Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի գրասենյակի և ԴԻԱԼՈԳ ՀԿ-ի համատեղ մատենաշարի շրջանակներում լույս է տեսել «Արցախյան հրաշապատումներ» գրքույկը, որտեղ նկարագրվող հնօրյա և նորօրյա հրաշագործ պատմությունները վկայում են, որ Քրիստոնյա աշխարհի համար Հիսուս Քրիստոսի` շուրջ 2000 և ավելի տարիներ առաջ կատարած հրաշքները աստվածհայտնության ու աստվածային փրկագործության յուրահատուկ դրսևորումներ են եղել, ինչպես հին ժամանակներում, այնպես էլ՝ այսօր։
Հրաշքը` ապշեցուցիչ, արտասովորությամբ բացառիկ, ինչ-որ բան է, ինչը մշտապես եղել է Աստծո անսահման սիրո դրսևորումն ու ապացույցը մարդու հանդեպ: Այս առումով, գրքույկում նկարագրվող Արցախի սրբատեղիների, մատուռների և եկեղեցիների շուրջ հյուսված սրբապատումները, հայ մատենագիրների սրբազան ավանդազրույցներն ու Արցախյան ողբերգական իրադարձությունների ընթացքում առանձին մարդկանց հետ կատարված հրաշագործությունները բացառություն չեն (օրինակ` «Տեսիլքը Քարին տակում», «Մանկան հրաշքը», երբ ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայրը հանկարծ պատվում է մառախուղով և թշնամու ռմբակոծությունից փրկվում է` հավատացյալ համայնքի աղոթքով, իսկ Շահումյանի շրջանի հայաթափման ժամանակ անզգուշորեն մոր գրկից Թարթառ գետն ընկած երեխան փրկվում է` Մարիամ Աստվածածնի տեսիլքով և այլն):
Աստված հավիտենական է և միայն հավատացողը գիտի, որ Աստծո գործած հրաշքները ծնվում են հավատքից` անկախ ժամանակից ու տարածությունից, զորօրինակ, անսպասելի բուժում` որևէ անբուժելի հիվանդությունից, անսպասելի ելք` անելանելի վիճակից, ինչն էլ հանգում է սրբազնացված և ընդգծված զգացմունքային հոգեվիճակի` աստվածահաճո վարձատրության դիմաց:
Այսօր, ավելի քան երբևէ, երբ մեր ժողովուրդն ապրում է հրաշքներ տեսնելու մշտատև ակնկալությամբ, աստվածային ուժի միջամտությանն ապավինելն ընկալվում է որպես ամենազորեղ հրաշք, միայն թե կարողանանք արժանի լինել դրան. «Գնա՛, և ինչպես հավատացիր, այնպես թող լինի քեզ» (Մատթ. Ը 13):
«Արցախյան հրաշապատումներ» գրքույկն, իհարկե, չի հավակնում ակադեմիական աշխատանքների համար ներկայացվող պահանջների բավարարմանը, սակայն գրքույկում նկարագրվող հրաշագործությունները վկայում են հրաշքի նկատմամբ աստվածային զորության հավատի մասին, որը հատելով մարդկային մտքի, տրամաբանության և ըմբռնման սահմանագիծը՝ կենցաղավարում է իր նորօրյա դրսևորումներով, քանի որ մարդկությունը շարունակում է իր կյանքն ապրել աչքերի համար տեսանելի հրաշքներ փնտրելով։
Արցախյան հրաշապատումներ, կազմ. Էդվարդ սարկավագ Քեշիշյան, Մելանյա Բալայան, Երևան, Էդիտ Փրինտ, 2025, 68 էջ:
Monument Watch. «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ակադեմիական հարթակ