր խնդիրներով պետք է ընտանի՞քը զբաղվի, արդյոք այստեղ պետությունն անելիք չունի՞։
-Դեպքի բացահայտումը կամ պատճառական կապի բացահայտումը մեր կողմից հնարավոր չէ իրականացնել եւ այդ առումով շատ կարեւորում եմ համապատասխան վարույթների իրականացումը։ Բայց այստեղ կուզենամ մի շատ կարեւոր հանգամանքի անդրադառնալ, որն ավելի առանցքային է, քանի որ խնդիրը մի քաղաքացու չէ, որ վերաբերելի է։ Մենք այս առումով պարբերաբար խնդիրների առաջ կանգնում ենք եւ այս տեսանկյունից ես չափազանց կարեւորում եմ, որ մենք կարողանանք նաեւ հետագա բարեփոխումների միջոցով հստակորեն կարգավորել եւ շատ ավելի ճիշտ տրամաբանությամբ կարգավորել այն հիմքերը, որոնց պարագայում անձինք պիտանի չեն լինի զինվորական ծառայության համար։ Սա իմ դիրքորոշումն է, որն ի սկզբանե հրապարակային եմ նաև ներկայացրել, հիմա էլ չեմ փոխել դիրքորոշումս, կարծում եմ, որ նմանատիպ դեպքերում ընդհանրապես անձինք չպետք է զորակոչվեն զինվորական ծառայության։
Ինչ վերաբերում է կոնկրետ դեպքին, եթե անձը չզորացրվեր, ընդ որում, այստեղ մենք էլ շատ ակտիվ մասնակցություն ենք ունեցել, միանշանակ մենք էլ էինք խնդիր տեսնելու եւ արձանագրելու։ Բայց այս պահին այն կարգավորումների պայմաններում, որոնք Հայաստանում են առկա, արդեն զբաղվել անձանց մեղավորության հետ կապված եւ պատճառական կապերը բացահայտելով՝ մենք չենք կարող, որովհետեւ չունենք այդ գործիքը,- ասաց Մանասյանը:
Անդրադառնալով մարդու իրավունքների խախտումների ընդհանուր դեպքերին՝ Մանասյանը շարունակեց. «Ինչպես բոլոր այլ պետություններում, Հայաստանում եւս տարբեր ոլորտներում մարդու իրավունքների խախտումներ միանշանակ արձանագրվում են եւ շատ կարեւոր է ուշադրություն դարձնել տարատեսակ ոլորտներում իրավունքների պաշտպանությունը պատշաճ իրացնելու գործընթացին:
Կարդացեք նաև
Եթե քաղաքացիները կոնկրետ հարցերի հետ կապված, որտեղ համարում են, որ իրենց իրավունքների խախտումներին առնչվող հարցեր կան, եւ մենք էլ այդ հարցում ունենք մանդատ, միայն ուրախությամբ կլսեմ իրենց եւ կփորձեմ հարցերը հասցեավորել։ Հատուկ արձանագրեմ, որ նաեւ վերջին շրջանում, այդ թվում պատերազմի մասնակից քաղաքացիների, նրանց բնակարանային ապահովման եւ այլ հարցերի հետ կապված, ես ինքս բավականին շատ դիրքորոշումներ եմ ոչ միայն ներկայացրել, այլ նաեւ ապագայում պատրաստվում եմ հրապարակային եղանակով նույն դիրքորոշումները ներկայացնել, այդ թվում՝ վերաբերելի թե՛ իրավակարգավորումներին, թե՛ դրանց կիրառման խնդրահարույց պրակտիկային, որը շատ երկար տարիների ընթացքում մենք ունեցել ենք»:
Հարցին՝ ի վերջո, պարզվե՞ց, 2024–ի հունիսի 12–ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների նկատմամբ «Զարյա 3» հատուկ միջոցը կիրառվե՞լ է, թե՞ ոչ, Մանասյանը պատասխանեց. «Ես այս հարցի հետ կապված հիմնական բանը, որ ունեմ ասելու եւ շատ կարեւորում եմ, որպես հրապարակային ասելիք, այն է, որ նմանատիպ դեպքերով այն հիմնական իրավասու մարմինները, որոնք պետք է քննություն իրականացնեն, պիտի դա անեն շատ արագ, անհապաղ ձևաչափով եւ պատշաճ հանրային հաղորդակցությամբ։
Եթե մինչեւ հիմա մեր բոլորի մոտ նման հարցեր են մնում, նշանակում է այս սկզբունքների դիտանկյունից առնվազն մենք ունենք խնդիրներ։ Եվ հաստատ այն հաստատությունները, մարմինները եւ այն շահագրգիռ անձինք չէ, որոնք չունեն էլ իրավասություն նշված գործերով որեւէ ապացույց ձեռք բերելու կամ որեւէ ճշմարտություն բացահայտելու, մենք չէ, որ պիտի դրա վերաբերյալ խոսենք, այլ իրականում պիտի ստանանք պատշաճ տեղեկատվություն եւ դրա քննության արդյունքում ստացված տվյալների հիման վրա կարողանանք անել եզրահանգումներ։ Եթե մինչեւ հիմա խոսում ենք այս առնչությամբ, նշանակում է կան խնդիրներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ