Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ

Ապրիլ 04,2026 14:41 Share

Ապրիլի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։

Քրեակատարողական հիմնարկի պետ Խաչիկ Հարությունյանի և Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչների ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել հիմնարկի տարածքում, ուսումնասիրել ազատությունից զրկված անձանց պահման պայմանները: Պաշտպանն այցելել է նաև խցեր, զրուցել ազատությունից զրկված անձանց հետ, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերն ու խնդիրները։

Անահիտ Մանասյանը ծանոթացել է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմաններին:

Ազատությունից զրկված անձանց կողմից բարձրացված խնդիրները մանրամասն վերլուծվելու են Պաշտպանի կողմից, համապատասխան առաջարկներ կներկայացվեն իրավասու մարմիններին:

Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:

Պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:

Ինչպես ազատությունից զրկված անձանց հարազատների, այնպես էլ քրեակատարողական ծառայողների աշխատանքային պայմանների տեսանկյունից կարևոր է քրեակատարողական հիմնարկներ տանող ճանապարհների բարվոք վիճակն ու հանրային տրանսպորտի հասանելիությունը: Այս առումով առկա են խնդիրներ, որոնց իրավասու մարմինները պետք է ցուցաբերեն պատշաճ ուշադրություն:

Քրեակատարողական հիմնարկներ և ազատությունից զրկման այլ վայրեր Մարդու իրավունքների պաշտպանի այցերը կրում են շարունակական բնույթ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930