ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկել և ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից ներկայացված «Կիբեռանվտանգության մասին», «Հանրային տեղեկությունների մասին», «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։
Օրինագծերին կողմ է քվեարկել 70 պատգամավոր, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 5:
ԱԺ սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 1-ի լիագումար նիստերում օրենքների փաթեթը ներկայացրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նախարարն ընդգծել է, որ 2021-2026թթ. ՀՀ կառավարության ծրագրով հանձնառություն էր ստանձնվել օրենսդրական ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնել՝ ուղղված Հայաստանում կիբեռանվտանգության բարձրացմանն ու որակյալ հանրային տվյալների հասանելիությանն, ուստի՝ օրենքների նախագծերի այս փաթեթը գալիս է հիմնարար լուծումներ առաջարկելու կիբեռպաշտպանության ուղղությամբ կարողությունների բարձրացմանը և քաղաքացիներին որակյալ թվային հանրային ծառայությունների մատուցմանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով նախագծերի փաթեթում ներկայացված օրենքներին՝ Մխիթար Հայրապետյանը մանրամասնել է յուրաքանչյուրի կարգավորման առարկան, նպատակն ու կարևորությունը։
Ներկայացնելով «Կիբեռանվտանգության մասին» օրենքը՝ նախարարը նշել է, որ դրա հիմքում դրված է թե´ պետական կառավարման համակարգում և թե´ մասնավոր հատվածում կիբեռանվտանգության համապատասխան միջազգային ստանդարտներին ու չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքների և կիբեռանվտանգության ծառայությունների ապահովման համակարգի ներդրում։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սա զգալի ներդումներ է ենթադրում նաև մասնավոր հատվածի համար, առաջին փուլով առաջարկում ենք դիտարկել միայն կենսական նշանակության ոլորտների կրիտիկակական տեղեկատվական ենթակառուցվածքներում և տեղեկատվական համակարգերում բավարար կիբեռանվտանգության մակարդակի ապահովում»-, ասել է նա։
Նախարարի խոսքով՝ երկրի կիբեռպաշտպանությունը, քաղաքացիական ենթակառուցվածքների կիբեռանվտանգությունը կարևորագույն առաջնահրթություն են Կառավարության համար: Նոր ձևավորվող կառույցը կատարելու է կիբեռանվտանգության գործառնությունների կենտրոնի գործառույթներ (SOC)․ 24/7 ռեժիմով մշտադիտարկելու և հսկելու է տեղեկատվական համակարգերը, հայտնաբերելու է սպառնալիքները և իրականացնելու է անվտանգության միջոցառումներ՝ պաշտպանելով ամբողջ պետական ապարատի կիբեռանվտանգությունը։
Անդրադառնալով «Հանրային տեղեկությունների մասին» օրենքին՝ նախարարը նշել է, որ դրանով ուրվագծվում է պետական թվային ճարտարապետությունը և ներդրվում է տվյալների կառավարման նոր քաղաքականություն:
«Ճշգրիտ և ամբողջական տվյալները կենսական նշանակություն ունեն թվային վերափոխման հայեցակարգի համատեքստում և ընդհանրապես ամբողջ աշխարհում։ Այն երկրները, որոնք թվայնացվում են, դրան զուգընթաց մեծանում են նաև կիբեռանվտանգային ռիսկերը և այստեղ հիմնարար նշանակություն ունեն տվյալների ճիշտ կառավարումը։ Ներկայում տվյալների հետ մեր վարվեցողությունը՝ տվյալների պահուստավորումը, դրանց մշակումը, հասանելիությունը և ճշգրիտ օգտագործումը որակապես չի բավարարում մեզ և համարում ենք, որ այստեղ պետք է լինեն հստակ ստանդարտներ։ Այս օրենսդրությամբ գալիս ենք առաջարկելու տվյալների հավաքագրման «մեկանգամյա» սկզբունքը։ Սա նշանակում է, որ օրենքը կիրարկելու արդյունքում այլևս մեր քաղաքացիներից ամբողջ կյանքի ընթացքում միայն մեկ անգամ ենք պահանջելու կոնկրետ տվյալ»,- նշել է նախարարը։
Նախարար Հայրապետյանն իր խոսքում կարևորել է, որ տվյալների մասով բավականաչափ քաղաքացիակենտրոն օրենսդրություն է առաջարկվում: Ունենալով կենտրոնացված քաղաքականություն՝ քաղաքացիների տվյալների վերաբերյալ, զգալիորեն նվազում է կիբեռհարձակումներ գործելու գրավչությունն այդ տվյալների նկատմամբ: Ըստ նախարարի՝ մեկ բան է ունենալ կենտրոնացված, պաշտպանված համակարգ, մեկ այլ բան է, որ մարդկանց նույն տվյալներն առկա լինեն տասնյակ գերատեսչություններում և ցանկացած տվյալի նկատմամբ որևէ ոտնձգության և արտահոսքի դեպքում անհնարին դառնա պետության կողմից դրանց հուսալի պաշտպանությունը։ Վերը նշվածով պայմանավորված՝ այս օրենսդրական փաթեթի ընդունումն իրապես հրամայական է։
Ներկայացնելով «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» նախագիծը՝ նախարարը նշել է, որ ՀՀ ազգային ժողովին առաջարկվում է ստեղծել նոր մարմին՝ Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմին, որը գործելու է ինքնավար մարմնի կարգավիճակով, ունենալու է 5 անդամ, ովքեր ընտրվելու են խորհրդարանի կողմից։
«Սրանով հիմնարար խնդիր է լուծվում։ Նախ արաձանագրում ենք, որ կարևորություն ենք հաղորդում այս կառույցին, ստեղծում ենք ինքնավար, ապաքաղաքականցված մարմին, որտեղ պետք է կենտրոնացնենք լրջագույն, բարձր որակավորում, մասնագիտական կարողունակություններ ունեցող մասնագետներ և փորձագետներ», – ասել է նախարարը՝ հավելելով, որ նոր ստեղծվող կառույցը կենսական նշանակության խնդիրներ է լուծելու պետության համար՝ ռազմավարական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների ու ոլորտների պաշտպանությունը պատշաճ ապահովելու տեսանկյունից։
Օրենքների փաթեթի շուրջ պատգամավորները հարցեր են ուղղել նախարարին, որոնց տրվել են հանգամանալից պատասխաններ։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն