Լրահոս
Օրվա լրահոսը

Անհետ կորածների, ռազմագերիների ընտանիքների, գերեվարվածների, պատերազմից տուժածների համար ընթանում է հոգեբանական անվճար աջակցության ծրագիր

Հուլիս 28,2021 14:09

Արտակարգ իրավիճակների նախարարությունում ընթանում է հոգեբանական աջակցության ծրագիր, այն, ըստ էության առաջին փորձն է Հայաստանում։

Անդրանիկ Հակոբյան

Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում արտակարգ իրավիճակների նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանն ասաց, որ կառավարությունը որոշեց նման ծրագիր իրականացնել` ելնելով պատերազմական իրավիճակից կամ հետպատերազմյան շրջանում հանրության վրա հոգեբանական ազդեցություններից, անկումային տրամադրություններից։

Այս ծրագրի համար կառավարությունը պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացրել է 100 միլիոն դրամ՝ հոգեբանական վերականգնման ծառայություն ստանալու համար: Ծրագրի իրականացման համար մրցույթ է հայտարարվել, այն շահել է Սեդա Ղազարյանի անվան հոգեկան առողջության հիմնադրամը, որը փոխադարձ համաձայնության պայմանագրով աշխատում է հոգեբանական այլ կազմակերպությունների հետ:

Ծրագրի շրջանակներում 8 հոգեբանական կազմակերպությունների 60-ից ավելի որակավորված հոգեբաններ են ներգրավվել: «Մինչեւ ծրագրի մեկնարկը ԱԻՆ-ի համապատասխան մասնագետները եւս աշխատել են բնակչության հետ։ Նախարարությունը հարյուրավոր զանգեր է ստացել, եւ սեփական վերլուծությամբ նախարարության հոգեբանները հասկացել էին, որ բավականին խոցելի լայն շերտեր ունենք»,- ասաց Անդրանիկ Հակոբյանը:

Արտակ Գրիգորյան

Ասուլիսի մեկ այլ բանախոս, ԱԻՆ հոգեբանական աջակցության ծրագրի ղեկավար Արտակ Գրիգորյանն էլ ասաց՝ ծրագրի համապատասխան թիրախային խմբեր են անհետ կորածների եւ ռազմագերիների ընտանիքի անդամները, պատերազմի ընթացքում գերեվարված զինծառայողները եւ նրանց ընտանիքի անդամները, պատերազմական գործողությունների ժամանակ վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողները, պատերազմին մասնակցած զինծառայողները, կամավորականները, տեղահանվածները։ Ըստ պարոն Գրիգորյանի, ցանկացած քաղաքացի կարող է դիմել հոգեբանական ծառայությանը թեժ գծի միջոցով, իսկ վերը նշված թիրախային խմբի անձինք անմիջական ծառայության շահառու են։

Ծրագրի շրջանակներում, ինչպես ասաց պարոն Գրիգորյանը, նշված թիրախային խմբերի անձինք ստանում են անհատական իրականացվող հոգեթերապիա, հոգեբանական աջակցություն, խմբային հոգեբանական աջակցություն, մատուցվում են նաեւ հոգեբանների շարժական խմբերի ծառայություններ, ինչը հնարավորություն է տալիս հոգեբաններին այցելել հեռավոր մարզեր, նաեւ իրականացվում են առցանց, հեռախոսային հոգեբանական ծառայություններ:

Նախաձեռնությունը հիմնականում հոգեբաններինն է լինում, նրանք փորձում են հայտնաբերել շահառուներին եւ աշխատել նրանց հետ:
Արդեն 700-ից ավելի շահառուներ ստանում են հոգեբանական ծառայություններ։

Խաչատուր Գասպարյան

Ասուլիսի մեկ այլ մասնակցի, ԵՊԲՀ-ի բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի ներկայացմամբ՝ ոչ միայն Հայաստանում, նաեւ եվրոպական շատ զարգացած երկրներում շատերը հապաղում են դիմել հոգեբանի, երբեմն դրա համար անհրաժեշտ են նախադրյալներ, օրինակ՝ հարազատների խնդրանքով, մասնագետների որոշակի խորհրդատվությամբ․ «Շատ դեպքերում, եթե մեզ անհանգստացնում է կոնկրետ մարմնական ցավ, հիվանդություն, մենք գնում ենք բժշկի, իսկ եթե մենք ունենում ենք հոգեկան առողջության խնդիրներ, հաճախ կարծում ենք, որ ինքներս կարող ենք լուծել այդ խնդիրները։ Դրա պատճառներից մեկն այն է, որ 70-80% դեպքերում, իսկապես, մեր հարցերը կարգավորում ենք ինքնուրույն։ Սակայն 20-25% դեպքերում՝ առանց մասնագիտական միջամտության խնդիրները բարդանում են եւ աստիճանաբար կարող են խանգարել ոչ միայն անձին, այլեւ նրա շրջապատի մարդկանց եւ հասարակությանը»:

Խաչատուր Գասպարյանն ասաց, քանի որ սոցիալական աշխատողն է զանգահարում շահառուներին եւ տեղեկացնում, որ նման ծառայություն է ստեղծվել, խնդրի դեպքում կարող են դիմել, օրեր առաջ սոցաշխատողից պարզել է՝ 34 զանգից 6 անձ է ցանկություն հայտնել դիմելու ծառայությանը․«Կան դեպքեր, որ պարզվել է անձինք դեռեւս ծառայության մեջ են, կամ պայմանագրային զինծառայող են, հայտնվել են թիրախային խմբի մեջ, որովհետեւ վիրավորում են ստացել, եղել են հիվանդանոցում, վերականգնվել ու վերադարձել են ծառայության»։ Պարոն Գասպարյանը վստահեցրեց՝ աստիճանաբար թափ է հավաքում ծրագիրը, ամեն շաբաթ շահառուների քանակն ավելանում է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031