Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորական կայազորային քննչական բաժինները, իրենց պարտականությունները թողած, զբաղվում են լրագրող Լիլիթ Աղեկյանի դեմ նոր գործ կարելով. Զարուհի Փոստանջյան

Հոկտեմբեր 02,2025 15:52

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում շարունակական բռնաճնշումների մասին

Րոպեներ առաջ տեղեկացա, որ ՀՀ Շիրակի մարզի քննչական կառույցները կրկին լծվել են Լիլիթ Աղեկյանի նկատմամբ նոր քաղաքական հետապնդման ալիք սանձազերծելու գործին։ Պարզվում է՝ Լիլիթ Աղեկյանը պետք է ներկայանա այսօր՝ 2025 թվականի հոկտեմբերի 2-ին, ժամը 17:00-ին, ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժին՝ իր նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում հարուցելու հիմքով, նրան նոր մեղադրանք առաջադրելու նպատակով։

Քննիչը Լիլիթ Աղեկյանին տեղեկացրել է, որ նրան պետք է մեղադրանք առաջադրի ավելի ծանր հոդվածով։

Լիլիթ Աղեկյանի նկատմամբ ամիսներ առաջ հարուցված հանրային քրեական հետապնդումը, որով նրան կալանավորել էին և մեկ ամիս պահել էին անազատության մեջ, պետք է վաղուց դադարեցված լիներ, քանի որ այդ մեղադրանքը ոչ ծանր հանցագործությունների տեսակին էր պատկանում։ Այսինքն՝ օրենքով սահմանված երեք ամիսը, որի ընթացքում պետք է իրականացվեր հանրային քրեական հետապնդումը, վաղուց անցել է։

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան, հասկանալի է, որ փորձ չունեք։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյան, հասկանալի է, որ Դուք նույնպես անփորձ եք։ Բայց գրել-կարդալ գոնե գիտեք։ Կարդացեք ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքն ու ՀՀ քրեական օրենսգիրքը և մի պահ ինքներդ Ձեզ հաշվետվություն տվեք՝ ի՞նչ եք անում։

Ձեր ապօրինի որոշումները արձանագրվում և արխիվացվում են։ Յուրաքանչյուր ապօրինի որոշում ստանալու է իր պատասխանը։

ՀՀ Շիրակի մարզի դատախազ Ա. Չիչոյանի վերադասությամբ 2023 թվականին նախաձեռնված շինծու և մի տեղ պահված քրեական վարույթով, կրկին իրականացնելով բռնաճնշման փորձ՝ Լիլիթ Աղեկյանի դեմ նոր մեղադրանք ներկայացնելով, այն էլ՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 10-րդ կայազորային քննչական բաժնի քննիչի կողմից, ակնհայտ է դառնում պետական համակարգի խայտառակ, լուծարված պատկերը։

Զինվորական կայազորային քննչական բաժինները, իրենց պարտականությունները թողած, զբաղվում են լրագրող Լիլիթ Աղեկյանի դեմ նոր գործ կարելով։ Փաստորեն, ՀՀ դատախազությունն ու ՀՀ քննչական կոմիտեն պետք է փոխեն իրենց ցուցանակները և մեզ հայտնեն, որ դարձել են թուրքական կարի արտադրամասեր, որոնք «կարում են» միայն թուրքական շուկայի համար պահանջվող գործեր։

Լիլիթ Աղեկյանի պաշտպան՝ Զարուհի Փոստանջյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031