Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերադարձած գերիներին շատ դեպքերում դիտարկում են՝ որպես թշնամի, խորթ, անցանկալի շերտ․ նրանցից շատերը որոշել են հեռանալ երկրից»․ Խաչատուր Գասպարյան

Հոկտեմբեր 02,2025 15:24

«Գերիների հետ ունեցած մեր հանդիպումները՝ ինչպես խմբային, այնպես էլ անհատական ձևաչափով, ցույց են տալիս, որ մեր հասարակության մեջ մի տեսակ խարանավորված վերաբերմունք կա գերիների նկատմամբ։ Նրանց ավելի դիտարկում են որպես հասարակության, հայրենիքի համար թշնամի, խորթ, անցանկալի շերտ։ Իհարկե, ոչ բոլորը, բայց այդպիսի երևույթ կա»,-«Հայ ռազմագերիների պաշտպանությունը. ինչպես օգնել նախկին գերիներին հաղթահարել հետտրավմատիկ սթրեսային խանգարումները» թեմայով քննարկման ժամանակ ահազանգեց «Ինթրա» հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն Խաչատուր Գասպարյանը։

Նա հայտնեց՝ այս պահին Կարմիր խաչի հետ համատեղ աշխատում են անհատական որոշ դեպքերի վրա և փորձում իրականացնել վերադարձած գերիների հոգեբանական իրողության գնահատում։ Տեղեկացրեց, որ երեկվա դրությամբ մոտ 40 գերիների այցելել են, իրականացրել ընտանիքների հոգեբանական գնահատում։

Ըստ նրա՝ այնպես, ինչպես մտահոգված ենք Բաքվում գտնվող 23 անձանց վերաբերյալ, այդ տրամադրությունը պետք է շարունակվի նաև մեր հասարակության մեջ, երբ նրանք վերադառնում են․ ամեն կերպ փորձենք աջակցել, օգնել։ Այնուհետև մտահոգություն հայտնեց․ «Մենք ունենք մեծ թվով անձինք, որոնք, այնուամենայնիվ, որոշել են հեռանալ երկրից, քանի որ այստեղ նրանց համար նպաստավոր հոգեվիճակ կամ սոցիալական մթնոլորտ ստեղծված չէ»։

Խաչատուր Գասպարյանը նշեց, որ գերությունից վերադարձած անձանց հոգեբանական աջակցությունն այս պահին չի հայտնվել պետության հոգածության շրջանակում․ «Պետք է նաև նրան առողջական խնդիրների մասին լուրջ մտածենք։ Շատ անգամ նրանք գերի են ընկել ոչ իրենց սեփական սխալի հետևանքով․ իրավիճակային է եղել, և յուրաքանչյուր գերի ունի իր կյանքի պատմության շեշտադրումները։ Մենք ազգովի կարող ենք մտածել նրանց աջակցելու մասին, ոչ թե մեղադրելու, թե ինչու եք գերի ընկել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031